1Նա ինձ դուրս բերեց և հանեց այն դռան մոտ, որ արևելք էր նայում։
2Եվ ահա Իսրայելի Աստծու փառքը գալիս էր արևելքի ճանապարհով. բանակի ձայնը գալիս էր բազմության ձայնի արձագանքի պես։ Գետինը չորս կողմից լուսավորվեց փառքի լույսով։
3Եվ տեսիլքը, որ ես էի տեսնում, նման էր այն տեսիլքին, որ ես տեսա, երբ քաղաքն օծելու էի մտնում։ Իմ տեսած կառքի տեսիլքը նման էր այն տեսիլքին, որ ես տեսա Քոբար գետի մոտ։ Երեսս ի վայր ընկա։
4Տիրոջ փառքը արևելք նայող դռնով տաճար մտավ։
5Հոգին ինձ բարձրացրեց ու տարավ ներքին գավիթը։ Ահա տաճարը լի էր Տիրոջ փառքով։
6Ես էլ կանգնած էի այնտեղ։ Ահա մի ձայն այն տաճարից խոսում էր ինձ հետ։ Մի մարդ կար մոտս.
7նա ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, տեսա՞ր իմ գահավորակի տեղը, իմ ոտնահետքերի տեղը. դրանցով է հավիտյան ապրելու անունս Իսրայելի մեջ։ Իսրայելի զավակներն այլևս չեն պղծելու իմ սուրբ անունը, ո՛չ իրենք, ո՛չ նրանց առաջնորդներն իրենց պոռնկությամբ, ո՛չ էլ նրանց միջի իշխանները՝ իրենց սպանություններով,
8երբ դուռս դնեմ նրանց դռների, սեմս՝ նրանց սեմերի մոտ։ Նրանք պարիսպներ են կանգնեցրել իմ ու իրենց միջև, իրենց կատարած անօրենությամբ պղծել են իմ սուրբ անունը։ Խորտակեցի նրանց իմ բարկությամբ և սպանելով։
9Գոնե հիմա իրենց պոռնկությունը, իրենց իշխանների սպանությունն ինձնից հեռու պահեն։ Եվ ես հավիտյան բնակություն կհաստատեմ նրանց մեջ։
10Դու էլ, մարդո՛ւ որդի, Իսրայելի տանը ցո՛ւյց տուր այդ տաճարը, ու թող հետ կանգնեն իրենց մեղքերից։ Ցո՛ւյց տուր դրա պատկերը, ձևն ու հորինվածքը։
11Եվ նրանք թող տանջանքներ ստանան իրենց կատարած ամեն ինչի համար։ Նկարի՛ր այդ տաճարը, նրա կառուցվածքը, ելքը, մուտքն ու կահավորանքը։ Դրա բոլոր պատվիրաններն ու օրենքները, կանոնները ցո՛ւյց տուր նրանց, գրի՛ր նրանց առաջ։ Եվ թող պահեն իմ բոլոր օրենքներն ու պատվիրաններն ու կատարեն դրանք։
12Լեռան կատարի տան պատկերը, նրա չորս կողմերի սահմանները ամենասուրբ են։ Այս է տաճարի օրենքը»։
13Զոհասեղանի չափն այս է. մի կանգուն բարձրությունը, մի կանգուն ու չորս մատ՝ խորությունը, մի կանգուն՝ լայնությունը, մի թիզ՝ եզրերի շուրջ գտնվող պսակը։ Այս է զոհասեղանի բարձրությունը.
14փորվածքի սկզբից մինչև մեծ քավությունը՝ տակից երկու կանգուն, մի կանգուն լայնությամբ, փոքր քավությունից մինչև մեծ քավությունը՝ չորս կանգուն, մի կանգուն լայնությամբ։
15Զոհասեղանը՝ չորս կանգուն, բնից վեր մինչև եղջյուրները՝ մեկ կանգուն,
16զոհասեղանը չորս կողմերից՝ տասներկուական կանգուն, լայնությամբ ու երկարությամբ քառակուսի։
17Քավությունը տասնչորս կանգուն երկարությամբ էր, տասնչորս կանգուն լայնությամբ, չորս կողմերից էլ հավասար. նրան շրջապատող եզրերը՝ կես կանգուն, շրջանակը՝ մեկ կանգուն։ Աստիճաններն էլ արևելյան էին։
18Տերն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, այսպես է ասում Տերը՝ Աստված. “Զոհասեղանը գործածելու օրվա հրահանգները սրանք են՝ նրա վրա ողջակեզ մատուցել, շուրջը արյուն ցողել։
19Սադովկի որդուց սերած ղևտացի քահանաներին, որոնք պաշտամունք մատուցելու համար ինձ կմոտենան,- ասում է Տերը՝ Աստված,- մեղքերի քավության համար նախիրից մի զվարակ կտաս ողջակիզելու։
20Թող վերցնեն սրա արյունից, դնեն զոհասեղանի չորս եղջյուրներին և քավության չորս անկյուններին, ցանեն հատակի շուրջն ու դրանով սրբագործեն։
21Թող վերցնեն մեղքերի համար ողջակիզվող զվարակը և այրեն տաճարում առանձնացված մի տեղում՝ սրբարանից դուրս։
22Երկրորդ օրը առանց արատի այծերից երկու նոխազ թող վերցնեն իրենց մեղքերի համար, սրբագործեն զոհասեղանը, ինչպես որ զվարակով սրբագործեցին։
23Քավությունը սրբագործելը վերջացնելուց հետո թող նախիրներից առանց արատի մի զվարակ մատուցեն, հոտից էլ՝ առանց արատի մի խոյ.
24դրանք մատուցեն Տիրոջ առաջ, քահանաները դրանց վրա աղ ցանեն ու տանեն ողջակիզելու Տիրոջ համար։
25Թող յոթ օր անընդհատ իրենց մեղքերի համար մի նոխազ մատուցեն, նախիրներից՝ մի զվարակ, հոտերից՝ առանց արատի մի խոյ,
26ու յոթ օր սրբագործեն զոհասեղանը, մաքրեն այն։ Թող մաքրեն նաև իրենց ձեռքերը։ Երբ օրերն ավարտվեն,
27և երբ ութերորդ օրը լինի, քահանաները թող սեղանի վրա անեն ձեր ողջակեզը, և դա թող լինի ձեր փրկության համար։ Ես էլ կընդունեմ ձեզ”»,- ասում է Տերը՝ Աստված։