Exodus 22
1 Եթե գողը գողության պահին նկատվի և խոցվելով մահանա, դա սպանություն չպետք է համարվի։
2 Իսկ եթե գիշերային գողը արևածագից հետո սպանվի, սպանողը մահապարտ է և մահվամբ պիտի հատուցի։ Եթե գողը հատուցելու ոչինչ չունենա, ապա թող վաճառվի իր գողության փոխարեն։
3 Իսկ եթե նա բռնվի, և գողոնը՝ արջառ, էշ կամ ոչխար, իր ձեռքում լինի, կրկնակի թող հատուցի։
4 Եթե մեկն իր անասունն արածեցնելիս թույլ է տալիս, որ անասունն արածի ուրիշի հանդում, ապա իր հանդից թող հատուցի ըստ փչացրած բերքի չափի։ Իսկ եթե հանդը փչացրել է ամբողջությամբ, ապա թող հատուցի իր հանդի ու իր այգու ընտիր հատվածով։
5 Եթե կրակը փշերն այրելով տարածվի ու այրի մեկ ուրիշի կալը կամ ցորենի շեղջը կամ հանդը, ապա կրակ անողը թող վնասը հատուցի։
6 Եթե մեկը մի մարդու արծաթ կամ որևէ այլ իր տա պահելու, և այն գողացվի այդ մարդու տնից, եթե գողը գտնվի, թող կրկնակին հատուցի,
7 իսկ եթե գողը չգտնվի, ապա տան տերը թող Աստծու առաջ երդվի, որ ինքն ամենևին չի յուրացրել այդ մարդու ավանդը։
8 Արջառի ու էշի, ոչխարի ու հագուստի և ամեն տեսակ բաների կորուստներին վերաբերող և վեճ հարուցող խնդիրների իսկությունը պարզելու նպատակով երկու կողմերը թող կանգնեն Աստծու դատաստանի առաջ։ Նրանցից ում Աստված մեղավոր ճանաչի, նա կրկնակին թող հատուցի մյուսին։
9 Եթե մեկը մի մարդու էշ, եզ, ոչխար կամ որևէ այլ անասուն պահ տա, և այն վնասվածք ստանա, սատկի կամ հափշտակվի, և այդ բանը հաստատող ոչ մի վկա չլինի,
10 ապա երկուսի միջև թող Աստծուն տրված երդումը որպես վկայություն լինի։ Նա, ում մոտ անասունը պահ է տրված եղել, եթե երդվի, որ երբեք նենգ մտադրություն չի ունեցել մյուսի տված ավանդի նկատմամբ, ապա տերը թող բավարարվի դրանով, իսկ պահողը թող չտուգանվի։
11 Իսկ եթե ապացուցվի, որ յուրացրել է այն, ապրանքի տիրոջը թող հատուցի վնասը։
12 Իսկ եթե պահ տրված անասունին մի գազան է հոշոտել, որպես ապացույց նա թող բերի անասունի լեշը և վնասը չհատուցի։
13 Եթե մեկը իր կամ անասուն խնդրի մեկ ուրիշից, որը ջարդվի կամ սատկի կամ հափշտակվի, և տերը ներկա չլինի, թող վնասը հատուցի։
14 Եթե տերը ներկա լինի, թող չհատուցի։ Եթե վարձով է առել, վարձը բավական թող լինի»։
15 «Եթե մեկը խաբի չնշանված մի կույսի և պառկի նրա հետ, թող օժիտ վճարի ու ամուսնանա նրա հետ։
16 Եվ եթե աղջկա հայրը չհամաձայնի նրան կնության տալ իր աղջկան, խաբողը նրա հորը արծաթ թող վճարի այնքան, ինչքան սահմանված է կույսերի համար։
17 Մի՛ թողեք, որ կախարդներն ապրեն։
18 Ով կենակցի անասունի հետ, նրան մահապատժի՛ ենթարկեք։
19 Ով կուռքերին զոհ մատուցի, մահապատժի թող ենթարկվի։ Զո՛հ մատուցեք միայն Տիրոջը։
20 Պանդուխտին մի՛ չարչարեք և մի՛ նեղեք նրան, որովհետև դուք ևս պանդուխտ էիք եգիպտացիների երկրում։
21 Ոչ մի այրի կնոջ կամ որբի մի՛ տանջեք։
22 Եթե տանջեք նրանց, և նրանք բողոք բարձրացնելով դիմեն ինձ, ես կլսեմ նրանց ձայնը,
23 սաստիկ կբարկանամ, սրով կկոտորեմ ձեզ, և ձեր կանայք այրի կդառնան, իսկ ձեր մանուկները՝ որբ։
24 Եթե արծաթ ես փոխ տալիս աղքատ մեկին, նեղը մի՛ գցիր նրան և տոկոսներ մի՛ պահանջիր նրանից։
25 Եթե գրավ վերցնես մեկի բաճկոնը, մինչև արևի մայր մտնելը վերադարձրո՛ւ այն,
26 որովհետև դա նրա և՛ վերարկուն է, և՛ նրա մերկությունը ծածկող հանդերձը, որով և նա քնում է։ Եվ եթե նա բողոքի ինձ, ես կլսեմ նրան, որովհետև ողորմած եմ։
27 Քո Աստծուն մի՛ վատաբանիր և քո ժողովրդի իշխանին մի՛ հայհոյիր։
28 Քո կալի ու հնձանի արդյունքը մի՛ կտրիր ինձնից։ Քո որդիների անդրանիկներին ինձ կնվիրաբերես։
29 Նույն կերպ կվարվես քո արջառի, ոչխարի ու էշի հետ։ Դրանք յոթ օր թող մնան իրենց մոր մոտ, իսկ ութերորդ օրը դրանք կնվիրաբերես ինձ։
30 Դուք ինձ համար սուրբ մարդիկ պիտի լինեք, որովհետև ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։ Գազանի հոշոտած կենդանու միս մի՛ կերեք, այլ շա՛նը նետեք»։