Exodus 14
1 Տերն ասաց Մովսեսին.
2 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ, որ վերադառնան և բանակեն Մագդովղի ու ծովի միջև գտնվող Հանգրվանում [𝕸 Պի հախիրոտ ]՝ Բեեղսեպփովնի դիմաց։ Դրա դիմաց՝ ծովեզերքին, թող բանակեն։
3 Եվ փարավոնը կասի իր ժողովրդին. “Իսրայելի որդիները մոլորվել են երկրում, քանի որ անապատը շրջափակել է նրանց”։
4 Ես պիտի կարծրացնեմ փարավոնի սիրտը. նա պիտի հետապնդի նրանց, և պիտի փառավորվեմ փարավոնի ու նրա ողջ զորքի միջոցով։ Եվ բոլոր եգիպտացիները պիտի իմանան, որ ես եմ Տերը»։ Եվ արեցին այդպես։
5 Եգիպտացիների արքային հայտնեցին, որ ժողովուրդը փախել է։ Փարավոնն ու նրա պաշտոնյաները զղջացին և ասացին. «Այս ի՞նչ արեցինք. ինչո՞ւ արձակեցինք Իսրայելի որդիներին, որ այլևս չեն ծառայելու մեզ»։
6 Եվ փարավոնը
7 լծեց իր կառքերն ու իր հետ վերցրեց իր բոլոր մարտիկներին։ Վերցրեց վեց հարյուր ընտիր կառքեր, եգիպտացիների ողջ հեծելազորն ու սպառազեն մարդկանց։
8 Տերը կարծրացրեց եգիպտացիների արքա փարավոնի սիրտը, և նա հետապնդեց Իսրայելի որդիներին։ Իսկ Իսրայելի որդիները գնում էին Բարձր ձեռքի առաջնորդությամբ։
9 Եգիպտացիները հետապնդեցին նրանց ու նրանց գտան ծովեզերքի մոտ բանակած։ Փարավոնի ողջ հեծելազորն ու կառքերը, նրա հեծյալներն ու բանակը կանգնեցին Հանգրվանի մոտ՝ Բեեղսեպփովնի դիմաց։
10 Փարավոնը մոտեցավ։ Իսրայելի որդիները, բարձրացնելով աչքերը, տեսան, որ եգիպտացիները գալիս են իրենց հետևից, և սաստիկ վախեցան։ Եվ Իսրայելի որդիներն աղաղակեցին առ Աստված
11 ու ասացին Մովսեսին. «Եգիպտացիների երկրում գերեզմաններ չկայի՞ն, որ հանեցիր մեզ անապատում սպանվելու։ Այս ի՞նչ արեցիր մեզ հետ՝ հանելով մեզ Եգիպտոսից։
12 Մի՞թե եգիպտացիների երկրում քեզ չասացինք. “Թո՛ւյլ տուր, որ ծառայենք եգիպտացիներին”։ Մեզ համար ավելի լավ էր ծառայել եգիպտացիներին, քան մեռնել այս անապատում»։
13 Եվ Մովսեսն ասաց ժողովրդին. «Քաջալերվե՛ք, պի՛նդ կացեք և կտեսնեք փրկությունը Տիրոջից, որ անելու է ձեզ համար այսօր, քանի որ այնպես, ինչպես այսօր կտեսնեք եգիպտացիներին, այլևս հավիտյանս չեք տեսնի։
14 Տե՛րը պիտի պատերազմի ձեր փոխարեն, իսկ դուք լռե՛ք»։
15 Տերն ասաց Մովսեսին. «Ինչո՞ւ ես կանչում ինձ։ Ասա՛ Իսրայելի որդիներին, որ գնան։
16 Իսկ դու ա՛ռ գավազանդ, ձեռքդ մեկնի՛ր ծովի վրա, ճեղքի՛ր այն, և Իսրայելի որդիները թող մտնեն ծովն ու անցնեն ցամաքով։
17 Ես կկարծրացնեմ փարավոնի և բոլոր եգիպտացիների սրտերը, և կգան դրանց հետևից, ու ես կփառավորվեմ փարավոնի, նրա ամբողջ զորքի, կառքերի ու հեծելազորի առաջ։
18 Եվ բոլոր եգիպտացիները կիմանան, որ ես եմ Տերը, երբ փառավորվեմ փարավոնի, նրա կառքերի ու հեծելազորի առաջ»։
19 Եվ Իսրայելի որդիների բանակի առջևից գնացող Աստծու հրեշտակն անցավ նրանց հետևը։ Նրանց առջևից վեր բարձրացավ նաև ամպի սյունն ու կանգնեց նրանց թիկունքին,
20 ապա մտավ եգիպտացիների ու Իսրայելի բանակների միջև։ Խավար ու մեգ եղավ։ Գիշերն անցավ, բայց ողջ գիշեր բանակներն իրար չմոտեցան։
21 Մովսեսը ձեռքը մեկնեց ծովի վրա, և Տերը հարավային հողմի ուժով ողջ գիշեր ծովը հետ մղեց և ծովը ցամաք դարձրեց՝ պատռելով ջուրը։
22 Իսրայելի որդիները մտան ծովի մեջ, ինչպես ցամաքի, ու ջուրը նրանց աջ ու ձախ կողմերից պարիսպ դարձավ։
23 Եգիպտացիները հետապնդեցին, և փարավոնի ամբողջ հեծելազորը, նրա կառքերն ու հեծյալները նրանց հետևից մտան ծովը։
24 Առավոտյան Տերը հրի ու ամպի սյան միջով նայեց եգիպտացիների բանակին և խուճապի մատնեց եգիպտացիների բանակը։
25 Նա կապեց նրանց կառքերի անիվները, և սկսեցին դժվարությամբ շարժվել։ Եգիպտացիներն ասացին. «Հեռո՛ւ փախչենք Իսրայելի որդիներից, որովհետև Տերն է նրանց փոխարեն պատերազմում եգիպտացիներիս դեմ»։
26 Եվ Տերն ասաց Մովսեսին. «Ձեռքդ մեկնի՛ր ծովի վրա, և ջրերը թող վերամիանան ու ծածկեն եգիպտացիներին, նրանց կառքերն ու հեծյալներին»։
27 Մովսեսը ձեռքը մեկնեց ծովի վրա, և ջրերն առավոտյան լցվեցին իրենց տեղը։ Եգիպտացիները փորձեցին փախչել ջրից, բայց Տերը եգիպտացիներին ընկղմեց ծովում
28 և ջուրը հետ բերելով՝ ծածկեց կառքերը, հեծյալներին ու փարավոնի ամբողջ զորքը, որոնք ծովն էին մտել նրանց հետ։ Նրանցից ոչ ոք կենդանի չմնաց։
29 Իսկ Իսրայելի որդիներն անցան ծովի միջով, ինչպես ցամաքի վրայով, և ջուրը նրանց աջ ու ձախ կողմերից պարիսպ էր դարձել։
30 Եվ Տերն այդ օրը Իսրայելի որդիներին փրկեց եգիպտացիների ձեռքից։ Իսրայելը տեսավ եգիպտացիների դիակները ծովի ափին։
31 Երբ Իսրայելի որդիները տեսան, թե Տերն ինչպիսի՛ հզոր ձեռքով պատուհասեց եգիպտացիներին, վախեցան Տիրոջից, հավատացին Աստծուն ու նրա ծառա Մովսեսին։