Bible

Simplify

Your Church Tech & Streamline Your Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

Exodus 12

:
Armenian - NEA
1 Տերը եգիպտացիների երկրում Մովսեսին ու Ահարոնին ասաց.
2 «Այս ամիսը թող ձեզ համար ամիսների սկիզբը լինի. այն թող տարվա առաջին ամիսը լինի։
3 Խոսի՛ր Իսրայելի որդիների ողջ ժողովրդի հետ՝ ասելով. “Այս ամսի տասներորդ օրը ամեն մարդ թող մի գառ առնի իր ընտանիքի համար՝ ամեն մի տան համար մի գառ։
4 Եթե մի տանը քիչ են, որ չեն կարող մեկ գառ ուտել, ապա թող կանչեն իրենց հարևանին կամ ընկերոջն այն հաշվով, որ բավարար լինեն գառի համար։
5 Գառը կատարյալ, արու, մեկ տարեկան ու առանց արատի պիտի լինի՝ ոչխարներից կամ այծերից։
6 Այն կպահեք մինչև այս ամսի տասնչորսերորդ օրը, և Իսրայելի որդիները այն թող մորթեն երեկոյան։
7 Թող վերցնեն նրա արյունից ու քսեն այն տան դռան երկու սյուներին ու բարավորին, որտեղ այն ուտելու են։
8 Այդ գիշեր թող ուտեն միսը՝ կրակի վրա խորոված, բաղարջ հացով ու դառը խոտերով։
9 Դրանցից հում կամ խաշած չուտեք, այլ կրակի վրա խորովելով։ Կուտեք նաև գլուխը, ոտքերն ու փորոտիքը։
10 Առավոտյան դրանից ոչինչ թող չմնա։ Եվ ոչխարի ոսկորները մի՛ ջարդեք, ու ինչ որ ավելանա առավոտյան, կրակով կայրեք։
11 Կուտեք այսպես. ձեր գոտիները թող ձեր մեջքին լինեն, ձեր կոշիկները՝ ձեր ոտքերին, ձեր ցուպերը՝ ձեր ձեռքին։ Արագ կուտեք, որովհետև Տիրոջ զատիկն է։
12 Այդ գիշեր ես պիտի անցնեմ եգիպտացիների ողջ երկրով և պիտի հարվածեմ եգիպտացիների երկրի բոլոր անդրանիկներին՝ մարդկանցից մինչև անասուն։ Եվ եգիպտացիների բոլոր աստվածներից վրեժ պիտի լուծեմ, որովհետև ես եմ Տերը։
13 Եվ նշված արյունը այն տների վրա, որտեղ ուտելու եք, թող ձեր նշանը լինի։ Եվ տեսնելով այդ արյունը՝ պիտի խնայեմ ձեզ, և ձեր գլխին մահաբեր հարվածներ չեն իջնի, երբ հարվածեմ եգիպտացիների երկիրը։
14 Այդ օրը ձեզ համար հիշատակի օր թող լինի, և դուք իբրև Տիրոջ տո՛ն տոնեք այն սերնդեսերունդ, որպես հավիտենական օրե՛նք տոնեք այն”»։
15 «Յոթ օր բաղարջ հաց կուտեք. առաջին իսկ օրից ձեր տնից կվերացնեք թթխմորը։ Բոլոր նրանք, ովքեր առաջին օրից մինչև յոթերորդ օրը թթխմորով հաց կուտեն, թող վերանան Իսրայելի միջից։
16 Առաջին օրը թող սուրբ հռչակվի։ Թող սուրբ լինի նաև յոթերորդ օրը։ Այդ օրերին ոչ մի աշխատանք չկատարեք, այլ կատարեք միայն ա՛յն, ինչ կապված է յուրաքանչյուր մարդու անձնական կարիքների հետ։
17 Իմ այս պատվիրանները կպահեք, քանի որ այդ օրը ձեր բանակը հանելու եմ եգիպտացիների երկրից։ Այդ օրը, իբրև հավիտենական օրենք, կնշեք սերնդեսերունդ։
18 Առաջին ամսվա տասնչորսերորդ օրվա երեկոյից սկսած՝ բաղարջ հաց կուտեք մինչև ամսի քսանմեկերորդ օրվա երեկոն։
19 Յոթ օր ձեր տներում թթխմոր չպիտի լինի։ Բոլոր նրանք, ովքեր թթխմորով հաց կուտեն, թող վերանան Իսրայելի միջից։ Ձեր երկիր եկած եկվորներ լինեն թե տեղաբնակներ,
20 ոչ ոք թթխմորով հաց թող չուտի։ Ձեր բոլոր բնակավայրերում բաղարջ հաց պիտի ուտեք»։
21 Մովսեսը կանչեց Իսրայելի որդիների ողջ ավագանուն ու նրանց ասաց. «Գնացե՛ք, ձեր յուրաքանչյուր ընտանիքի համար մի գա՛ռ առեք և մորթե՛ք զատկի համար։
22 Վերցրե՛ք մի մշտիկ, դռան մոտ այն թաթախե՛ք արյան մեջ և դրանով նշա՛ն արեք դռան երկու սյուներին ու բարավորին։ Բայց ձեզնից ոչ ոք մինչև առավոտ իր տան դռնից թող դուրս չգա։
23 Տերն անցնելու է եգիպտացիներին կոտորելու համար։ Նա, տեսնելով դռան բարավորի և երկու սյուների վրայի արյունը, կանցնի այդ դռան մոտով և ոչնչացնողին թույլ չի տա մտնել ձեր տներն ու կոտորել ձեզ։
24 Կատարե՛ք այս ամենը, և այն թող հավիտենական օրենք լինի ձեզ և ձեր որդիների համար մինչև հավիտյան։
25 Եվ եթե մտնեք այն երկիրը, որ Տերը, ինչպես որ խոստացել է, տալու է ձեզ, կկատարեք այդ ծեսը։
26 Եվ եթե պատահի, որ ձեր որդիները հարցնեն ձեզ, թե՝ “Ի՞նչ է այս ծեսը”,
27 նրանց կասեք, որ սա Տիրոջ համար զատկի զոհն է, երբ Եգիպտոսում խնայեց Իսրայելի որդիների տները, մինչ հարվածում էր եգիպտացիներին, և մեր տները փրկեց»։ Եվ ժողովուրդը խոնարհվեց ու երկրպագեց։
28 Իսրայելի որդիները գնացին ու արեցին այնպես, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին ու Ահարոնին։
29 Կեսգիշեր եղավ, և Տերը հարվածեց եգիպտացիների երկրի բոլոր անդրանիկներին՝ փարավոնի գահաժառանգ անդրանիկից մինչև բանտարկված գերու անդրանիկը, նաև անասունների բոլոր առաջնածիններին։
30 Գիշերը վեր կացավ փարավոնը, ինչպես նաև նրա բոլոր պաշտոնյաներն ու բոլոր եգիպտացիները։ Եգիպտացիների ողջ երկրում մեծ աղաղակ բարձրացավ, որովհետև տուն չկար, որտեղ մահացած մեկը չլիներ։
31 Փարավոնը գիշերով կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց նրանց. «Վե՛ր կացեք և հեռացե՛ք իմ ժողովրդից, և՛ դուք, և՛ Իսրայելի որդիները. գնացեք պաշտե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն, ինչպես որ ասացիք։
32 Ձեզ հետ վերցնելով ձեր արջառն ու ոչխարը՝ գնացե՛ք, ինչպես որ ասացիք, բայց ի՛նձ էլ օրհնեցեք»։
33 Եվ եգիպտացիներն ստիպում էին նրանց շուտ հեռանալ երկրից, որովհետև ասում էին. «Բոլորս էլ կմեռնենք»։
34 Ժողովուրդն իր հունցած, բայց դեռևս չհասած խմորը շորերի մեջ փաթաթելով՝ ուսն առավ։
35 Իսրայելի որդիներն արեցին այնպես, ինչպես իրենց հրամայել էր Մովսեսը. եգիպտացիներից խնդրեցին ոսկյա և արծաթյա իրեր ու զգեստներ։
36 Եվ Տերը շնորհ արեց իր ժողովրդին եգիպտացիների առաջ, և զարդեր տվեցին նրանց. այսպես կողոպտեցին եգիպտացիներին։
37 Եվ Իսրայելի որդիները՝ վեց հարյուր հազար հետիոտն այր, չհաշված կանանց ու երեխաներին, Ռամեսեից մեկնեցին դեպի Սոկքովթ։
38 Նրանց հետ ճանապարհ ընկավ մի խառն բազմություն, իրենց հետ նաև մեծ քանակությամբ արջառ, ոչխար ու անասուն։
39 Նրանք Եգիպտոսից հանած ու դեռ չհասունացած խմորով բաղարջ հաց եփեցին, որովհետև այն դեռ չէր խմորվել, քանի որ եգիպտացիները երկրից հանել էին իրենց, և իրենք չէին կարողացել սպասել ու իրենց համար ճանապարհի պաշար չէին պատրաստել։
40 Իսրայելի որդիներն իրենք ու իրենց հայրերը քանանացիների երկրում և եգիպտացիների երկրում ապրեցին չորս հարյուր երեսուն տարի։
41 Երբ չորս հարյուր երեսուն տարին լրացավ, նույն օրն իսկ Տիրոջ ամբողջ ժողովուրդը գիշերով եգիպտացիների երկրից դուրս եկավ։
42 Տերն այն գիշեր անքուն մնաց, որպեսզի նրանց դուրս բերի եգիպտացիների երկրից. դրա համար այդ գիշերը Իսրայելի որդիների համար սերնդեսերունդ պիտի լինի հսկումի գիշեր։
43 Տերը Մովսեսին ու Ահարոնին ասաց. «Սա է զատկի կարգը. ոչ մի օտարական չպիտի ուտի դրանից։
44 Որևէ մեկի ծառան ու փողով գնված ստրուկը կարող է ուտել, եթե նախ թլփատվի։
45 Պանդուխտն ու վարձկանը թող չուտեն դրանից։
46 Տան մեջ պետք է ուտվի այն. միսը տնից դուրս չպիտի հանեք և դրա ոսկորը չպիտի ջարդեք։
47 Իսրայելի ողջ ժողովուրդը պետք է կատարի դա։
48 Եթե մի օտարական մոտենա ձեզ և ցանկանա կատարել Տիրոջ զատիկը, նախ պետք է թլփատվեն նրա բոլոր արու զավակները, և ապա միայն նա կարող է մոտենալ՝ կատարելու այն, ինչպես տեղաբնակը։ Ոչ մի անթլփատ դրանից չպետք է ուտի։
49 Օրենքը նույնն է և՛ տեղաբնակի, և՛ ձեզ մոտ ապրել ցանկացող օտարականի համար»։
50 Եվ Իսրայելի բոլոր որդիներն արեցին այնպես, ինչպես պատվիրել էր Տերը Մովսեսին ու Ահարոնին։
51 Ճիշտ այդ օրը Տերը Իսրայելի որդիներին իրենց բանակով հանեց եգիպտացիների երկրից։