Bible

Connect

With Your Congregation Like Never Before

Try RisenMedia.io Today!

Click Here

Genesis 1

:
Armenian - NEA
1 ՍԿԶԲՈՒՄ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը։
2 Երկիրը աներևույթ էր ու անպատրաստ. խավար էր տիրում անհունի վրա, և Աստծու հոգին շրջում էր ջրերի վրա։
3 Եվ Աստված ասաց. «Թող լույս լինի»։ Եվ լույս եղավ։
4 Աստված տեսավ, որ լույսը լավ է։ Եվ Աստված միմյանցից բաժանեց լույսն ու խավարը։
5 Աստված լույսն անվանեց ցերեկ, իսկ խավարը՝ գիշեր։ Եղավ երեկո, եղավ առավոտ. եղավ մեկ օր։
6 Ապա Աստված ասաց. «Ջրերի միջև թող հաստատություն լինի, և թող ջրերը բաժանվեն ջրերից»։ Եվ այդպես եղավ։
7 Աստված ստեղծեց հաստատությունը և անջրպետ դրեց հաստատությունից ներքև եղած ջրերի և հաստատությունից վերև եղած ջրերի միջև։
8 Աստված հաստատությունն անվանեց երկինք։ Աստված տեսավ, որ լավ է։ Եղավ երեկո, եղավ առավոտ. օր երկրորդ։
9 Ապա Աստված ասաց. «Երկնքի տակ եղող ջրերը թող ի մի հավաքվեն, և երևա ցամաքը»։ Այդպես էլ եղավ. երկնքի տակ եղող ջրերը ի մի հավաքվեցին, և երևաց ցամաքը։
10 Աստված ցամաքն անվանեց երկիր, իսկ հավաքված ջրերը՝ ծովեր։ Աստված տեսավ, որ լավ է։
11 Ապա Աստված ասաց. «Հողն ըստ իրենց տեսակի ու նմանության սերմ տվող խոտաբույսեր թող աճեցնի և պտղաբեր ծառեր, որ ըստ իրենց տեսակի ու նմանության սերմ պարունակող պտուղ տան երկրի վրա»։ Այդպես էլ եղավ.
12 հողը ողջ երկրի վրա եղող սերմնատու խոտաբույսեր աճեցրեց, ինչպես նաև պտղաբեր ծառեր, որ ըստ իրենց տեսակի սերմ պարունակող պտուղ տան երկրի վրա։ Աստված տեսավ, որ լավ է։
13 Եղավ երեկո, եղավ առավոտ. օր երրորդ։
14 Ապա Աստված ասաց. «Երկնքի հաստատության մեջ թող լուսատուներ լինեն՝ երկիրը լուսավորելու և ցերեկն ու գիշերը միմյանցից բաժանելու համար։ Դրանք նաև ժամանակ՝ օրեր և տարիներ, ցույց տվող նշաններ թող լինեն,
15 և լույս տան երկնքի հաստատության մեջ՝ երկիրը լուսավորելու համար»։ Այդպես էլ եղավ։
16 Աստված երկու մեծ լուսատուներ ստեղծեց, որոնցից մեծ լուսատուն՝ ցերեկն իշխելու համար, իսկ փոքր լուսատուն՝ գիշերն իշխելու։ Ստեղծեց նաև աստղեր։
17 Աստված դրանք դրեց երկնքի հաստատության մեջ՝ երկիրը լուսավորելու,
18 ցերեկն ու գիշերը իշխելու և լույսը խավարից բաժանելու համար։ Աստված տեսավ, որ լավ է։
19 Եղավ երեկո, եղավ առավոտ. օր չորրորդ։
20 Ապա Աստված ասաց. «Թող ջրերը կենդանի շունչ ունեցող զեռուններ հանեն, և երկրից վերև՝ երկնքի հաստատության մեջ, թևավոր թռչուններ լինեն»։ Այդպես էլ եղավ։
21 Աստված ստեղծեց մեծ կետերին և կենդանի շունչ ունեցող բոլոր զեռուններին, որոնց հանեցին ջրերը՝ ըստ իրենց տեսակների, և թևավոր բոլոր թռչուններին՝ ըստ տեսակների։ Աստված տեսավ, որ լավ են։
22 Աստված օրհնեց դրանց ու ասաց. «Աճե՛ք, բազմացե՛ք և լցրե՛ք ծովերի ջրերը, իսկ թռչունները թող բազմանան երկրի վրա»։
23 Եղավ երեկո, եղավ առավոտ. օր հինգերորդ։
24 Ապա Աստված ասաց. «Երկիրը թող շնչավոր էակներ հանի ըստ տեսակների՝ չորքոտանիներ, սողուններ և երկրի գազաններ՝ ըստ տեսակների»։ Այդպես էլ եղավ։
25 Աստված ստեղծեց երկրի գազաններին՝ իրենց տեսակներով, ընտանի կենդանիներին՝ իրենց տեսակներով և երկրի բոլոր սողուններին՝ իրենց տեսակներով։ Աստված տեսավ, որ լավ են։
26 Եվ Աստված ասաց. «Մարդ ստեղծենք ըստ մեր պատկերի և նմանության, և թող իշխեն ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի կենդանիների և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»։
27 Եվ Աստված ըստ իր պատկերի ստեղծեց մարդուն։ Ըստ Աստծու պատկերի ստեղծեց նրան։ Արու և էգ ստեղծեց նրանց։
28 Եվ օրհնեց նրանց Աստված՝ ասելով. «Աճե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, տիրե՛ք դրան, իշխե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, բոլոր կենդանիների և ողջ երկրի, ինչպես նաև երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»։
29 Աստված նաև ասաց. «Ահա ձեզ իբրև կերակուր տվեցի սերմ տվող սերմանելի բույսերը՝ տարածված ողջ երկրի վրա, և իր պտուղի մեջ սերմանելի սերմ ունեցող բոլոր ծառերը։
30 Իսկ բոլոր դալար խոտերն իբրև կերակուր՝ երկրի բոլոր կենդանիներին, երկնքի բոլոր թռչուններին և երկրի վրա սողացող բոլոր սողուններին, այսինքն՝ բոլոր շնչավոր արարածներին»։ Եվ եղավ այդպես։
31 Աստված տեսավ, որ այն ամենը, ինչ ստեղծել էր, շատ լավ են։ Եղավ երեկո, եղավ առավոտ. օր վեցերորդ։