Bible

Transform

Your Worship Experience with Great Ease

Try RisenMedia.io Today!

Click Here

Isaiah 59

:
Armenian - NEA
1 Մի՞թե Տիրոջ ձեռքն անկարող է փրկել, կամ նա ծանրացրել է իր ականջը, որ չլսի.
2 ո՛չ, ձեր մեղքերն են պատնեշ դարձել ձեր և Աստծու միջև, ձեր անօրենությունների պատճառով է նա իր երեսը շրջել ձեզնից, որ չգթա։
3 Արդարև, ձեր ձեռքերը պղծված են արյամբ, և ձեր մատները՝ մեղքով. ձեր շուրթերն անօրենություն խոսեցին, և ձեր լեզուներն անիրավություն են խորհում։
4 Չկա մեկը, որ արդարություն խոսի, և բացակայում է ճշմարիտ դատաստանը. հույս են դրել սնոտի բաների վրա և ունայնություն են խոսում, ցավեր են հղանում և անօրենություն ծնում։
5 Քարբ օձի ձվեր են ծակում և սարդերի ոստայն հյուսում. եթե որևէ մեկը կամենա ուտել դրանցից, ծակ բացելով՝ նրա մեջ ջուր և քարբ օձ կգտնի։
6 Նրանց ոստայնները հագուստ չեն դառնա, և ոչ էլ նրանք կարող են զգեստավորվել իրենց ձեռքի գործերով, քանզի նրանց գործերն անօրենության գործեր են, նրանց ձեռքերի մեջ անիրավության գործեր կան։
7 Նրանց ոտքերը դեպի չարն են ընթանում, շտապում են անմեղ արյուն թափել. նրանց խորհուրդներն անզգամների խորհուրդներ են, նրանց ճանապարհներին կործանում է ու թշվառություն։
8 Նրանք չճանաչեցին խաղաղության ճանապարհը, ու նրանց ուղիներում արդարություն չկա, որովհետև նրանց շավիղները, որոնցով ընթանում են, խոտորված են, և նրանք խաղաղությունը չեն ճանաչում։
9 Ահա թե ինչու իրավունքը հեռա ցավ նրանցից, և արդարությունը չի հասնելու նրանց. մինչ նրանք լույս էին ակնկալում, խավար եղավ նրանց համար, մինչ լույսի էին սպասում, մթի մեջ քայլեցին։
10 Կույրերի պես նրանք պատերն են շոշափելու, խարխափելու են աչքերից զրկվածների պես, կեսօրին գլորվելու են, ինչպես կեսգիշերին, օրհասական մարդկանց պես հոգեվարքի տանջանքներ են տանելու
11 և առհասարակ թափառելու են արջերի ու աղավնիների նման։ Մենք երկար սպասեցինք դատաստանի, բայց չեղավ, սպասեցինք փրկության, բայց այն հեռացավ մեզնից,
12 քանզի բազում են մեր անօրենությունները քո առաջ, և մեր մեղքերը հակառակ կանգնեցին մեզ. մեր անօրենությունները մեր մեջ են, մենք ինքներս գիտենք մեր անիրավությունները։
13 Ամբարիշտ դարձանք և ստեցինք Տիրոջ առաջ, հետ կանգնեցինք մեր Աստծուց, անիրավություն խոսեցինք և ապստամբեցինք, մեր սրտերում անիրավության խոսքեր հղացանք ու որոճացինք։
14 Վանեցինք իրավունքը, և արդարությունը հեռացավ մեզնից։ Ճշմարտությունը սպառվեց նրանց ճանապարհներին. նրանք ուղիղ ճանապարհով չկարողացան գնալ,
15 և արդարությունը վերացավ նրանց միջից. արգելք դրեցին իրենց սրտերին, որ չիմանան։ Տեսավ Տերը և չհավանեց, որովհետև իրավունքը բացակայում էր։
16 Նայեց, բայց մարդ չկար, դիտեց, բայց չկար մեկը, որ օգնական լիներ. և իր բազկով հատուցեց ու ըստ իր ողորմության հաստատեց նրանց։
17 Իբրև զրահ հագավ արդարությունը, իբրև սաղավարտ՝ գլխին դրեց փրկությունը, իբրև հանդերձ ու պատմուճան՝ իր վրա գցեց վրեժխնդրությունը, որ հատուցում տա նրանց։
18 Նա նախատինք ու հատուցում պիտի տա հակառակորդներին ու կղզիների բնակիչներին։
19 Արևմուտքում Տիրոջ անունից պիտի սարսափեն, արևելքում՝ նրա փառավոր անունից։ Բարկությունը գետի պես ուժգնորեն պիտի գա Տիրոջից, կատաղորեն վրա պիտի հասնի։
20 «Եվ փրկիչ պիտի գա Սիոնից ու պիտի վանի Հակոբի ամբարշտությունները»,- ասում է Տերը։
21 «Այս է իմ ուխտը նրանց հետ,- ասում է Տերը։- Իմ հոգին, որ քեզ վրա է, և իմ խոսքերը, որ քո բերանը դրեցի, այսուհետև մինչև հավիտենություն չպիտի պակասեն քո բերանից, քո զավակի բերանից և քո զավակի սերունդների բերանից»,- ասում է Տերը։