1Այսպես է ասում Տերը. «Գնա՛, քեզ համար ձե՛ռք բեր կտավե գոտի, փաթաթի՛ր մեջքիդ, բայց ջրի միջով չանցնես»։
2Հետևելով Տիրոջ խոսքին՝ ես ձեռք բերեցի մի գոտի ու փաթաթեցի մեջքիս։
3Տերը, խոսքը կրկին ինձ ուղղելով, ասաց.
4«Այդ գոտին, որ ձեռք բերեցիր, հանի՛ր քո մեջքից, վեր կաց գնա՛ Եփրատի ափը և դա թաքցրո՛ւ այնտեղ՝ ժայռի խոռոչում»։
5Ես գնացի և այն թաքցրի Եփրատի ափին, ինչպես պատվիրել էր ինձ Տերը։
6Եվ ահա շատ օրեր անց Տերն ինձ ասաց. «Վեր կաց գնա՛ Եփրատի ափը և վերցրո՛ւ այն գոտին, որը հրամայեցի քեզ այնտեղ թաքցնել»։
7Գնացի Եփրատ գետի ափը, փորեցի և վերցրի գոտին այնտեղից, որտեղ այն թաղել էի. բայց ահա գոտին փտել էր և ոչ մի բանի պիտանի չէր։
8Տերը, խոսքն ինձ ուղղելով, ասաց.
9այսպես է ասում Տերը. «Այդպես էլ ապականելու եմ Հուդայի հպարտությունը և Երուսաղեմի հպարտությունը,
10քաղաքն ու իմ չար ժողովրդին, որոնք չէին ուզում ականջ դնել իմ խոսքերին, որոնք գնում են իրենց չար սրտերի ցանկությամբ, ընթանում են օտար աստվածների հետևից, որպեսզի ծառայեն նրանց և երկրպագեն. նրանք պիտի դառնան այդ գոտու պես, որը ոչ մի բանի պիտանի չէ։
11Ինչպես որ գոտին պատում է մարդու մեջքը, այդպես իմ շուրջը պատեցի Իսրայելի ամբողջ տունը և Հուդայի ամբողջ տունը,- ասում է Տերը,- որպեսզի նրանք ինձ համար դառնան անվանի ժողովուրդ և պարծանք ու փառք. բայց նրանք չլսեցին ինձ»։
12«Այդ ժողովրդին կհայտնես այդ պատգամը. այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ամեն տիկ գինով պետք է լցվի։ Եվ եթե այնպես լինի, որ քեզ ասեն. “Մի՞թե մենք չենք հասկանում ու չգիտենք, որ ամեն մի տիկ գինով պիտի լցվի”,
13ապա կասես նրանց. այսպես է ասում Տերը. “Ահա ես պիտի լցնեմ ու հարբեցնեմ այդ երկրի բոլոր բնակիչներին և թագավորներին՝ Դավթի որդիներին, որոնք նստում են նրա աթոռին, քահանաներին ու մարգարեներին, Հուդայի ու Երուսաղեմի բոլոր բնակիչներին։
14Ցրելու եմ դրանց՝ մարդուն իր եղբոր, հորն իր զավակների հետ,- ասում է Տերը.- չեմ գթալու և չեմ խնայելու, առանց ողորմելու բնաջնջելու եմ դրանց”»։
15Լսե՛ք, ունկնդի՛ր եղեք և մի՛ հպարտացեք, քանզի Տերը խոսեց։
16Տիրոջը՝ ձեր Աստծուն, փա՛ռք տվեք, քանի դեռ խավարը չի պատել, և ձեր ոտքերը խավար լեռների վրա չեն սայթաքել։ Լույս պիտի ակնկալեք, իսկ այնտեղ մահվան ստվերներ են. ձեզ դնելու են խավարի մեջ։
17Եվ եթե չլսեք նրան, ձեր հոգու խորքում լաց պիտի լինեք թշնամիների երեսից, արցունքը պիտի խեղդի ձեզ, ձեր աչքերից արտասուք պիտի թափվի, որովհետև կործանվեց Տիրոջ հոտը։
18Թագավորին ու բռնացող իշխաններին ասացե՛ք. «Խոնարհվե՛ք ու գետնի՛ն նստեք, քանի որ ձեր փառքի պսակն ընկավ ձեր գլուխներից։
19Հարավի կողմի քաղաքները փակվեցին, և ոչ ոք չկա, որ բաց անի. Հուդան գերվեց ամբողջական գերությամբ՝ կատարելապես հատուցելով»։
20«Բարձրացրո՛ւ քո աչքերը, Երուսաղե՛մ, և նայի՛ր հյուսիսից հարձակվողներին. ո՞ւր է այն հոտը, որ տրվեց քեզ, քո փառավոր ոչխարներն ո՞ւր են։
21Երբ քեզնից պահանջեն, այն ժամանակ ի՞նչ պատասխան ես տալու. դու ինքդ սովորեցրիր նրանց, որ իշխեն քեզ վրա։ Մի՞թե երկունքի ցավերը չեն բռնելու քեզ, ինչպես ծննդկան կնոջը։
22Եվ եթե քո սրտում ասես՝ “Ինչո՞ւ այս բանը պատահեց ինձ հետ”, ապա դա եղավ քո բազում անիրավությունների պատճառով, քանի որ քո կրունկները բացվեցին քո հետևից՝ խայտառակելով քեզ։
23Թե որ հնդիկը փոխի իր մաշկը, ընձառյուծը՝ իր պուտերը, դուք էլ կկարողանաք բարություն անել, դուք, որ սովորել եք չարիք գործել։
24Ես ցրելու եմ նրանց՝ անապատում հողմակոծ խռիվի նման։
25Ինձ չհավանելուդ համար այդ է քո մասն ու բաժինը, քանի որ մոռացար ինձ և հույսդ սուտ աստվածների վրա դրեցիր։
26Ես պիտի մերկացնեմ քո հետևը՝ փեշդ քաշելով քո գլխին ու երեսին, որ երևան քո ամոթույքը,
27քո շնությունն ու վրնջյունը, դու, որ քո պոռնկությամբ խորթացար ինձնից։ Ես տեսա քո գարշելի կուռքերը բագիններում ու անդաստաններում։ Վա՜յ քեզ, Երուսաղե՛մ, որ իմ հետևից գալով՝ չես մաքրվելու։ Մինչև ե՞րբ ես այդպես մնալու»։