1Սողունների պես պիտի ուղարկեմ երկրի վրա։ Մի՞թե Սիոնի դստեր լեռը ավերակ ապառաժ է լինելու։
2Մովաբացիների դո՛ւստր, դու պիտի լինես բնից քշված թռչնի պես։ Սակայն դու, Առնո՛վն,
3փոքր-ինչ երկա՛ր մտածիր՝ նրանց համար սգո տներ կառուցելու, որոնք, կարծես խավարի մեջ, միջօրեի ժամին հանապազ փախչում են։
4Նրանք զարհուրած են, բայց դու մի՛ վանիր նրանց։ Մովաբի փախստականները քեզ մոտ են պանդխտելու, ձեզ համար ապաստան են լինելու ձեզ հալածողից, քանզի ընկավ քո մարտակից ընկերը, կորավ իշխանը, որ ոտքի տակ էր տալիս երկիրը։
5Ողորմածությամբ գահ պիտի հաստատվի, ու նրա վրա՝ Դավթի խորանի մեջ, ճշմարտությամբ պիտի բազմի մեկը, ով դատելիս իրավունքին հետամուտ պիտի լինի, պիտի ջանա արդարություն անել։
6Լսեցինք Մովաբի ամբարտավանության մասին, քանզի նա խիստ հպարտացել էր, գոռոզացել ու ոխակալ դարձել. քո ամբարտավանությունը ես վերացրի քեզնից, բայց ոչ այնպես, ինչպես քո կախարդությունը,
7և ոչ էլ այնպես, ինչպես որ Մովաբի մեջ ողբն են անում։ Մովաբի մեջ պիտի ողբան բոլոր նրանք, ովքեր բնակվում են Դեսեթում. պիտի մրմնջան ու չամաչեն։
8Եսեբոնի դաշտերն ու Սեբիմայի այգիները, որ կուլ էին տալիս ազգերին, պիտի սգան։ Ոտքի տա՛կ տվեք նրանց այգիները մինչև Հազեր, բայց չպիտի հասնեք։ Մոլորվե՛ք անապատում. նրա առաքվածները լքվեցին, քանի որ անցան ծովի այն կողմը։
9Դրա համար էլ Հազերի ողբը պիտի լացեմ Սեբիմայի այգիների վրա։ Ո՛վ Եսեբոն և Ելեիլա, ձեր ծառերը կոտորվեցին, որպեսզի ձեր հունձն ու այգեկութը վերանան, և ամեն ինչ կործանվի։
10Ուրախությունն ու ցնծությունը պիտի վերանան այգիներից, քո այգեստանում ուրախություն չի լինելու, քո հնձաններում գինի չեն քամելու, որովհետև էլ այգեկութ չի լինի։
11Ահա թե ինչու իմ որովայնը քնարի նման պիտի հնչի Մովաբի համար, իսկ իմ փորն իբրև պարիսպ նորոգեցիր։
12Եվ դա քեզ համար ամոթանք պիտի լինի, որովհետև Մովաբը տանջվեց իր մեհյաններում և ուխտավորի նման պիտի մտնի իր կռատները, որոնք չպիտի կարողանան փրկել նրան։
13Սա է այն խոսքը, որ Տերը մի ժամանակ ասաց Մովաբի մասին
14և այժմ նորից խոսեց՝ ասելով. «Երեք տարվա ընթացքում, վարձկանի տարիների պես, պիտի անարգվի Մովաբի փառքը՝ իր ողջ անսահման մեծությամբ, և նա պիտի դառնա սակավամարդ ու աննշան»։