Hebrews 9NEA

1Առաջին ուխտն էլ ուներ պաշտամունքի կանոններ և երկրային սրբարան.

2քանզի առաջին խորանը պատրաստվեց այսպես. նրա մեջ կային աշտանակը, սեղանը և առաջավորության հացը. այս մասը կոչվում է Սրբություն։

3Եվ երկրորդ վարագույրի հետևում էր այն խորանը, որ կոչվում էր Սրբություն սրբոց,

4որտեղ դրվում էին ոսկե բուրվառը և ներսից ու դրսից ոսկով պատած Ուխտի տապանակը, որի մեջ կար ոսկե սափորը՝ լի մանանայով, Ահարոնի գավազանը, որ ծաղկեց, և ուխտի տախտակները։

5Նրա վրա կանգնած էին փառքի քերովբեները, որ հովանի էին անում քավության սեղանի վրա։ Դրանց մասին այժմ մեկ առ մեկ խոսելու կարիք չկա։

6Այս ամենն այսպես էր դասավորված. քահանաները միշտ առաջին խորանն էին մտնում՝ պաշտամունք կատարելու,

7իսկ երկրորդ խորանը տարին մեկ անգամ միայն քահանայապետն էր մտնում, և այդ անում էր ոչ առանց զոհի արյան,

8որ մատուցում էր իր և ժողովրդի մեղքերի քավության համար։ Սրանով Սուրբ Հոգին ցույց էր տալիս, որ սրբարանի ճանապարհը հայտնված չէ, քանի դեռ հաստատուն է մնում առաջին խորանը։

9Դա խորհրդանշան է ներկա ժամանակի համար, երբ մատուցում էին ընծաներ և զոհեր, որոնք չէին կարող կատարյալ դարձնել զոհաբերողների խիղճը, այլ դրանք կապված էին

10միայն կերակուրների, ըմպելիքի և պես-պես լվացումների հետ, որոնք մարմնին վերաբերող ծիսակատարումներ էին, և որոնք գործում էին մինչև բարեփոխման ժամանակները։

11Իսկ Քրիստոսը, որ եկավ որպես գալիք բարիքների Քահանայապետ, անցնելով մեծ, կատարյալ և անձեռակերտ խորանով, այսինքն՝ ո՛չ այս աշխարհի արարածների կողմից շինված,

12ո՛չ էլ նոխազների և զվարակների արյունով, այլ մեկ անգամ իր իսկ արյամբ մտավ սրբարան՝ հավիտենական փրկություն ապահովելով։

13Որովհետև, եթե ցուլերի և նոխազների արյունը և երինջների շաղ տրված մոխիրը մաքրում են պղծվածներին մարմնի մաքրության համար,

14որչա՜փ ևս առավել արյունը Քրիստոսի, որ հավիտենական Հոգու միջոցով ինքն իրեն որպես անարատ պատարագ մատուցեց Աստծուն, կմաքրի ձեր խիղճը մահացու գործերից, որպեսզի ծառայեք կենդանի Աստծուն։

15Ահա թե ինչու նա նոր ուխտի միջնորդ է, քանի որ իր մահը առաջին ուխտի ժամանակ գործված հանցանքների քավության համար եղավ, որպեսզի կանչվածները հավիտենական ժառանգության խոստումն ստանան։

16Որովհետև ուր որ կտակ կա, կտակարարի մահը պետք է հաստատվի,

17քանի որ կտակը հետմահու է ուժի մեջ, ապա թե ոչ այն ինչպե՞ս ուժի մեջ կմտնի, քանի դեռ կտակարարը կենդանի է։

18Ուստի և առաջին ուխտն առանց արյան չէր նվիրագործվի։

19Երբ բոլոր պատվիրանները Մովսեսի կողմից ծանուցվեցին ժողովրդին, նա, վերցնելով ցուլերի և նոխազների արյունը ջրի, կարմիր բրդի ու զոպայի հետ, ցանեց հենց Օրենքի գրքի և ամբողջ ժողովրդի վրա

20և ասաց. «Սա է արյունը ուխտի, որն Աստված ձեզ պատվիրեց»։

21Ապա արյունը ցանեց խորանի և պաշտամունքի ամբողջ սպասքի վրա նույնպես։

22Եվ գրեթե ամեն ինչ արյունով էր մաքրվում՝ ըստ Օրենքի, և առանց արյուն թափելու թողություն չէր լինում։

23Եթե պետք էր, որ երկնավոր բաների օրինակները այսպիսի ծեսերով մաքրվեին, ապա բուն իսկ երկնավորները պետք է մաքրվեին դրանցից էլ ավելի լավ զոհերով.

24քանզի Քրիստոսը ոչ թե ճշմարտության օրինակ եղող ձեռակերտ սրբարանը մտավ, այլ բուն երկինքը, որպեսզի մեզ համար ներկայանա Աստծու առաջ։

25Ոչ թե նրա համար, որ շատ անգամ ինքն իրեն պատարագ մատուցի, ինչպես քահանայապետը, որ Սրբություն սրբոց էր մտնում ամեն տարի ուրիշի արյունով.

26այլապես նա բազում անգամ պետք է չարչարվեր աշխարհի սկզբից ի վեր։ Բայց այժմ՝ դարերի վախճանին, նա մեկ անգամ հայտնվեց՝ իր անձի պատարագումով մեղքը ջնջելու համար։

27Եվ ինչպես որ մարդկանց սահմանված է մեկ անգամ մեռնել և այնուհետև՝ դատաստան,

28նույնպես և Քրիստոսը մեկ անգամ որպես պատարագ մատուցվեց՝ շատերի մեղքերը վերացնելու համար. իսկ երկրորդ անգամ, առանց մեղքի, պիտի հայտնվի նրանց, որոնք սպասում են իրեն՝ հավատով փրկվելու համար։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Hebrews 9.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.