Bible

Designed

For Churches, Made for Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

Exodus 23

:
Armenian - NEA
1 «Ականջ մի՛ դիր սուտ լուրերին։ Մի՛ գործակցիր անիրավի հետ՝ սուտ վկայելով։
2 Մեծամասնությանը հետևելով՝ չար գործերի հետևից մի՛ ընկիր։ Բազմությանը մի՛ խառնվիր՝ անիրավություն գործելու համար նրան ենթարկվելով։
3 Դատի ժամանակ մի՛ խղճա հանցավորին աղքատ լինելու համար։
4 Եթե հանդիպես քո թշնամու մոլորված եզանը կամ էշին, դրան վերադարձրո՛ւ և հասցրո՛ւ իր տիրոջը։
5 Եթե տեսնես, որ քո ընկերոջ գրաստն ընկել է ծանր բեռան պատճառով, նրա կողքից անտարբեր մի՛ անցիր, այլ միասին բարձրացրե՛ք այն։
6 Աղքատի իրավունքը մի՛ անտեսիր նրա դատի ժամանակ։
7 Քեզ հեռո՛ւ պահիր ամեն տեսակ անիրավ բաներից։ Մի՛ սպանիր անպարտին ու արդարին։ Մեղավորին կաշառքով մի՛ արդարացրու։
8 Կաշառք չվերցնես, որովհետև կաշառքը կուրացնում է անգամ պայծառ տեսնողների աչքերը և ապականում արդար խոսքերը։
9 Պանդուխտին մի՛ նեղեք. դուք գիտեք պանդուխտ մարդկանց վիճակը, որովհետև դուք ևս պանդուխտ էիք եգիպտացիների երկրում»։
10 «Վեց տարի կսերմանես քո հողը և կհավաքես դրա բերքը։
11 Յոթերորդ տարում պիտի թողնես, որ այն հանգստանա։ Ինքնաբույս բերքը թող ուտեն քո ազգի աղքատները, իսկ դրանից ավելացածները՝ վայրի գազանները։ Այդպես կվարվես քո այգու և քո ձիթաստանի հետ։
12 Վեց օր կաշխատես, իսկ յոթերորդ օրը կթողնես, որ հանգստանան քո եզն ու էշը, հանգստանան նաև քո աղախնու որդին և օտարականը։
13 Ինչ որ ասացի ձեզ, կկատարեք։ Օտար աստվածների մի՛ պաշտեք, և նրանց անունները ձեր բերանից թող չլսվեն»։
14 «Տարվա մեջ երեք անգամ ինձ համար տոն կկատարեք։
15 Բաղարջակերաց տոնը կպահեք։ Կանխոց ամսին յոթ օր բաղարջ հաց կուտեք, ինչպես պատվիրել եմ ձեզ, որովհետև դուք այդ ժամանակ ելաք եգիպտացիների երկրից։ Իմ առաջ դատարկաձեռն չերևաս։
16 Կկատարես ամառվա քո առաջին բերքը քաղելու տոնը, ինչ էլ ցանած լինես քո հանդում։ Տոն կկատարես նաև տարվա վերջում, երբ հանդից հավաքած կլինես քո բերքը։
17 Քո ժողովրդի բոլոր արու զավակները տարվա մեջ երեք անգամ պետք է ներկայանան Տիրոջը՝ քո Աստծուն։
18 Քո արած զոհաբերության արյունը թթխմորով հացի վրա չթափես և իմ տոնին արված զոհաբերության ճարպը մինչև առավոտ չպահես։
19 Քո առաջին բերքի արդյունքը կբերես Տիրոջ՝ քո Աստծու տունը։ Գառն իր մոր կաթի մեջ չեփես»։
20 «Եվ ահա ես իմ հրեշտակին ուղարկում եմ քո առջևից՝ քեզ ճանապարհին պահպանելու ու այն երկիրը տանելու, որ պատրաստեցի քեզ համար։
21 Զգո՛ւյշ եղիր, լսի՛ր ու հնազանդվի՛ր նրան, որպեսզի նա չխորշի քեզնից, որովհետև նա իմ անունով է գործելու։
22 Եթե ուշադիր լսես իմ խոսքը և կատարես այն ամենը, ինչ ասել եմ քեզ, կլինեմ քո թշնամիների թշնամին և քո հակառակորդների հակառակորդը,
23 որովհետև իմ հրեշտակն առաջնորդելու է քեզ և տանելու է քեզ դեպի ամորհացիները, քետացիները, փերեզացիները, քանանացիները, գերգեսացիները, խևացիներն ու հեբուսացիները, և կոտորելու եմ նրանց։
24 Չերկրպագես նրանց աստվածներին, չպաշտես նրանց և չկատարես այն, ինչ նրանք են կատարում, այլ քարուքա՛նդ արա դրանք և փշրի՛ր նրանց արձանները։
25 Պաշտի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, և ես կօրհնեմ քո հացը և քո ջուրը և ձեզնից կվանեմ հիվանդությունները։
26 Քո երկրում անսերմ տղամարդ և ամուլ կին չեն լինելու։ Ես ավելացնելու եմ քո կյանքի տարիները։
27 Ես պիտի ուղարկեմ իմ ահը, որ առաջնորդի քեզ, պիտի սարսափեցնեմ բոլոր այն ազգերին, որոնց երկիրը պիտի մտնես։ Քո բոլոր հակառակորդներին փախուստի պիտի մատնեմ։
28 Քո առջևից իշամեղուներ պիտի ուղարկեմ, որ քեզնից հեռու քշեն ամորհացիներին, խևացիներին, քանանացիներին ու քետացիներին։
29 Մի տարվա ընթացքում չէ, որ պիտի հեռացնեմ նրանց քեզնից, որպեսզի երկիրը անապատի չվերածվի, և քո շրջակայքում չբազմանան երկրի գազանները։
30 Կամաց-կամաց պիտի հեռացնեմ նրանց քեզնից, մինչև որ բազմանաս ու ժառանգես երկիրը։
31 Քո երկրի տարածքը սահմանելու եմ Կարմիր ծովից մինչև Փղշտացիների [ Միջերկրական ] ծովը և անապատից մինչև Եփրատ մեծ գետը։ Ձեր ձեռքը պիտի հանձնեմ այդ երկրի բնակիչներին ու նրանց հեռու պիտի քշեմ քեզնից։
32 Դու նրանց ու նրանց աստվածների հետ ուխտ չկապես։
33 Նրանք քո երկրում չպիտի բնակվեն, որպեսզի իմ նկատմամբ հանցանքի չմղեն քեզ, որովհետև եթե ծառայես նրանց աստվածներին, նրանք գայթակղություն կլինեն քեզ համար»։