Ezekiel 44NEA

1Ինձ հետ դարձրեց սրբարանի արտաքին դռան ճանապարհով, որ նայում էր դեպի արևելք։ Այն փակված էր։

2Տերն ինձ ասաց. «Այդ դուռը փակ է մնալու ու չի բացվելու, նրանով ոչ ոք չի անցնելու, որպեսզի Իսրայելի Տերը՝ Աստված, մտնի այդտեղով։ Այն փակ է լինելու,

3որովհետև առաջնորդ իշխանն է ներսում նստելու՝ Տիրոջ առաջ հաց ուտելու համար։ Նա մտնելու է դռան կամարի տակի ճանապարհով և նույն տեղով էլ դուրս է գալու»։

4Նա ինձ տարավ մի դռնով, որ դեպի հյուսիս՝ տաճարի դիմաց էր նայում։ Տեսնում էի. ահա Տիրոջ տունը լի էր Տիրոջ փառքով։ Երեսս ի վայր ընկա ու խոնարհություն արեցի։

5Տերն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, սրտիդ մե՛ջ դիր, աչքերովդ տե՛ս ու ականջներովդ լսի՛ր այն ամենը, ինչ որ քեզ կասեմ Տիրոջ տաճարի բոլոր հրահանգների ու նրա օրենքների մասին։ Դու սրտիդ մեջ կպահես այդ տաճար մտնելու ու նրա սրբարանից ելնելու կարգը։

6Կասես Իսրայելի ժողովրդին՝ դառնացնող ժողովրդին. “Այսպես է ասում Տերը՝ Աստված. թող բավական լինեն ձեր բոլոր անօրենությունները, ո՛վ տունդ Իսրայելի,

7որ ձեր մեջ եք մտցրել այլազգիներին՝ սրտով անթլփատներին ու մարմնով անթլփատներին։ Նրանք մտել են իմ սրբարանը և պղծել այն, մինչ դուք մատուցում էիք իմ հացը՝ ճարպով ու արյունով։ Դուք, որ զանց եք առնում ուխտս ձեր բոլոր անօրենություններով,

8չեք պահել ու պահպանել սրբավայրերս, այլազգիներին եք պահապան կարգել իմ սրբություն սրբոցի վրա”»։

9Ուստի այսպես է ասում Տերը՝ Աստված. «Ոչ մի օտարածին զավակ՝ սրտով անթլփատ ու մարմնով անթլփատ, չի մտնելու իմ սրբարանը, ոչ մեկն այն այլազգիների բոլոր որդիներից, որ կան Իսրայելի այդ տանը։

10Նաև ղևտացիները, որոնք ինձնից հեռացել են, երբ ժողովուրդը մոլորվել էր, մոլորվել-հեռացել ինձնից՝ հետևելով իրենց խորհուրդներին,- նրանք էլ են պատժվելու ըստ իրենց անօրենությունների։

11Նրանք իմ սրբարանում՝ այդ տան դռներին, դռնապան ծառաներ են լինելու և տաճարի սպասավորներ։ Նրանք են մորթելու ժողովրդի ողջակեզներն ու զոհաբերությունները. նրանք են կանգնելու ժողովրդի առաջ՝ լինելով նրա սպասավորները։

12Այն բանի համար, որ իրենք սպասավորներ էին նրանց կուռքերի առաջ, այդ անիրավության համար էլ Իսրայելի տունը տանջանքների է մատնվել։ Դրա համար ձեռքս բարձրացրի նրանց վրա,- ասում է Տերը՝ Աստված,- և ըստ իրենց անիրավությունների էլ նրանք պատժվելու են։

13Թող ինձ չմերձենան նրանք, ինձ համար քահանա չլինեն ու չդիպչեն ո՛չ Իսրայելի զավակների սրբություններին, ո՛չ էլ իմ ամենասուրբ բոլոր սրբություններին։ Նրանք կրելու են իրենց անարգանքն իրենց արած մոլորության համար։

14Նրանց պահապան են կարգել այն տան, նրա բոլոր գործերի, այն ամենի վրա, ինչ անելու են այնտեղ»։

15«Իսկ ղևտացի քահանաները՝ Սադովկի այն որդիները, որոնք պահպանել են իմ սրբարանը, երբ Իսրայելի տունը մոլորվել-հեռացել էր ինձնից,- նրանք մերձենալու են ինձ՝ պաշտամունք մատուցելու համար ինձ։ Կանգնելու են իմ դիմաց և ինձ զոհեր, ճարպ ու արյուն են մատուցելու,- ասում է Տերը՝ Աստված։-

16Նրանք մտնելու են իմ սրբարանը, մերձենալու են սեղանիս՝ ինձ պաշտամունք մատուցելու, և պահպանություն են անելու։

17Երբ նրանք ներքին գավթի դռնով մտնեն, պետք է կտավե պատմուճաններ հագած լինեն և իրենց պաշտամունքը մատուցելու ժամանակ բրդեղեն հագած չպետք է լինեն՝ սկսած ներքին գավթի դռնից։

18Գլուխներին կտավե խույրեր են ունենալու, սրունքներին՝ կտավե անդրավարտիքներ։ Ծանր հագնված չպետք է լինեն։

19Ու երբ դուրս գան արտաքին գավիթ՝ ժողովրդի մոտ, հանելու են իրենց պատմուճանները, որոնցով պաշտամունք են մատուցում, դրանք դնելու են սուրբ սենյակը և հագնելու են ուրիշ պատմուճաններ, որպեսզի ժողովրդին իրենց պատմուճաններով չսրբագործեն։

20Գլուխները չեն ածիլելու, մազերը չեն նոսրացնելու. պինդ ծածկելու են իրենց գլուխները։

21Ներքին գավիթ մտնելիս ոչ մի քահանա գինի թող չխմի։

22Որբևայրի կամ արձակված կնոջն իրենց կին թող չառնեն, այլ Իսրայելի տան ծնունդ կույսերի կամ քահանայից մնացած որբևայրու։

23Եվ իմ ժողովրդին թող սովորեցնեն ընտրություն կատարել սրբի ու պղծվածի, անարատի ու արատավորվածի միջև։

24Արյան դատաստանի ժամանակ նրանք քննիչ թող լինեն, ըստ իմ օրենքների դատաստան անեն և ըստ իմ կանոնների իրավունք գործադրեն։ Բոլոր տոներին իմ օրենքներն ու հրահանգները թող պահեն, շաբաթներս սուրբ պահեն։

25Մարդու դիակի մոտ թող չգան, որ չպղծվեն, բացի հոր կամ մոր, որդու կամ դստեր, եղբոր կամ չամուսնացած քրոջ դիակից։

26Եվ այն սրբագործելուց հետո պետք է հաշվել յոթ օր.

27ո՛ր օրը ներքին գավիթը, սրբավայրը մտնեն՝ պաշտամունք մատուցելու, քավության զոհ թող մատուցեն,- ասում է Տերը՝ Աստված։-

28Նրանք ուրիշ ժառանգություն չեն ունենալու, քանի որ ես եմ նրանց համար ժառանգություն. Իսրայելի զավակների մեջ նրանց կալվածք թող չտրվի, քանի որ ես եմ նրանց համար ժառանգություն։

29Նրանք են ուտելու զոհերը՝ մեղքերի համար լինեն դրանք թե հանցանքի, ու Իսրայելի բոլոր նվերները նրանցն են լինելու։

30Բոլոր առաջին պտուղները, բոլոր առաջին ծնունդները, ձեր բոլոր պտուղների երախայրիքը քահանաներինն են լինելու։ Ձեր առաջին բերքը քահանային եք տալու, որպեսզի ձեր տներն օրհնի։

31Քահանաները չեն ուտելու որևէ մեռելոտի, լինի գազան, հոշոտած թռչուն կամ անասուն»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Ezekiel 44.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.