Bible

Focus

On Your Ministry and Not Your Media

Try RisenMedia.io Today!

Click Here

Genesis 25

:
Armenian - NEA
1 Աբրահամը մի այլ կին առավ, որի անունը Քետուրա էր,
2 որը և նրա համար ծնեց Զեմրանին, Հեկտանին, Մադանին, Մադիանին, Եսբոկին և Սովիվեին։
3 Հեկտանը ծնեց Սաբային, Թեմանին և Դադանին։ Դադանի որդիներն էին Ռագուելը, Նաբդեելը, Ասուրիիմը, Ղատուսիիմը և Ղովոմիմը։
4 Մադիամի որդիներն էին Գեփարը, Ափերը, Ենովքը, Աբիդան և Եղրագան։ Սրանք բոլորը Քետուրայի որդիներն էին։
5 Աբրահամն իր ողջ ունեցվածքը տվեց իր որդի Իսահակին,
6 իսկ հարճերից ծնված իր որդիներին, քանի դեռ կենդանի էր, պարգևներ տվեց և իր որդի Իսահակի մոտից ուղարկեց դեպի արևելք՝ արևելյան երկիր։
7 Աբրահամն ապրեց հարյուր յոթանասունհինգ տարի։
8 Նա տկարանալով մեռավ խոր ծերության մեջ, ալևոր՝ իր բոլոր օրերն ապրելուց հետո, և միացավ իր նախնիներին։
9 Նրա որդիները՝ Իսահակն ու Իսմայելը, նրան թաղեցին քետացի Սահառի որդի Եփրոնի ագարակի զույգ քարայրում՝ Մամբրեի կաղնու դիմաց,
10 այսինքն՝ այն ագարակում ու քարայրում, որ Աբրահամը գնել էր Քետի որդիներից։ Այնտեղ թաղեցին Աբրահամին, որտեղ և նրա կին Սառան էր թաղված։
11 Աբրահամի մահից հետո Աստված օրհնեց նրա որդուն՝ Իսահակին։ Իսահակը բնակվեց Տեսիլքի ջրհորի մոտ։
12 ԱՅՍ Է ՍԵՐՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԲՐԱՀԱՄԻ ՈՐԴԻ ԻՍՄԱՅԵԼԻ, որին Աբրահամի համար ծնեց եգիպտուհի Ագարը՝ Սառայի աղախինը։
13 Իսմայելի որդիների անունները, որոնցով և կոչվեցին նրանց ցեղերը, սրանք են՝ Նաբեովթ՝ Իսմայելի անդրանիկը, Կեդար, Աբդեել, Մաբսամ,
14 Մասմա, Իդումա, Մասե,
15 Քողդադ, Թեմա, Հետուր, Նափես և Կեդմա։
16 Սրանք են Իսմայելի որդիները և նրանց անուններն ըստ իրենց բնակավայրերի և իրենց վրանների, տասներկու իշխաններ՝ ըստ իրենց ցեղերի։
17 Իսմայելն ապրեց հարյուր երեսունյոթ տարի։ Նա տկարանալով մեռավ և միացավ իր նախնիներին։
18 Նրա սերունդը բնակություն հաստատեց Եվիլատից մինչև Սուր, որը գտնվում է Եգիպտոսի դիմաց, մինչև Ասորեստանի սահմանները, այսինքն՝ իսմայելացիները բնակվեցին իրենց եղբայրներից առանձին։
19 ԱԲՐԱՀԱՄԻ ՈՐԴՈՒ՝ ԻՍԱՀԱԿԻ ՍԵՐՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ Է։ Աբրահամը ծնեց Իսահակին։
20 Իսահակը քառասուն տարեկան էր, երբ իրեն կին առավ Ռեբեկային՝ Ասորիների Միջագետքում ապրող ասորի Բաթուելի դստերը, որը ասորի Լաբանի քույրն էր։
21 Քանի որ Ռեբեկան ամուլ էր, Իսահակն աղաչում էր Տիրոջը նրա համար։ Աստված լսեց նրան, և նրա կին Ռեբեկան հղիացավ։
22 Նրա արգանդում երեխաները բախվում էին միմյանց։ Եվ նա ասաց. «Եթե այսպես էր լինելու ինձ, ինչո՞ւ հղիացա»։ Եվ գնաց հարցնելու Տիրոջը։
23 Տերը նրան ասաց. «Երկու ազգ կա քո արգանդում. քո որովայնից երկու տարբեր ժողովուրդներ պիտի ելնեն։ Մի ժողովուրդը պիտի գերազանցի մյուսին, և ավագը պիտի ծառայի կրտսերին»։
24 Երբ նրա ծննդաբերելու օրերը հասան, նրա որովայնում երկվորյակներ էին։
25 Նա, որ ելավ առաջինը, ամբողջովին կարմիր և թավամազ մորթ ուներ. նրան կոչեց Եսավ։
26 Ապա ելավ նրա եղբայրը՝ Եսավի գարշապարից բռնած։ Նրան էլ կոչեց Հակոբ։ Իսահակը վաթսուն տարեկան էր, երբ Ռեբեկան ծնեց նրանց։
27 Մանուկները մեծացան։ Եսավը հմուտ որսորդ էր և դաշտ ու ձորի մարդ, իսկ Հակոբը մեղմաբարո էր ու տնակյաց։
28 Իսահակը սիրում էր Եսավին, քանի որ նրա որսի միսն էր իր կերակուրը, իսկ Ռեբեկան սիրում էր Հակոբին։
29 Մի անգամ Հակոբն ապուր էր եփել։ Եսավը դաշտից եկավ քաղցից ուժասպառ և
30 Հակոբին ասաց. «Տո՛ւր ինձ ճաշակելու այդ շիկապուրից, որովհետև քաղցից ուժասպառ եմ»։ Դրա համար էլ նրան Եդովմ կոչեցին։
31 Իսկ Հակոբը Եսավին ասաց. «Այսօր վաճառի՛ր ինձ քո անդրանիկությունը»։
32 Եսավը պատասխանեց. «Ահա ես մահվան եմ գնում, ինչի՞ս է պետք անդրանիկությունը»։
33 Եվ Հակոբն ասաց նրան. «Երդվի՛ր ինձ այսօր»։ Նա երդվեց և իր անդրանիկությունը վաճառեց Հակոբին։
34 Եվ Հակոբը հաց ու ոսպապուր տվեց Եսավին։ Նա կերավ, խմեց ու վեր կացավ գնաց։ Այսպես Եսավն անարգեց իր անդրանիկությունը։