Bible

Upgrade

Your Church Presentations in Minutes

Try RisenMedia.io Today!

Click Here

Jeremiah 14

:
Armenian - NEA
1 Տիրոջ խոսքը, որ նա ասաց Երեմիային երաշտի մասին.
2 «Սուգ մտավ Հուդայի երկիր, նրա դռները մնացին թափուր, խավարեցին երկրի վրա, և Երուսաղեմի աղաղակը բարձրացավ։
3 Նրանց մեծամեծներն իրենց երիտասարդներին ջրի ուղարկեցին. նրանք եկան ջրհորները և ջուր չգտան. իրենց ամանները դատարկ հետ բերեցին։ Ամաչեցին ու ամոթահար ծածկեցին իրենց գլուխները։
4 Երկրագործությունը դադարեց, որովհետև հողն առանց անձրևի մնաց. մշակներն ամոթահար եղան, ծածկեցին իրենց գլուխները։
5 Հանդում եղնիկները ձագ ծնեցին, սակայն թողեցին իրենց ձագերին, որովհետև բուսականություն չկար.
6 ցիռերը դաշտերում վիշապների պես օդ ծծեցին, նրանց աչքերը տկարացան, որովհետև խոտ չկար»։
7 Թեպետ մեր մեղքերը կանգնեցին մեր դեմ, բայց դու, Տե՛ր, վարվի՛ր հանուն քո անվան։ Բազում են մեր մեղքերը քո առաջ. մեղք ենք գործել քո հանդեպ,
8 ո՛վ հույսդ Իսրայելի։ Տե՛ր, նեղության ժամին փրկի՛ր մեզ։ Ինչո՞ւ երկրի վրա պանդուխտի պես եղար կամ երկրի մի բնակչի պես, որ իր իջևանն է վերադառնում։
9 Մի՞թե դու քնած մի մարդ ես, կամ մի այր, որ զուրկ է փրկելու կարողությունից։ Բայց դու, Տե՛ր, մեր մեջ ես, և քո անունը դրված է մեզ վրա, մի՛ մոռացիր մեզ։
10 Այսպես է ասում Տերն այդ ժողովրդին. «Այդպես սիրեցին նրանք թափառել ու իրենց չխնայեցին»։ Եվ Աստված բարեհաճ չեղավ նրանց հանդեպ. այժմ պիտի հիշի նրանց անիրավությունները և պիտի այցելի նրանց իրենց մեղքերի համար։
11 Տերն ինձ ասում է. «Այն ժողովրդին բարիք անելու համար մի՛ աղոթիր։
12 Եթե ծոմ պահեն, չեմ լսելու նրանց խնդրանքները. եթե ողջակեզներ ու զոհեր մատուցեն, դրան հաճություն ցույց չեմ տալու. սրով, սովով ու մահով պիտի սպառեմ նրանց»։
13 Իսկ ես ասում եմ. «Ո՛վ Տեր, ահա մարգարեներն ասում են նրանց, թե՝ “Սուր չեք տեսնելու, սով չի լինելու ձեր մեջ, քանզի ճշմարտություն ու խաղաղություն պիտի շնորհվեն երկրի և այդ տեղի վրա”»։
14 Տերն ինձ ասում է. «Մարգարեներն իմ անունով սուտ մարգարեություն են անում. ես ո՛չ ուղարկել եմ նրանց, ո՛չ պատվեր եմ տվել նրանց, ո՛չ էլ խոսել եմ նրանց հետ. նրանք ձեզ մարգարեանում են սուտ տեսիլներ, սնոտի գուշակություններ ու հմայություններ և իրենց սրտի ցանկությունները»։
15 Դրա համար Տերն այսպես է ասում մարգարեների մասին. «Նրանք մարգարեություն են անում իմ անունով, բայց ես չեմ ուղարկել նրանց, ոչ էլ պատվիրել եմ նրանց, որ ասեն. “Սուր ու սով չպիտի լինի այս երկրում”։ Մահվան քայքայիչ հիվանդությամբ և սրով ու սովով պիտի ոչնչանան այդ մարգարեները,
16 նաև այն ժողովուրդը, որի համար նրանք մարգարեանում են. նրանք սրից ու սովից ընկած պիտի մնան Երուսաղեմի ճանապարհներին, թե՛ նրանք, թե՛ նրանց կանայք և թե՛ նրանց որդիներն ու դուստրերը, և նրանց թաղող չպիտի լինի. իրենց չարությունն իրենց վրա պիտի թափեմ։
17 Նրանց կասես նաև այս խոսքը. “Զոր ու գիշեր ձեր աչքերից արտասո՛ւք թափեք, և թող վերջ չլինի դրան, քանզի իմ ժողովրդի կույս աղջիկը մեծ կոտորածի, ամենացավագին հարվածների ենթարկվեց։
18 Դաշտ եմ դուրս գալիս, և ահա սրից վիրավորվածներ, քաղաք եմ մտնում, և ահա սովից տանջվողներ, որովհետև մարգարեն ու քահանան գնացին իրենց չճանաչած երկիրը”»։
19 Մի՞թե իսպառ երես թեքեցիր Հուդայից, կամ նրանից բոլորովին հեռացա՞վ քո հոգին. ինչո՞ւ այնպես հարվածեցիր մեզ, որ բժշկություն չլինի մեզ համար։ Խաղաղություն ակնկալեցինք, բայց բարի բան չկատարվեց, սպասեցինք բժշկության ժամին, բայց ահա խռովություն եղավ։
20 Տե՛ր, գիտակցեցինք մեր մեղքերը և մեր հայրերի անիրավությունները, քանզի մեղք գործեցինք քո առաջ։
21 Քո անվան համար մեղմի՛ր բարկությունդ, կորստյան մի՛ մատնիր քո փառքի աթոռը. հիշի՛ր, մի՛ խզիր քո ուխտը, որ կապել ես մեզ հետ։
22 Հեթանոսական կուռքերի մեջ կա՞ արդյոք մի կուռք, որ անձրև բերի, կամ թե երկի՞նքն է անձրև տեղացնում. այդ անողը մի՞թե դու ինքդ չես, ո՛վ Տեր՝ Աստված մեր, և մենք քեզ վրա ենք դնում մեր հույսը, քանզի դու ես այդ ամենը կատարում։