Jeremiah 11NEA

1Սա այն խոսքն է, որ Երեմիան ստացավ Տիրոջից.

2«Լսե՛ք այս ուխտի խոսքերը և հայտնե՛ք Հուդայի մարդկանց ու Երուսաղեմի բնակիչներին։

3Եվ կասես նրանց. այսպես է ասում Տերը՝ Աստվածն Իսրայելի. “Թող անիծյալ լինի այն մարդը, որը չի լսի այս ուխտի խոսքերը,

4որ ավանդել եմ ձեր հայրերին այն օրը, երբ նրանց հանում էի եգիպտացիների երկրից՝ երկաթի հնոցից՝ ասելով. “Ակա՛նջ դրեք իմ ձայնին և ինչ որ պատվիրեմ ձեզ, կատարե՛ք ըստ ամենայնի, և դուք իմ ժողովուրդը կլինեք, իսկ ես՝ ձեր Աստվածը”։

5Կհաստատեմ իմ երդումը, որ երդվեցի ձեր հայրերին՝ տալու նրանց այն երկիրը, որը մեղր ու կաթ է բխեցնում, ինչպես և այսօր”»։ Պատասխանեցի և ասացի. «Այո՛, Տե՛ր, թող այդպես լինի»։

6Եվ Տերն ինձ ասաց. «Այդ բոլոր խոսքերն ընթերցի՛ր այդտեղ՝ Հուդայի քաղաքներում ու Երուսաղեմից դուրս, և ասա՛. “Լսե՛ք այս ուխտի պատգամները և կատարե՛ք դրանք։

7Չէ՞ որ այն օրը, երբ ես նրանց հանեցի եգիպտացիների երկրից, ու մինչև այսօր, ամեն առավոտ կանուխ, ձեր հայրերին խստագույնս խրատեցի և ասացի. “Ակա՛նջ դրեք իմ ձայնին”, բայց նրանք չլսեցին։

8Ականջները շուռ տվեցին և բոլորն իրենց հոժար սրտով գնացին դեպի չարիքը։ Եվ որովհետև ինչ որ պատվիրեցի նրանց անել, չարեցին, իմ այս ուխտի բոլոր խոսքերը կկատարեմ նրանց նկատմամբ”»։

9Եվ Տերն ինձ ասաց. «Հուդայի մարդկանց և Երուսաղեմի այդ բնակիչների մեջ դավադրություն գտնվեց։

10Նրանք դարձ կատարեցին դեպի իրենց նախահայրերի անիրավությունը, որոնք չէին կամենում հետևել իմ խոսքերին։ Ահավասիկ նրանք գնում են օտար աստվածների հետևից, որպեսզի ծառայեն նրանց։ Իսրայելի տունը և Հուդայի տունը խախտեցին իմ ուխտը, որ կապել էի նրանց հայրերի հետ»։

11Դրա համար էլ Տերն այսպես է ասում. «Ահավասիկ ես չարիք կբերեմ նրանց վրա, որից չպիտի կարողանան դուրս գալ։ Ինձ են կանչելու, բայց չեմ լսելու նրանց։

12Հուդայի քաղաքներն ու Երուսաղեմի բնակիչները կգնան, կկանչեն իրենց աստվածներին, որոնց խունկ էին ծխում, բայց նրանցից փրկություն չի լինելու իրենց նեղության ժամանակ։

13Քո աստվածները, Հուդա՛, թվով այնքան էին, որքան քո քաղաքները, և ըստ Երուսաղեմի փողոցների թվի՝ ամոթի բագիններ ու սեղաններ կանգնեցրիք Բահաղին խունկ ծխելու համար։

14Իսկ դու մի՛ աղոթիր այդ ժողովրդի համար, խնդրանքներով մի՛ աղաչիր ու պաղատիր դրանց համար, որովհետև երբ իրենց նեղության ժամանակ կանչեն ինձ, ես չպիտի լսեմ։

15Իմ սիրելի ժողովրդի մասին եմ ասում, քանզի նա իմ տաճարի ներսում պղծություն գործեց։ Մի՞թե աղոթքը և զոհերի միսը քեզնից կվերացնեն քո չարիքները, կամ թե դրանցով դու կփրկվե՞ս։

16Տերը քո անունը գեղատես ու վարսավոր ձիթենի դրեց։ Նրանց թլփատության ձայնից դու մեծ նեղության մեջ ես. անպետքացան քո ոստերը։

17Զորությունների Տերը, որ քեզ տնկեց, Իսրայելի տան և Հուդայի տան չարությունների պատճառով քո հանդեպ չար խոսեց. նրանք իրենք իրենց դեմ գործեցին, ինձ բարկացնելով՝ Բահաղին խնկարկեցին»։

18Տե՛ր, ճանաչե՛լ տուր ինձ, և ես կճանաչեմ. այն ժամանակ կտեսնեմ նրանց գործերը։

19Ես՝ իբրև անմեղ մի գառ, որին մորթելու են տանում, չիմացա, որ իմ մասին չար խորհուրդ են արել և ասում են. «Եկեք նրա հացի մեջ փայտ գցենք և նրան ջնջենք ողջերի երկրից, թող նրա անունն այլևս չհիշվի»։

20Զորությունների՛ Տեր, դու, որ արդար ես վարվում, քննում ես երիկամներն ու սրտերը, թող ես տեսնեմ, որ վրեժխնդիր ես լինում նրանցից, քանզի քե՛զ հանձնեցի իմ դատը։

21Դրա համար էլ Տերն այսպես է ասում Անաթովթի մարդկանց մասին, որոնք քո անձն են փնտրում՝ ասելով. «Մեր մասին մի՛ մարգարեացիր, ապա թե ոչ կմեռնես մեր ձեռքով»։

22Ահա թե ինչու այսպես է ասում Զորությունների Տերը. «Ահավասիկ ես պիտի այցելեմ նրանց. նրանց երիտասարդները սրով պիտի սպանվեն, տղաներն ու աղջիկները սովից պիտի վախճանվեն։

23Նրանցից ոչ ոք չի մնալու, որովհետև Անաթովթի բնակիչներին չարիք եմ բերելու այն տարին, երբ գամ նրանց այցելելու»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Jeremiah 11.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.