Bible

Focus

On Your Ministry and Not Your Media

Try RisenMedia.io Today!

Click Here

Ephesians 5

:
Armenian - NEA
1 Նմանվե՛ք Աստծուն՝ որպես իր սիրելի որդիներ,
2 և շարժվե՛ք սիրով, այնպես, ինչպես Քրիստոսը սիրեց մեզ և մեզ համար իրեն ընծա և զոհ մատուցեց Աստծուն՝ որպես անուշահոտություն։
3 Իսկ պոռնկության և ամեն տեսակ պղծության կամ ագահության մասին նույնիսկ չպետք է խոսվի ձեր մեջ, ինչպես վայել է սրբերին։
4 Վայել չեն նաև գռեհիկ կամ հիմար խոսակցությունները կամ խեղկատակությունը, այլ հատկապես գոհություն թող մատուցվի Աստծուն։
5 Մեկ բան հաստա՛տ իմացեք, որ որևէ պոռնիկ կամ պիղծ կամ ագահ, այսինքն՝ կռապաշտ, Քրիստոսի և Աստծու արքայության մեջ ժառանգություն չունի։
6 Ոչ ոք թող ձեզ դատարկ խոսքերով չխաբի, որովհետև այս բաների համար է Աստծու բարկությունը գալիս անհնազանդ մարդկանց վրա։
7 Այսուհետև նրանց հետ հաղորդակից մի՛ եղեք,
8 որովհետև թեպետ մի ժամանակ խավար էիք, բայց հիմա լույս եք Տիրոջով. ապրե՛ք որպես լույսի որդիներ.
9 որովհետև լույսի պտուղն ամեն բարության, արդարության ու ճշմարտության մեջ է։
10 Փորձե՛ք հասկանալ, թե ի՛նչն է հաճելի Տիրոջը,
11 և մասնակից մի՛ եղեք խավարի անպտուղ գործերին, այլ հատկապես բացահայտորեն դատապարտե՛ք դրանք,
12 որովհետև այն, ինչ նրանք ծածուկ անում են, այդ մասին խոսելն արդեն ամոթ է։
13 Իսկ այն ամենը, ինչ դատապարտվում է, հայտնի է դառնում լույսով, որովհետև ամեն ինչ, որ հայտնի է, լույս է։
14 Դրա համար ասվում է. «Արթնացի՛ր դու, որ քնած ես, վե՛ր կաց մեռելների միջից, և Քրիստոսը կլուսավորի քեզ»։
15 Ուշադրությո՛ւն դարձրեք ձեր ապրելակերպի վրա. մի՛ ապրեք անմիտների պես, այլ իմաստունների։
16 Օգտագործե՛ք ժամանակը, որովհետև օրերը չար են։
17 Ուստի անմիտ մի՛ եղեք, այլ իմացե՛ք, թե ո՛րն է Տիրոջ կամքը։
18 Մի՛ հարբեք գինով, որ անառակության է տանում, այլ հատկապես լցվե՛ք Սուրբ Հոգով՝
19 միմյանց հետ խոսելով սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերով և ձեր սրտերում երգելով և սաղմոս ասելով Տիրոջը։
20 Ամեն ինչի համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով միշտ գոհությո՛ւն հայտնեք Հորը և Աստծուն։
21 Հնազանդվե՛ք միմյանց Քրիստոսի հանդեպ ձեր ունեցած երկյուղով։
22 Կանայք թող հնազանդ լինեն իրենց ամուսիններին, ինչպես կհնազանդվեին Տիրոջը,
23 որովհետև ամուսինն է կնոջ գլուխը, այնպես, ինչպես Քրիստոս գլուխն է եկեղեցու՝ իր մարմնի, որի Փրկիչն ինքն է։
24 Եվ ինչպես եկեղեցին հնազանդվում է Քրիստոսին, այնպես էլ կանայք ամեն ինչում թող հնազանդվեն իրենց ամուսիններին։
25 Ամուսիննե՛ր, սիրե՛ք ձեր կանանց այնպես, ինչպես Քրիստոսը սիրեց եկեղեցին և իր անձը մատնեց նրա համար,
26 որպեսզի սրբացնի նրան ավազանի լվացումով և խոսքով,
27 որպեսզի իր առջև կանգնեցնի եկեղեցին ամբողջական փառքով, առանց որևէ արատի կամ աղտեղության կամ նմանատիպ թերության, այլ որպեսզի սուրբ և անարատ լինի։
28 Նույն ձևով ամուսինները պարտավոր են սիրել իրենց կանանց իբրև իրենց մարմինը։ Ով սիրում է իր կնոջը, ինքն իրեն է սիրում,
29 որովհետև ոչ ոք երբեք իր մարմինը չի ատում, այլ սնում և խնամում է այն, ինչպես Քրիստոսն է սնում ու խնամում եկեղեցին,
30 որովհետև նրա մարմնի անդամներն ենք՝ նրա մարմնից և նրա ոսկորներից։
31 «Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և հետևի իր կնոջը, և երկուսը մեկ մարմին պիտի լինեն» ։
32 Մեծ է այս խորհուրդը, բայց ես ասում եմ Քրիստոսի և եկեղեցու վերաբերյալ։
33 Նույնը վերաբերում է ձեզնից ամեն մեկին, որ յուրաքանչյուր ոք իր կնոջն այնպես սիրի, ինչպես ինքն իրեն, և կինը ակնածի իր մարդուց։