1Ուրա՛խ եղիր, ծարավա՛ծ անապատ, թող ցնծա անապատն ու ծաղկի շուշանի պես։
2Թող ծաղկի ու ցնծա Հորդանանի անապատը. նրան պիտի տրվի և՛ փառքը Լիբանանի, և՛ պատիվը Կարմելոսի. իմ ժողովուրդը պիտի տեսնի փառքը Տիրոջ ու վեհությունը մեր Աստծու։
3Ո՛ւժ առեք, լքվա՛ծ ձեռքեր ու տկարացա՛ծ ծնկներ,
4մխիթարվե՛ք, թուլասի՛րտ մարդիկ, գոտեպնդվե՛ք և մի՛ երկնչեք։ Ահավասիկ մեր Աստվածը դատաստանով պիտի հատուցի և վրեժխնդիր լինի, նա ինքը պիտի գա ու փրկի մեզ։
5Այն ժամանակ կույրերի աչքերը պիտի բացվեն, և խուլերի ականջները լսեն։
6Այն ժամանակ կաղը եղջերուի պես պիտի վազի, և ծանրախոսների լեզուն պարզ պիտի դառնա, քանզի ջուր բխեց անապատում, և գետ՝ ծարաված երկրում։
7Ջրազուրկ տեղերը լճակների պիտի վերածվեն, և տոչորված երկրում աղբյուրի ջրեր պիտի բխեն։ Այնտեղ թռչուններն ուրախ պիտի ճռվողեն, հոտերը մակաղատեղ պիտի գտնեն, այնտեղ մարգագետիններ են լինելու և ճահճուտներ։
8Այնտեղ մաքուր ճանապարհ պիտի լինի, և ճանապարհը սուրբ պիտի կոչվի. այդ տեղով պիղծը չպիտի անցնի, պիղծ մարդկանց համար այնտեղ ճանապարհ չի լինելու, ցրվածներն անգամ, այդ տեղով ընթանալով, չպիտի մոլորվեն։
9Այնտեղ առյուծ չի լինելու, ու չար գազաններից ոչ մեկն այնտեղով չի անցնելու և այնտեղ ամենևին չի լինելու. այդ տեղով պիտի գնան փրկվածները և Տիրոջ համար հավաքվածները։
10Պիտի վերադառնան ու ցնծությամբ գան Սիոն, և նրանց գլխի վրա հավիտենական ուրախություն պիտի լինի, օրհնություն ու ցնծություն պիտի լինի նրանց գլխի վրա, ուրախությունը պիտի պատի նրանց, ցավը, տրտմությունն ու հեծությունը պիտի չքանան։