Isaiah 44NEA

1«Իսկ այժմ լսի՛ր, ո՛վ իմ ծառա Հակոբ, և դու, Իսրայե՛լ, որին ընտրել եմ։

2Այսպես է ասում Տերը՝ Աստված, որ արարեց քեզ, ստեղծեց քեզ որովայնից, և տակավին օգնություն պիտի գտնես։ Մի՛ վախեցիր, ծառա՛ իմ Հակոբ, և դու, սիրեցյա՛լ իմ Իսրայել, որին ընտրել եմ։

3Ես ջուր պիտի տամ ծարավածներին, որոնք ընթանում են անջրդի տեղերով. իմ հոգին պիտի դնեմ քո զավակի վրա և իմ օրհնանքները՝ քո որդիների վրա։

4Նրանք պիտի ծլեն ու ծաղկեն ինչպես ջրարբի խոտը, ինչպես ուռենին՝ հոսող ջրերի մոտ։

5Մեկը պիտի ասի՝ Աստծունն եմ ես, մեկ ուրիշը խրախույս պիտի բարձրացնի հանուն Հակոբի Աստծու, իսկ մյուսը գիր պիտի գրի իր ձեռքով՝ “Ես Աստծուն եմ պատկանում”, և հանուն Իսրայելի քաջալերության կոչ պիտի անի»։

6Այսպես է ասում Աստված՝ Իսրայելի թագավորը և նրա փրկիչ Զորությունների Տերը. «Ես եմ առաջինը և ես եմ վերջինը, ինձնից բացի ուրիշ Աստված չկա։

7Ո՞վ է ինձ նման, թող առաջ գա, ձայն հանի, պատմի ու ամեն ինչ ներկայացնի ինձ այն ժամանակից սկսած, երբ ես արարեցի մարդուն, նաև այն, ինչ գալու է. մինչև գալը թող պատմեն ձեզ։

8Մի՛ զարմացեք և մի՛ շփոթվեք. չէ՞ որ դուք սկզբից լսեցիք, և ես ձեզ ասացի, որ դուք ինքներդ անգամ կարող եք վկա լինել ինձ համար, թե կա՞ այլ Աստված, բացի ինձնից»։

9Բոլոր նրանք, ովքեր ստեղծում ու կերտում էին սնոտի աստվածներ, այն ժամանակ իսկ ոչնչություն էին։ Նրանք այդ անում էին՝ ըստ իրենց ցանկության, սակայն դրանք չեն օգնելու նրանց, քանզի ո՛չ տեսնում են, ո՛չ էլ ըմբռնում, և դուք եք դրանց վկաները։ Թող ամաչի նա,

10ով ստեղծում է ստեղծվածը և անօգուտ կերպով կուռք է ձուլում,

11նաև բոլոր նրանք, ովքեր հաղորդակից են դառնում նրան։ Բայց ամոթահար պիտի լինեն բոլոր նրանք, ովքեր կուռքեր են ստեղծում և կերտում անօգուտ բաներ, որոնք, ինչից էլ պատրաստված լինեն, բոլորովին պիտի չորանան և անտեսվեն մարդկանցից։ Պիտի հավաքվեն ամենքը, դեմառդեմ կանգնեն միասին, պիտի ամաչեն և առհասարակ ամոթահար լինեն։

12Հյուսնն իր համար գործիք կռեց, ուրագը սրեց և տաշեց նրանով, դուրը գործի դրեց ու հղկեց և իր բազկի ուժով կանգնեցրեց այն։ Իսկ ինքը քաղց է զգալու, տկարանալու, անգամ ջուր չի խմելու։

13Հյուսնը փայտ ընտրեց, չափեց այն ու գծեց, պատկերի ձև ու նմանություն տվեց, դուրով հղկեց այն, սոսնձապատեց, նրան տվեց տղամարդու կերպարանք, մարդու դեմքի ձև ու գեղեցկություն և կանգնեցրեց իր տան մեջ։

14Այն փայտը, որ կտրեց՝ սոճին կամ սոսին, կաղնին կամ թեղոշը, որոնք տնկեց Տերը, և անձրևն աճեցրեց,

15որպեսզի մարդու համար վառելիք լինեն, ահա դրանից վերցրեց, վառեց ու տաքացավ, մի կեսի վրա եփեց, իսկ մի կեսն էլ արձան շինեց և երկրպագեց նրան. հենց իր շինած արձանի առջև ընկած՝ երկրպագեց նրան։

16Նրա կեսն այրեց խարույկի մեջ, որի կրակով հաց թխեց և միս խորովեց, կերավ, կշտացավ ու տաքացավ՝ ասելով. «Երանի՜ ինձ, որ տաքացա և կրակը տեսա»։

17Իսկ կեսից քանդակված աստված շինեց և խոնարհվելով երկրպագեց նրան, աղոթեց նրա առաջ և ասաց. «Փրկի՛ր ինձ, քանզի դու իմ աստվածն ես»։

18Նրանք անկարող եղան մտածել և իմանալ, որովհետև նրանց աչքերը՝ տեսնելու համար և նրանց սրտերը՝ հասկանալու համար բթացան։

19Նրանք չմտածեցին, չգիտակցեցին ու չհասկացան, որ փայտի կեսը կրակի մեջ այրեցին և նրա կրակի վրա հաց թխեցին, միս խորովեցին ու կերան, իսկ նրա կեսից կուռք պատրաստեցին և երկրպագում են նրան։

20Իմացի՛ր, նրանց սիրտը մոխիր է, և նրանք մոլորված են, նրանցից ոչ ոք չի կարող փրկել նրանց հոգիները. տեսնում եք, բայց չեք ասում, թե՝ «Խաբեություն է մեր ձեռքերի մեջ»։

21«Հիշի՛ր դա, Հակո՛բ, նաև դու, Իսրայե՛լ, քանզի իմ ծառան ես դու. քեզ ստեղծեցի ինձ ծառայելու համար, և դու, Իսրայե՛լ, մի՛ մոռացիր ինձ։

22Ահավասիկ ջնջեցի քո անօրենություններն ամպի պես և քո մեղքերը՝ մեգի պես. ինձ մո՛տ դարձիր, որպեսզի փրկեմ քեզ»։

23Ուրախացի՛ր, երկի՛նք, քանզի Աստված ողորմեց Իսրայելին, փո՛ղ փչեք, երկրի հիմքե՛ր, ուրախության կանչե՛ր արձակեք, լեռնե՛ր, բլուրնե՛ր և նրանց վրա գտնվող բոլո՛ր ծառեր, որովհետև Աստված փրկեց Հակոբին, և Իսրայելը պիտի փառավորվի։

24Տերը, որ փրկեց քեզ, ստեղծեց քեզ որովայնից, այսպես է ասում. «Ես եմ Տերը, որ անում, կատարում եմ ամեն ինչ, միայնակ տարածեցի երկինքը և հաստատեցի երկիրը։

25Ո՞վ է, որ վերացրեց վհուկների կախարդությունները և դյութությունները՝ սրտերից, ո՞վ է, որ իմաստուններին հետ է դարձնում և նրանց խորհուրդները հիմարության վերածում,

26իր ծառաների խոսքերն է հաստատում և արդարացնում իր պատգամաբերների խորհուրդները։ Ես եմ, որ Երուսաղեմին ասում եմ. “Բնակելի՛ դարձիր”, և Հուդայի երկրի քաղաքներին՝ “Վերստի՛ն կառուցվեք”։ Եվ ես պիտի վերականգնեմ նրա ավերակները։

27Ես ասում եմ անդունդին՝ ավերվի՛ր. և ես պիտի ցամաքեցնեմ նրա գետերը։

28Ես ասում եմ Կյուրոսին՝ “Իմաստնացի՛ր, որ կատարես իմ ողջ կամքը”։ Ես ասում եմ Երուսաղեմին՝ կառուցվի՛ր, և ես պիտի հաստատեմ իմ սուրբ տաճարը»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Isaiah 44.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.