Genesis 24
1 Աբրահամը ծերացել էր, տարիքն առել։ Եվ Տերն օրհնել էր Աբրահամին ըստ ամենայնի։
2 Աբրահամն ասաց իր տան ավագագույն ծառային՝ իր ամբողջ ունեցվածքի կառավարչին. «Ձեռքդ դի՛ր իմ ազդրի տակ։
3 Երդվեցնում եմ քեզ Տիրոջ՝ երկնքի Աստծու և երկրի Աստծու անունով, որ իմ որդի Իսահակի համար կին չես առնի քանանացիների դուստրերից, որոնց մեջ ես բնակվում եմ,
4 այլ կգնաս այն երկիրը, որտեղ ծնվել եմ, իմ ցեղի մոտ, և այնտեղից իմ որդի Իսահակի համար կին կընտրես»։
5 Ծառան նրան ասաց. «Գուցե կինը չցանկանա գալ ինձ հետ այս երկիրը։ Այդ դեպքում քո որդուն տանե՞մ այն երկիրը, որտեղից եկել ես»։
6 Աբրահամն ասաց. «Զգո՛ւյշ եղիր, իմ որդուն այնտեղ չվերադարձնես։
7 Տերը՝ երկնքի Աստվածը և երկրի Աստվածը, որ ինձ հանեց իմ հոր տնից ու այն երկրից, որտեղ ծնվել եմ, նա, որ խոսեց ինձ հետ ու խոստացավ ինձ՝ ասելով. “Քո սերունդներին եմ տալու այս երկիրը”, իր հրեշտակին կուղարկի քո առաջ, և այնտեղից կին կառնես իմ որդի Իսահակի համար։
8 Իսկ եթե կինը չուզենա քեզ հետ գալ այս երկիրը, քո տված երդումից անպարտ լինես, միայն թե իմ որդուն չվերադարձնես»։
9 Ծառան ձեռքը դրեց իր տիրոջ՝ Աբրահամի ազդրի տակ և երդվեց նրան այդ բանի համար։
10 Ծառան վերցրեց իր տիրոջ ուղտերից տասը ուղտ, նաև իր տիրոջ բոլոր բարիքներից և ճանապարհ ընկավ դեպի Միջագետք՝ Նաքովրի քաղաքը։
11 Երեկոյան, այն ժամին, երբ կանայք գալիս էին ջուր հանելու, ուղտերին նստեցրեց քաղաքից դուրս՝ ջրհորի մոտ։
12 Եվ ասաց. «Տե՛ր, իմ տեր Աբրահամի՛ Աստված, այսօր ինձ հաջողությո՛ւն պարգևիր և ողորմի՛ր իմ տեր Աբրահամին։
13 Ահա ես ջրի աղբյուրի մոտ եմ, և այս քաղաքի բնակիչների դուստրերը գալիս են ջուր հանելու։
14 Թող լինի մի կույս, որին ես ասեմ՝ “Սափորդ իջեցրո՛ւ, որ խմեմ”, իսկ նա ինձ ասի՝ “Խմի՛ր, քո ուղտերին էլ ջուր կտամ, մինչև հագենան խմելուց”։ Եվ նա թող լինի այն կույսը, որին նախատեսել ես քո ծառա Իսահակի համար, և դրանով էլ իմանամ, որ բարեհաճ եղար իմ տեր Աբրահամի նկատմամբ»։
15 Նա մտքում դեռ չէր վերջացրել իր խոսքը, երբ եկավ Ռեբեկան, որը Աբրահամի եղբայր Նաքովրի Մեղքա կնոջ որդի Բաթուելի դուստրն էր. նա ուսին սափոր ուներ։
16 Աղջիկն արտաքինով շատ գեղեցիկ էր։ Նա կույս էր, որին տղամարդ դեռ չէր մերձեցել։ Նա իջավ աղբյուրի մոտ, լցրեց իր սափորն ու ելավ։
17 Ծառան ընդառաջ գնաց նրան ու ասաց. «Թող այդ սափորից մի քիչ ջո՛ւր խմեմ»։
18 Եվ նա ասաց. «Խմի՛ր, տե՛ր», և սափորը փութով իջեցրեց իր բազուկների վրա ու խմեցրեց նրան,
19 մինչև որ հագեցավ։ Ապա ասաց. «Քո ուղտերի համար էլ ջուր կհանեմ, մինչև բոլորն էլ հագենան»։
20 Նա սափորի ջուրն անմիջապես թափեց գուռի մեջ և նորից վազեց ջրհորը՝ ջուր հանելու, և բոլոր ուղտերի համար ջուր հանեց։
21 Ծառան ուշադիր հետևում էր նրան ու փորձում հասկանալ, թե Տերը հաջողեցրե՞ց իր գործը, թե՞ ոչ։
22 Երբ բոլոր ուղտերը հագեցան, ծառան նրան տվեց ոսկե գինդեր՝ յուրաքանչյուրը մեկ դահեկանի քաշով, և տասը դահեկանի քաշով երկու ապարանջան դրեց նրա ձեռքերին։
23 Ապա հարցրեց նրան՝ ասելով. «Ո՞ւմ դուստրն ես դու, ասա՛ ինձ, քո տանը մեզ համար իջևանելու տեղ կա՞»։
24 Աղջիկը պատասխանեց նրան. «Ես Բաթուելի՝ Մեղքայի և Նաքովրի որդու դուստրն եմ»։
25 Ապա ավելացրեց. «Հարդ ու խոտ շատ ունենք, նաև իջևանելու տեղ»։
26 Ծառան ուրախացավ, երկրպագեց Աստծուն
27 և ասաց. «Օրհնյա՜լ է Տերը՝ իմ տեր Աբրահամի Աստվածը, որ իմ տիրոջը չզրկեց իր արդարությունից ու ճշմարտությունից։ Տերն ինձ առաջնորդեց իմ տիրոջ եղբոր տունը»։
28 Իսկ աղջիկը վազեց իր մոր տուն ու պատմեց կատարվածի մասին։
29 Ռեբեկան մի եղբայր ուներ, որի անունը Լաբան էր։ Լաբանը դուրս վազեց դեպի աղբյուրը՝ ծառայի մոտ։
30 Գինդերն ու իր քրոջ ձեռքերի ապարանջանները տեսնելով և իր քույր Ռեբեկայից լսելով, թե՝ «Այսպես խոսեց ինձ հետ այդ մարդը»՝ մոտեցավ ծառային, որ դեռ կանգնած էր իր ուղտերի կողքին՝ աղբյուրի մոտ,
31 և ասաց նրան. «Արի՛, տո՛ւն մտիր, Տիրո՛ջ օրհնյալդ, ինչո՞ւ ես կանգնել դրսում։ Ես քեզ համար օթևան և քո ուղտերի համար տեղ եմ պատրաստել»։
32 Ծառան մտավ տուն և ուղտերի վրայից թամբերն իջեցրեց։ Ուղտերին հարդ ու խոտ տվեցին, իսկ նրա ու նրա հետ եկածների ոտքերը լվալու համար՝ ջուր։
33 Ապա նրանց առաջ հաց դրեցին, որ ուտեն։ Ծառան ասաց. «Չեմ ուտի, մինչև չասեմ ասելիքս»։ Նրանք ասացին. «Խոսի՛ր»։
34 Նա ասաց. «Ես Աբրահամի ծառան եմ։
35 Տերը մեծապես օրհնեց իմ տիրոջը, և նա մեծ մարդ դարձավ։ Նրան տվեց արջառներ ու ոչխարներ, արծաթ ու ոսկի, ծառաներ ու աղախիններ, ուղտեր ու էշեր։
36 Սառան՝ իմ տիրոջ կինը, ծերության հասակում իմ տիրոջ համար մի որդի ծնեց, և իր ողջ ունեցվածքը նրան տվեց։
37 Եվ իմ տերն ինձ երդվեցրեց ու ասաց. “Իմ որդի Իսահակի համար կին չառնես քանանացիների աղջիկներից, որոնց երկրում ես պանդուխտ եմ,
38 այլ կգնաս իմ հոր տուն ու իմ տոհմի մոտ և այնտեղից կին կբերես իմ որդու համար”։
39 Ես իմ տիրոջն ասացի. “Գուցե կինն ինձ հետ չգա”։
40 Նա ասաց ինձ. “Տերը՝ իմ Աստվածը, որի կամքի համաձայն ես ապրեցի, քեզ հետ կուղարկի իր հրեշտակին և կհաջողեցնի քո առաքելությունը, և իմ ցեղից ու իմ հոր տնից կին կառնես իմ որդու համար։
41 Եվ միայն այն ժամանակ դու ազատված կլինես իմ նզովքից, երբ գնաս իմ տոհմի մոտ, և կին չտան, այն ժամանակ ինձ տված երդումից ազատ կլինես”։
42 Երբ այսօր աղբյուրի մոտ եկա, ասացի. “Տե՛ր, իմ տեր Աբրահամի՛ Աստված, եթե հաջողեցնելու ես իմ առաքելությունը, որի համար ես այժմ եկել եմ,
43 ահա ես հասել եմ ջրի աղբյուրի մոտ, և քաղաքի բնակիչների դուստրերը գալիս են ջուր հանելու։ Այն կույսը, որին ասեմ՝ “Քո սափորից մի քիչ ջուր տուր խմելու”,
44 և նա ասի ինձ՝ “Խմի՛ր, քո ուղտերի համար էլ ջուր կհանեմ”, նա թող լինի այն կինը, որին նախատեսել է Տերը իր ծառա Իսահակի համար։ Դրանից կիմանամ, որ բարեհաճ ես եղել իմ տեր Աբրահամի նկատմամբ”։
45 Եվ դեռ իմ մտքում չէի վերջացրել իմ խոսքը, երբ իսկույն եկավ Ռեբեկան, որ ուսին սափոր ուներ, իջավ աղբյուրը և ջուր հանեց։ Ես ասացի նրան. “Ինձ ջո՛ւր տուր խմելու”։
46 Նա փութով իջեցրեց սափորն ու ասաց. “Դու խմի՛ր, հետո քո ուղտերին էլ ջուր կտամ”։ Ես խմեցի, և նա իմ ուղտերին էլ ջուր տվեց։
47 Ես նրան հարցրի ու ասացի. “Դու ո՞ւմ դուստրն ես, ասա՛ ինձ”։ Նա պատասխանեց. “Ես Մեղքայի և Նաքովրի որդի Բաթուելի դուստրն եմ”։ Ես գինդեր դրեցի նրա ականջներին, ապարանջաններ՝ նրա ձեռքերին
48 և գոհանալով երկրպագեցի Տիրոջը, օրհնեցի նրան՝ իմ տեր Աբրահամի Աստծուն, որ առաջնորդեց ինձ ուղիղ ճանապարհով՝ իմ տիրոջ եղբոր աղջկան կին առնելու նրա որդու համար։
49 Արդ, ասե՛ք ինձ, իմ տիրոջ նկատմամբ շնորհ և արդարություն ցուցաբերելո՞ւ եք։ Իսկ եթե ոչ, ասե՛ք ինձ, որ աջ կամ ձախ գնամ»։
50 Լաբանն ու Բաթուելը պատասխանելով ասացին. «Տիրոջ կամքն է այդ, և մենք չէ, որ այո կամ ոչ պիտի ասենք։
51 Ահա Ռեբեկան քո առջևում է, ա՛ռ և գնա՛։ Եվ թող դառնա քո տիրոջ որդու կինը, ինչպես ասել է Տերը»։
52 Երբ Աբրահամի ծառան լսեց նրանց խոսքերը, երկրպագեց Տիրոջը։
53 Ծառան հանեց ոսկե և արծաթե զարդեր ու զգեստներ և տվեց Ռեբեկային։ Նա նվերներ տվեց նաև նրա եղբայրներին ու մորը։
54 Կերան ու խմեցին նաև այն մարդիկ, որոնք նրա հետ էին, և ապա քնեցին։ Առավոտյան վեր կենալով՝ նա ասաց. «Ճանապարհե՛ք ինձ, որ գնամ տիրոջս մոտ»։
55 Ռեբեկայի եղբայրներն ու մայրն ասացին. «Թող աղջիկը մեզ մոտ մնա մի տասը օր, հետո թող գնա»։
56 Ծառան ասաց նրանց. «Ինձ մի՛ պահեք, որովհետև Տերը հաջողեցրեց իմ առաքելությունը։ Թողե՛ք, որ գնամ տիրոջս մոտ»։
57 Ռեբեկայի եղբայրներն ասացին. «Կանչենք աղջկան և նրան հարցնենք»։
58 Կանչեցին Ռեբեկային ու հարցրին. «Կգնա՞ս այս մարդու հետ»։ Նա պատասխանեց. «Կգնամ»։
59 Եվ նրանք ճանապարհեցին իրենց քույր Ռեբեկային իր ունեցվածքով, ինչպես նաև Աբրահամի ծառային ու նրա ուղեկիցներին։
60 Եվ օրհնելով Ռեբեկային՝ ասացին. «Քո՛ւյր մեր, քո սերունդը թող հազարավոր ու բյուրավոր դառնա և ժառանգի քո թշնամիների քաղաքները»։
61 Ռեբեկան ու իր նաժիշտները վեր կացան, նստեցին ուղտերի վրա և այդ մարդու հետ ճանապարհ ընկան։ Ծառան վերցրեց Ռեբեկային ու գնաց։
62 Իսահակն անապատում էր՝ Տեսիլքի ջրհորի [𝕸 Բեեր-լախայ-ռոի ] մոտ, որովհետև բնակվում էր երկրի հարավային կողմում։
63 Իսահակը երեկոյան ելավ դաշտ՝ զբոսնելու։ Նա աչքերը բարձրացրեց ու տեսավ, որ տասը ուղտեր են գալիս։
64 Ռեբեկան նույնպես աչքերը վեր բարձրացրեց, տեսավ Իսահակին ու անմիջապես իջավ ուղտից
65 և հարցրեց ծառային. «Ո՞վ է այն մարդը, որ դաշտում մեզ ընդառաջ է գալիս»։ Ծառան պատասխանեց. «Նա իմ տերն է»։ Ռեբեկան առավ քողն ու գցեց իր վրա։
66 Ծառան Իսահակին պատմեց այն ամենը, ինչ արել էր։
67 Իսահակը մտավ իր մոր՝ Սառայի տունը, առավ Ռեբեկային, որը դարձավ նրա կինը։ Իսահակը սիրեց նրան և մխիթարվեց իր մոր՝ Սառայի մահվան վշտից։