Bible

Simplify

Your Church Tech & Streamline Your Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

Genesis 50

:
Armenian - NEA
1 Հովսեփը, ընկնելով իր հոր դեմքին, լաց եղավ նրա վրա և համբուրեց նրան։
2 Ապա Հովսեփը հրամայեց իր բժիշկ ծառաներին զմռսել իր հորը, և նրանք զմռսեցին Իսրայելին։
3 Լրացան նրա մահվան քառասուն օրերը. այդքան էր պահանջվում զմռսելու համար։ Եգիպտոսը յոթանասուն օր սգաց նրան։
4 Սգո օրերն անցնելուց հետո Հովսեփը խոսեց փարավոնի իշխանների հետ և ասաց. «Եթե շնորհ գտա ձեր առաջ, ապա դիմե՛ք փարավոնին և ասե՛ք,
5 որ իմ հայրը երդվեցրել է ինձ ու ասել. “Ահա ես մեռնում եմ։ Ինձ կթաղես այն շիրիմում, որ ես ինձ համար փորել եմ քանանացիների երկրում”։ Արդ, թո՛ւյլ տուր՝ գնամ, թաղեմ իմ հորն ու վերադառնամ»։
6 Փարավոնն ասաց. «Գնա՛, թաղի՛ր քո հորը, ինչպես որ նա երդվեցրել է քեզ»։
7 Եվ Հովսեփը գնաց թաղելու իր հորը։ Նրա հետ գնացին նաև փարավոնի ծառաները, նրա պալատի ավագանին, եգիպտացիների երկրի բոլոր ավագները,
8 Հովսեփի ամբողջ ընտանիքը, նրա եղբայրները, նրա հոր ողջ ընտանիքն ու ազգատոհմը։ Գեսեմում մնացին միայն ոչխարներն ու արջառները։
9 Նրա հետ գնացին նաև կառքերն ու հեծյալները և դարձան մի հսկա բանակ։
10 Նրանք հասան Հորդանանի այն կողմում գտնվող Ատադի կալը և այնտեղ սաստիկ ողբ ու կոծ արեցին նրա վրա։ Նա հոր համար յոթ օր սուգ արեց։
11 Քանանացիների երկրի բնակիչները, տեսնելով Ատադի կալում արված սուգը, ասացին. «Եգիպտացիները մեծ սգի մեջ են»։ Այդ պատճառով էլ այդ վայրը, որ Հորդանանի մյուս կողմում է, կոչվեց Եգիպտոսի Սուգ [𝕸 Ավել-Միցրայիմ
12 Իսրայելի որդիները կատարեցին այն, ինչ նա պատվիրել էր իրենց։
13 Նրան բերեցին քանանացիների երկիրը և թաղեցին Մամբրեի կաղնու դիմաց՝ զույգ քարայրում, որ Աբրահամը գնել էր քետացի Եփրոնից՝ իբրև սեփական շիրմավայր։
14 Հովսեփը վերադարձավ Եգիպտոս. ինքը, իր եղբայրները և իր հորը թաղելու համար իր հետ գնացած բոլոր մարդիկ։
15 Երբ Հովսեփի եղբայրները տեսան, որ իրենց հայրը մահացել է, ասացին. «Գուցե Հովսեփը ոխ է պահել մեր դեմ և վրեժ լուծի այն բոլոր չարիքների համար, որ մենք պատճառեցինք նրան»։
16 Նրանք եկան Հովսեփի մոտ ու ասացին. «Քո հայրը երբ դեռ չէր մեռել, մեզ երդվեցրեց՝ ասելով.
17 “Այսպե՛ս կասեք Հովսեփին. նրանք չարիք գործեցին քո դեմ, բայց դու ների՛ր նրանց հանցանքներն ու մեղքերը”։ Արդ, ների՛ր քո հոր Աստծու ծառաների հանցանքները»։ Եվ Հովսեփն ասված այս խոսքերից լաց եղավ։
18 Նրա եղբայրները, գալով նրա մոտ, ընկան նրա ոտքերն ու ասացին. «Ահա մենք քո ծառաներն ենք»։
19 Հովսեփը նրանց ասաց. «Մի՛ վախեցեք, որովհետև ես Աստծունն եմ։
20 Դուք մտածեցիք ինձ չարիք պատճառել, բայց Աստված որոշեց ինձ բարիք անել, ինչպես որ եղավ այժմ, որովհետև մարդկանց մեծ բազմություն կերակրեցի»։
21 Եվ նրանց ասաց. «Մի՛ վախեցեք։ Ես կկերակրեմ ձեզ և ձեր ընտանիքները»։ Եվ մխիթարեց նրանց ու սփոփեց նրանց սրտերը։
22 Հովսեփն իր եղբայրների ու իր հոր ողջ գերդաստանի հետ մնաց Եգիպտոսում։ Հովսեփն ապրեց հարյուր տասը տարի։
23 Հովսեփը տեսավ Եփրեմի որդիների մինչև երրորդ սերունդը։ Իսկ Մանասեի որդի Մաքիրի որդիները ծնվեցին Հովսեփի ծնկներին։
24 Այս ամենից հետո Հովսեփն իր եղբայրներին ասաց. «Ահա ես մեռնում եմ։ Աստված կայցելի ձեզ և կհանի ձեզ այս երկրից ու կտանի այն երկիրը, որ Աստված երդվել է տալ մեր նախնիներին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին»։
25 Հովսեփը երդվեցրեց Իսրայելի որդիներին ու ասաց. «Երբ Աստված ձեզ կայցելի, այստեղից կհանեք նաև իմ ոսկորները և կտանեք ձեզ հետ»։
26 Հովսեփը վախճանվեց հարյուր տասը տարեկան հասակում։ Նրան թաղեցին՝ դնելով տապանի մեջ Եգիպտոսում։