Bible

Upgrade

Your Church Presentations in Minutes

Try RisenMedia.io Today!

Click Here

Isaiah 43

:
Armenian - NEA
1 Արդ, այսպես է ասում Տերը՝ Աստված, որ արարեց քեզ, Հակո՛բ, և ստեղծեց քեզ, Իսրայե՛լ. «Մի՛ վախեցիր, որովհետև փրկեցի քեզ և քեզ կոչեցի քո անունով, որ իմն ես։
2 Եթե ջրերի միջով անցնես, քեզ հետ կլինեմ, և գետերը քեզ չեն խեղդի. եթե կրակի միջով անցնես, չես այրվի, և նրա բոցը քեզ չի կիզի.
3 որովհետև ես եմ Տերը՝ քո Աստվածը՝ Իսրայելի Սուրբը, քեզ փրկողը։ Եգիպտոսն ու Եթովպիան որպես փրկագին տվեցի քեզ համար և Սուհենը քեզ հետ փոխանակեցի։
4 Ուստի թանկ եղար ինձ համար, իմ առաջ փառավորվեցիր, ու ես սիրեցի քեզ. մարդիկ կտամ քո փոխարեն, իշխաններ՝ քո գլխի դիմաց։
5 Մի՛ վախեցիր, որովհետև քեզ հետ եմ. արևելքից կբերեմ քո սերունդը և արևմուտքից կհավաքեմ քեզ։
6 Հյուսիսին կասեմ՝ բե՛ր, և հարավին՝ մի՛ արգելիր. իմ որդիներին բերե՛ք հեռավոր երկրից և իմ դուստրերին՝ երկրի ծագերից,
7 բոլորին, որոնք երբևէ կոչվել են իմ անունով. որովհետև իմ փառքով հաստատեցի նրան, ստեղծեցի և արարեցի նրան։
8 Ազատեցի կույր ժողովրդին. և թեպետ աչքեր ունեն, սակայն կուրացած են նրանք, և խցանված են նրանց ականջները։
9 Բոլոր ազգերը հավաքվեցին միասին, նրանցից իշխաններ պիտի հավաքվեն. ո՞վ պիտի պատմի այս, և կամ ո՞վ պիտի հայտարարի ձեզ. թող բերեն իրենց վկաներին և արդարանան, թող լսեն և ասեն ճշմարտությունը։
10 Եղե՛ք ինձ վկաներ, ես էլ՝ ձեզ վկա,- ասում է Տերը՝ Աստված.- և իմ ծառան, որին ընտրեցի, որպեսզի իմանաք ու հավատաք ինձ և գիտակցեք, որ ես եմ։ Ինձնից առաջ ուրիշ Աստված չի եղել, ինձնից հետո ևս չի լինի։
11 Ե՛ս եմ Աստված, ինձնից բացի չկա մեկը, որ փրկություն տա։
12 Հայտնեցի և փրկեցի. նախատեցի, ու ձեր մեջ օտար աստված չկար. դուք ինքներդ կարող եք դրան վկա լինել։ Ես եմ Տերը՝ Աստված,
13 ի սկզբանե և միշտ. չկա մեկը, որ իմ ձեռքից կարողանա ազատվել. ինչ որ ես անեմ, ոչ ոք չի կարող հակառակն անել»։
14 Այսպես է ասում Տերը՝ Աստված, Իսրայելի Սուրբը, որ փրկելու է ձեզ. «Ձեզ համար Բաբելոն կուղարկեմ, բոլորին տեղահան կանեմ ու փախստական կդարձնեմ, և քաղդեացիները նավերով պաշարման մեջ կառնվեն։
15 Ես եմ Տերը՝ Աստված, ձեր Սուրբը, որ ցույց տվեցի ձեզ Իսրայելի թագավորին»։
16 Այսպես է ասում Տերը, որ ճանապարհ է բացում ծովում և շավիղներ՝ հորդահոս ջրերի մեջ,
17 Նա, որ կառքեր ու նժույգներ է հանում և բազմահամար զորքեր. բայց նրանք քնեցին ու չեն արթնանալու, մարեցին, ինչպես հանգած պատրույգ։
18 «Առաջվա բաները մի՛ հիշեք, հինը մտքներդ մի՛ բերեք,
19 քանզի ես նորն եմ անում, որ հիմա հայտնվելու է, և դուք պիտի ճանաչեք. ճամփա պիտի բացեմ անապատով և անջրդի հողում գետեր պիտի բխեցնեմ։
20 Ինձ պիտի օրհնեն անապատի գազանները, համբարուներն ու ջայլամների ձագերը, որովհետև ես ջուր եմ տալու անապատին և անջրդի երկրին՝ գետեր իմ ընտրյալ ազգին խմեցնելու համար։
21 Եվ իմ ժողովուրդը, որին ստացա, պիտի պատմի իմ սխրանքների մասին»։
22 «Հիմա չէ, որ կանչեցի քեզ, Հակո՛բ, և ոչ էլ չարչարեցի քեզ, Իսրայե՛լ։
23 Ողջակեզների ոչխարներ չմատուցեցիր ինձ և ոչ էլ քո զոհերով փառավորեցիր ինձ. քո ընծաներով չծառայեցիր ինձ, և ոչ էլ ես նեղություն պատճառեցի քեզ՝ ծախսել տալով քո կնդրուկները։
24 Ինձ համար արծաթով խունկ չգնեցիր, և ոչ էլ քո զոհերի ճարպին ես ցանկացող եղա, բայց քո մեղքերի ու անօրենությունների մեջ ուղղելու եմ քեզ։
25 Ես եմ, ես եմ այն նույնը, որ ջնջում եմ իմ հանդեպ կատարած քո անօրենությունները և քո մեղքերն այլևս չեմ հիշելու։
26 Բայց դու հիշի՛ր, որ իրար հետ դատ ենք ունենալու. նախ դու խոստովանի՛ր քո անօրենությունները, որ արդարացվես։
27 Նախ ձեր հայրերը մեղք գործեցին, և ձեր իշխաններն օրինազանց եղան իմ հանդեպ։
28 Իշխանները պղծեցին իմ սրբությունները, ուստի Հակոբին կորստյան մատնեցի և Իսրայելը՝ նախատինքի»։