Bible

Elevate

Your Sunday Morning Worship Service

Try RisenMedia.io Today!

Click Here

Genesis 2

:
Armenian - NEA
1 Այսպիսով ամբողջացան երկինքն ու երկիրը իրենց ողջ զարդարանքով։
2 Վեցերորդ [𝕸 յոթերորդ ] օրը Աստված ավարտեց արարման գործերը, յոթերորդ օրը արարման բոլոր գործերից հանգստացավ։
3 Աստված օրհնեց յոթերորդ օրը, սուրբ դարձրեց այն, քանի որ այդ օրը Աստված հանգստացավ արարման իր բոլոր գործերից։
4 ԱՅՍ Է ԵՐԿՆՔԻ ԵՎ ԵՐԿՐԻ ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ։ Այն օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը,
5 երկրի վրա դեռ դաշտային ոչ մի բույս չէր բուսել, և վայրի ոչ մի խոտ չէր աճել, որովհետև Տերը՝ Աստված, դեռ անձրև չէր տեղացրել երկրի վրա, և մարդ չկար, որ մշակեր հողը։
6 Աղբյուր էր բխում երկրից ու ոռոգում երկրի ամբողջ մակերևույթը։
7 Եվ Տերը՝ Աստված, մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դեմքին կյանքի շունչ փչեց, և մարդը եղավ ապրող էակ։
8 Աստված դրախտը տնկեց Եդեմում՝ արևելքում, և այնտեղ դրեց իր ստեղծած մարդուն։
9 Տերը՝ Աստված, երկրից նաև բուսցրեց ամեն տեսակի ծառ. գեղեցիկ՝ տեսնելու, և համեղ՝ ուտելու համար։ Դրախտի մեջ բուսցրեց նաև կենաց ծառը և բարու ու չարի գիտության ծառը։
10 Դրախտը ոռոգելու համար Եդեմից մի գետ էր բխում և այնտեղից բաժանվում էր չորս ճյուղերի։
11 Մեկի անունը Փիսովն էր։ Սա այն գետն է, որ հոսելով շրջապատում է ողջ Եվիլատ երկիրը, այնտեղ, որտեղ ոսկին է.
12 այդ երկրի ոսկին ընտիր է։ Այնտեղ նաև սուտակ և դահանակ ակնաքար կա։
13 Երկրորդ գետի անունը Գեհովն է։ Սա այն գետն է, որ հոսելով պատում է եթովպացիների ողջ երկիրը։
14 Երրորդ գետը Տիգրիսն է, որ հոսում է Ասորեստանի արևելքով։ Չորրորդ գետը Եփրատն է։
15 Տերը՝ Աստված, վերցրեց իր ստեղծած մարդուն և դրեց բարօրության դրախտում [𝕸 Էդենի պարտեզում ], որպեսզի մշակի և պահպանի այն։
16 Տերը՝ Աստված, պատվիրեց Ադամին՝ ասելով. «Դրախտում եղած ամեն մի ծառից կարող ես ուտել,
17 բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, անպայման կմեռնեք»։
18 Տերը՝ Աստված, ասաց. «Լավ չէ, որ մարդը միայնակ լինի։ Նրան իր նման մի օգնական ստեղծենք»։
19 Եվ Տերը՝ Աստված, ստեղծեց նաև վայրի բոլոր գազաններին և երկնքի բոլոր թռչուններին ու բոլորին բերեց Ադամի մոտ՝ տեսնելու, թե նրանց ի՛նչ է անվանելու։ Ադամն ինչ անուն որ տվեց ամեն մեկին, այն էլ եղավ դրա անունը։
20 Այսպիսով Ադամն անուններ տվեց բոլոր անասուններին, երկնքի բոլոր թռչուններին և վայրի բոլոր գազաններին, բայց Ադամին իրեն նման օգնական չգտնվեց։
21 Եվ Տերը՝ Աստված, թմրություն բերեց Ադամի վրա, և նա նիրհեց։ Ապա հանեց նրա կողոսկրերից մեկը և այդ տեղը լցրեց մսով։
22 Տերը՝ Աստված, Ադամից վերցրած կողոսկրից կին արարեց և նրան բերեց Ադամի մոտ։
23 Եվ Ադամն ասաց. «Արդ, սա ոսկոր է իմ ոսկորներից և մարմին՝ իմ մարմնից։ Սա թող կին կոչվի, որովհետև իր ամուսնուց վերցվեց»։
24 Այդ պատճառով տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և գնա իր կնոջ հետևից, և երկուսը մեկ մարմին պիտի լինեն։
25 Երկուսն էլ՝ թե՛ Ադամը և թե՛ իր կինը, մերկ էին, սակայն չէին ամաչում։