Jeremiah 10NEA

1Ո՛վ Իսրայելի տուն, լսի՛ր Տիրոջ պատգամները, որ քեզ են ուղղված։

2Այսպես է ասում Տերը. «Մի՛ սովորեք գնալ հեթանոսների ճանապարհներով և մի՛ զարհուրեք երկնքի նշաններից, որոնցից նրանք են վախենում։

3Հեթանոսների բոլոր կուռքերը սնոտի բաներ են՝ անտառից կտրված փայտ, հյուսների ձեռքի գործեր,

4արծաթով և ոսկով զարդարված ձուլածո բաներ։ Մուրճերով և գամերով ամրացրել են դրանք, որ չշարժվեն. հղկված արծաթ են, Թարսիսի բանված արծաթ և ոսկի՝ բերված Մեմփաթայից։

5Ոսկերչի ձեռքը ճարտար վարպետի գործ է արել. կապույտ ու ծիրանի են հագցնում նրանց, բայց նրանք չեն կարող գնալ, այլ պետք է բարձվելով տարվեն. ոտքով մի քայլ էլ չեն փոխի, ոչ էլ իրենք իրենց կարող են բարձրանալ այն բանի վրա, որով տանում են։ Մի՛ վախեցեք նրանցից, որովհետև չարություն չեն անում, բայց բարություն էլ չկա նրանց մեջ։

6Քեզ նման ոչ ոք չկա, Տե՛ր, մեծ ես դու և մեծ է քո անունը զորությամբ։

7Ո՞վ չի երկնչի քեզնից, ազգերի՛ Թագավոր, դա քեզ է միայն վայել, քանզի բոլոր հեթանոս իմաստունների և նրանց բոլորը թագավորների մեջ ո՞վ է քեզ նման։

8Թող միանգամից այրվեն, թող տկարանան սրտերը սնոտի աստվածների, որովհետև դրանք փայտ են,

9Թարսիսից բերված ընտիր արծաթ և ոսկի՝ Սովփաթայից։ Դրանք բոլորը վարպետների և ոսկերիչների ձեռքի գործն են. դրանց կապուտակ ու ծիրանի բոլոր զգեստները հնարամիտ վարպետների գործ են։

10Իսկ մեր Տերը՝ Աստված, ճշմարիտ է, կենդանի Աստված է և հավիտենական Թագավոր։ Նրա բարկությունից երկիրը կշարժվի, ազգերը չեն դիմանա նրա բարկությանը։

11Այսպես կասեք նրանց. «Այն աստվածները, որոնք երկինքն ու երկիրը չեն ստեղծել, կորչելու են երկրից և այս երկնքի տակից»։

12Տերն է, որ իր զորությամբ ստեղծեց երկիրը, իր իմաստությամբ հաստատեց տիեզերքը և իր հանճարով տարածեց երկինքը։

13Իր ձայնն արձակելիս նա երկինքը լցնում է ջրերի առատությամբ, երկրի ծայրերից ամպեր է բարձրացնում, իր փայլատակումներն անձրևների վերածում, հողմեր է հանում իր շտեմարաններից։

14Ամեն մարդ, գիտությունից զրկված, ապուշ դարձավ, իրենց արձանների պատճառով բոլոր ոսկերիչներն ամոթահար եղան, որովհետև սուտ բաներ ձուլեցին, և նրանց մեջ շունչ չկա.

15սնոտի ու խաբեական գործեր են դրանք. իրենց այցելելու ժամանակ կորստյան են մատնվելու։

16Սակայն այդպիսին չէ Հակոբի բաժինը. նրա բաժինը նա է, որ ստեղծեց ամենայն ինչ, որի ժառանգության գավազանն Իսրայելն է, և նրա անունը Զորությունների Տեր է։

17Ո՛վ դու, որ բնակվում ես ընտրյալների մեջ, հեռուներից հավաքի՛ր քո զորությունը։

18Այսպես է ասում Տերը. «Ահա ես նեղությունն իբրև խոչընդոտ քար եմ դնելու այդ երկրի բնակիչների ոտքերի տակ և հալածելու եմ նրանց, որ չգտնվեն»։

19Վա՜յ քո կործանումին, քանզի ցավալի են քո վերքերը. իսկ ես ասում եմ. «Արդարև հենց դրանք են իմ վերքերը, որ վիճակվեցին ինձ.

20խորանն իմ խորտակվեց, վերացավ, իմ վրանի բոլոր վարագույրները քանդվեցին, իմ որդիներն ու հոտերը ոչ մի տեղ չեն երևում. այլևս չկա իմ խորանի տեղը, չկա և իմ վարագույրների տեղը»։

21Հովիվներն անմտացան և Տիրոջը չփնտրեցին, դրա համար ողջ հոտը չճանաչեց նրանց ու ցիրուցան եղան։

22Բոթաբեր ձայն է գալու և մեծ դղրդում՝ հյուսիսի երկրից, որպեսզի Հուդայի քաղաքներն ավերածության ենթարկի և ջայլամների կայան դարձնի։

23Գիտեմ, Տե՛ր, որ մարդու ուղին իրենից կախված չէ, այր մարդն ի վիճակի չէ տնօրինելու իր ճանապարհի հաջողությունը։

24Խրատի՛ր մեզ, Տե՛ր, բայց արդարությամբ և ոչ թե ցասմամբ, որ մեզ սակավաթիվ չդարձնես։

25Քո բարկությունը թափի՛ր հեթանոսների վրա, որոնք չեն ճանաչում քեզ, և այն ազգերի վրա, որոնք չկանչեցին քո անունը, որովհետև նրանք հոշոտեցին Հակոբին, սպառեցին նրան, վախճանի հասցրին նրան և ավերեցին նրա արոտավայրերը։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Jeremiah 10.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.