Genesis 11
1 Այն ժամանակ ողջ երկրով մեկ մարդիկ մեկ լեզու ունեին և նույն բառերը։
2 Երբ նրանք արևելքից շարժվեցին, Սենաար երկրում մի դաշտավայր գտան և բնակվեցին այնտեղ։
3 Եվ միմյանց ասացին. «Եկեք աղյուս թափենք ու այն թրծենք հրով»։ Եվ նրանք աղյուս ունեցան՝ իբրև քար, և կուպր՝ իբրև շաղախ։
4 Այնուհետև ասացին. «Եկեք մեզ համար մի քաղաք կառուցենք և մի աշտարակ, որի գագաթը հասնի մինչև երկինք, և մեզ համար անուն ստեղծենք ողջ երկրի վրա սփռվելուց առաջ»։
5 Տերն իջավ՝ տեսնելու այն քաղաքն ու աշտարակը, որ կառուցում էին մարդկանց որդիները։
6 Եվ Տերն ասաց. «Սրանք մեկ ազգ են, մեկ լեզու ունեն և սկսել են այս կառուցել։ Արդ, ոչինչ չի պակասում նրանց՝ իրենց ցանկությունն ի կատար ածելու։
7 Եկեք իջնենք և խառնենք նրանց լեզուներն այնպես, որ մեկը մյուսին չհասկանա»։
8 Եվ Տերը՝ Աստված, այնտեղից նրանց սփռեց ողջ երկրի երեսին, և նրանք դադարեցին քաղաքն ու աշտարակը կառուցելուց։
9 Այդ պատճառով էլ այն կոչվեց Խառնակություն [𝕸 Բաբել ], որովհետև Տերը՝ Աստված, այնտեղ խառնեց ամբողջ երկրի բնակիչների լեզուները և այնտեղից նրանց սփռեց ողջ աշխարհով։
10 ԱՅՍ Է ՍԵՄԻ ՍԵՐՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ Սեմը հարյուրամյա հասակում՝ ջրհեղեղից հետո երկրորդ տարում, ծնեց Արփաքսադին։
11 Սեմն Արփաքսադին ծնելուց հետո ապրեց ևս հինգ հարյուր տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր և մեռավ։
12 Արփաքսադը հարյուր երեսունհինգ տարեկան հասակում ծնեց Սաղային։
13 Արփաքսադը Սաղային ծնելուց հետո ապրեց ևս երեք հարյուր երեսուն տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր և մեռավ։
14 Սաղան հարյուր երեսուն տարեկան հասակում ծնեց Եբերին։
15 Սաղան Եբերին ծնելուց հետո ապրեց ևս երեք հարյուր երեսուն տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր և մեռավ։
16 Եբերը հարյուր երեսունչորս տարեկան հասակում ծնեց Փաղեկին։
17 Եբերը Փաղեկին ծնելուց հետո ապրեց ևս երկու հարյուր յոթանասուն տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր և մեռավ։
18 Փաղեկը հարյուր երեսունչորս տարեկան հասակում ծնեց Ռագավին։
19 Փաղեկը Ռագավին ծնելուց հետո ապրեց ևս երկու հարյուր ինը տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր և մեռավ։
20 Ռագավը հարյուր երեսուներկու տարեկան հասակում ծնեց Սերուքին։
21 Ռագավը Սերուքին ծնելուց հետո ապրեց ևս երկու հարյուր յոթ տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր և մեռավ։
22 Սերուքը հարյուր երեսուն տարեկան հասակում ծնեց Նաքովրին։
23 Սերուքը Նաքովրին ծնելուց հետո ապրեց ևս երկու հարյուր տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր և մեռավ։
24 Նաքովրը յոթանասունինը տարեկան հասակում ծնեց Թարային։
25 Նաքովրը Թարային ծնելուց հետո ապրեց ևս հարյուր քսաներկու տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր և մեռավ։
26 Թարան յոթանասուն տարեկան հասակում ծնեց Աբրամին, Նաքովրին և Առանին։
27 ԱՅՍ Է ԹԱՐԱՅԻ ՍԵՐՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ Թարան ծնեց Աբրամին, Նաքովրին ու Առանին, իսկ Առանը ծնեց Ղովտին։
28 Առանը մեռավ իր հորից՝ Թարայից առաջ այն երկրում, որտեղ ծնվել էր՝ քաղդեացիների աշխարհում [𝕸 Ուր ]։
29 Աբրամն ու Նաքովրը իրենց համար կանայք առան։ Աբրամի կնոջ անունը Սարայ էր, իսկ Նաքովրի կնոջ անունը՝ Մեղքա, որը դուստրն էր Առանի. նա հայրն էր Մեղքայի և Հեսքայի։
30 Սարայն ամուլ էր և չէր ծնում։
31 Թարան իր հետ վերցրեց իր որդի Աբրամին, իր որդի Նաքովրին, իր որդի Առանի որդի Ղովտին, իր հարս Սարային՝ իր որդի Աբրամի կնոջը, և նրանց հանեց քաղդեացիների աշխարհից, որպեսզի գնան քանանացիների երկիրը։ Բայց Խառան հասնելով՝ բնակվեցին այնտեղ։
32 Թարայի օրերը Խառանում եղան երկու հարյուր հինգ տարի, և մեռավ Խառանում։