Bible

Create

Inspiring Presentations Without Hassle

Try Risen Media.io Today!

Click Here

Ephesians 6

:
Armenian - NEA
1 Որդինե՛ր, հնազա՛նդ եղեք ձեր ծնողներին Տիրոջով, որովհետև դա է ճիշտը։
2 «Պատվի՛ր քո հորն ու մորը,- սա առաջին պատվիրանն է, որ խոստում ունի,-
3 որպեսզի բարիք գտնես, և երկրի վրա կյանքդ երկար լինի» ։
4 Հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր որդիներին, այլ նրանց մեծացրե՛ք Տիրոջ դաստիարակությամբ և կրթությամբ։
5 Ծառանե՛ր, հնազա՛նդ եղեք ձեր մարմնավոր տերերին ահով ու երկյուղածությամբ և անկեղծ սրտով, այնպես, ինչպես կհնազանդվեիք Քրիստոսին,
6 ոչ թե երեսպաշտությամբ ծառայելով, մարդկանց հաճելի լինելու համար, այլ որպես Քրիստոսի ծառաներ՝ Աստծու կամքը կատարելու համար։
7 Ծառայե՛ք հոժարությամբ, ինչպես կծառայեիք Տիրոջը և ոչ թե մարդկանց։
8 Իմացե՛ք, որ յուրաքանչյուր ոք՝ ծառա թե ազատ, ինչ բարիք որ գործած լինի, նույնն էլ Տիրոջից կստանա։
9 Դուք էլ, տերե՛ր, նույն կերպ վերաբերվե՛ք նրանց նկատմամբ՝ մի կողմ թողնելով սպառնալիքները։ Իմացե՛ք, որ թե՛ նրանք, թե՛ դուք Տեր ունեք երկնքում, և նրա առաջ աչառություն չկա։
10 Ուրեմն զորացե՛ք Տիրոջով և նրա զորության ուժով։
11 Զգեստավորվե՛ք Աստծու սպառազինությամբ, որպեսզի կարողանաք սատանայի հնարքներին դեմ կանգնել։
12 Մեր պատերազմը մարմնի ու արյան դեմ չէ, այլ իշխանությունների ու պետությունների, այս խավար աշխարհի տիրակալների և երկնքի տակ գտնվող չար ոգիների դեմ։
13 Ուստի առե՛ք Աստծու սպառազինությունը, որպեսզի կարողանաք հետ մղել չարին չար օրում և ամեն բան կատարելուց հետո հաստատուն մնալ։
14 Ամո՛ւր կանգնեք տեղում՝ ձեր մեջքը ճշմարտությամբ գոտեպնդելով, արդարությունը՝ որպես զրահ հագնելով,
15 խաղաղության Ավետարանը քարոզելու պատրաստակամությամբ ձեր ոտքերին ամրացնելով։
16 Եվ այս ամենի վրա առե՛ք հավատի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը։
17 Վերցրե՛ք նաև փրկության սաղավարտը և Սուրբ Հոգու սուսերը, այսինքն՝ Աստծու խոսքը։
18 Անդադար աղոթե՛ք ամեն տեսակ աղոթքներով ու խնդրանքներով Հոգու օգնությամբ, և սրա համար արթո՛ւն մնացեք կատարյալ հարատևությամբ և խնդրանքներով, բոլոր սրբերի համար։
19 Նաև ինձ համար, որպեսզի ինձ խոսք տրվի՝ բացելու բերանս և համարձակությամբ հայտնելու Ավետարանի խորհուրդը,
20 որի պատգամավորն եմ կապանքների մեջ, որպեսզի այն կարողանամ համարձակությամբ քարոզել, որ իմ պարտականությունն է։
21 Բայց որպեսզի դուք էլ ինձնից իմանաք, թե ի՛նչ եմ անում, ամեն ինչ ձեզ կպատմի Տյուքիկոսը՝ սիրելի եղբայրը և հավատարիմ սպասավորը Տիրոջով։
22 Նրան այդ նպատակով ուղարկեցի ձեզ մոտ, որպեսզի տեղեկություն ունենաք մեր մասին և մխիթարվեք։
23 Խաղաղությո՜ւն եղբայրներին և սե՜ր հավատով հանդերձ՝ Հայր Աստծուց և Տեր Հիսուս Քրիստոսից։
24 Շնո՜րհը բոլոր նրանց հետ, ովքեր սիրում են մեր Տեր Հիսուս Քրիստոսին անեղծ սիրով։