1Լուսավորվի՛ր, լուսավորվի՛ր, Երուսաղե՛մ, քանզի հասել է քո լույսը, և Տիրոջ փառքը քեզ վրա է ծագելու։
2Ահա խավարը ծածկեց երկիրը, մառախուղը՝ հեթանոսներին, բայց քո մեջ է հայտնվելու Տերը, և նրա փառքը քո մեջ է երևալու։
3Թագավորները քո լույսով պիտի ընթանան և ազգերը՝ քո լույսի փայլով։
4Աչքերդ բարձրացրո՛ւ և շո՛ւրջդ նայիր ու տե՛ս մոտդ հավաքված քո բոլոր մանուկներին. քանի որ որդիներդ եկան հասան հեռուներից և իրենց ուսերին առած՝ բերում են քո դուստրերին։
5Այնժամ դու պիտի տեսնես ու խնդաս, երկյուղես ու ապշես քո մտքում, որովհետև ծովերի, ազգերի ու ժողովուրդների հարստությունը քո կողմը պիտի դառնա։
6Դեպի քեզ են գալու ուղտերի երամակները, քեզ ծածկելու են Մադիամի և Գեփայի ուղտերի երամակները. բոլորը Սաբայից պիտի գան՝ բերելով ոսկի, կնդրուկ ու թանկագին քարեր և տալու են Տիրոջ փրկության ավետիսը։
7Կեդարի ոչխարների բոլոր հոտերը քեզ մոտ պիտի հավաքվեն, Նաբեոթի խոյերը պիտի բերվեն ու իմ սեղանի վրա պիտի մատուցվեն իբրև ընդունելի զոհ, և իմ աղոթքի Տունը պիտի փառավորվի։
8Ովքե՞ր են սրանք, որ թռչում են ամպի պես և ձագերի հետ խառնված աղավնիների պես՝ երամով գալիս են ինձ մոտ։
9Ինձ են սպասում կղզիները և Թարսիսի նավերը, որպեսզի սկզբից հեռուներից բերեն քո որդիներին և նրանց հետ՝ արծաթն ու ոսկին, Տիրոջ սուրբ անվան համար, Իսրայելի փառավորյալ Սրբի համար։
10Օտարազգիների որդիները պիտի շինեն քո պարիսպները, ու նրանց թագավորները պիտի ծառայեն քեզ, որովհետև իմ բարկության պատճառով հարվածեցի քեզ և իմ գթասրտության համար սիրեցի քեզ։
11Քո դռները զօր ու գիշեր միշտ բաց պիտի լինեն և չպիտի փակվեն, որպեսզի քո մեջ տեղափոխեն ազգերի հարստությունը և նրանց թագավորներին բերեն քեզ մոտ։
12Իսկ այն ազգերն ու թագավորները, որոնք քեզ չեն ծառայելու, կորչելու են. ազգերը բոլորովին պիտի կործանվեն։
13Լիբանանի փառքը դեպի քեզ է գալու՝ դափնիով, սոսիով, նոճիով ու մայրիով, որպեսզի լիապես փառավորեն իմ սրբարանի տեղը, և ես փառավորեմ իմ ոտքերի տեղը։
14Քեզ մոտ պիտի գան քեզ նեղողների և զայրացնողների զարհուրած որդիները, քո ոտնահետքերին երկրպագություն պիտի անեն բոլոր նրանք, որոնք զարհուրեցնում էին քեզ, ու դու պիտի կոչվես Տիրոջ՝ Իսրայելի Սրբի քաղաք։
15Դու եղար լքված ու ատելի, և ոչ ոք չկար, որ օգներ քեզ, ես քեզ կդարձնեմ հավիտենական ուրախություն, ցնծություն՝ սերնդից սերունդ։
16Դու պիտի ծծես հեթանոսների կաթը և ուտես թագավորների հարստությունը, պիտի իմանաս, որ ես եմ Տերը՝ Իսրայելի Աստվածը, որ ազատում ու փրկում եմ քեզ։
17Պղնձի փոխարեն ոսկի եմ բերելու քեզ, երկաթի փոխարեն արծաթ եմ բերելու քեզ, փայտի փոխարեն պղինձ եմ բերելու քեզ, քարի փոխարեն երկաթ եմ տալու քեզ, խաղաղություն եմ տալու քո իշխաններին, և քո վերակացուներին՝ արդարություն։
18Քո երկրում անիրավության մասին այլևս չի լսվելու և ոչ էլ քո սահմաններում՝ կոտորածի ու թշվառության մասին. քո պարիսպները փրկություն են անվանվելու, և քո դռները՝ ցնծություն։
19Այլևս արեգակը չէ, որ քեզ համար ցերեկվա լույս է լինելու, և ոչ էլ լուսնի ծագումն է քեզ գիշերը լույս տալու, այլ քեզ համար Տերն է հավիտենական լույս լինելու, և Աստված՝ քո փառքը։
20Արեգակը քեզ համար մայր չի մտնելու, և լուսինը քեզնից չի պակասելու, որովհետև Տերը քեզ համար հավիտենական լույս է լինելու։ Քո սգո օրերը պիտի վերջանան։
21Քո ժողովուրդը բոլորովին արդար պիտի լինի և հավիտենապես պիտի ժառանգի երկիրը. տունկն ապահով է լինելու, նրանց ձեռքի գործերը փառք են բերելու։
22Սակավաթիվը հազարավոր է դառնալու, փոքրը՝ մեծ ազգ, քանզի ես՝ Տերս, ժամանակ առ ժամանակ հավաքելու եմ նրանց։