1Հացդ ջրի՛ն տուր՝ թող տանի, շատ օրեր անց պիտի նորից գտնես այն։
2Բաժի՛ն տուր յոթին էլ, ութին էլ, որովհետև ի՞նչ իմանաս, թե ի՛նչ չարիք պիտի լինի երկրի վրա։
3Երբ ամպերը լցվում են անձրևով, այն թափում են երկրի վրա։ Երբ ծառն ընկնում է դեպի հարավ կամ դեպի հյուսիս, ուր էլ ընկնի, այնտեղ էլ մնում է։
4Քամուն նայողը սերմ չի ցանի, ամպին նայողը հունձ չի անի,
5որովհետև անհնար է իմանալ, թե ո՛րն է քամու ճանապարհը։ Ինչպես որ հղի կնոջ արգանդում գոյացող ոսկորները, այնպես էլ Աստծու բոլոր գործերը, որոնք նա արել է և դեռ պիտի անի, ծածկված են քեզանից։
6Առավոտյան քո սերմը կցանես, բայց երեկոյան էլ ձեռքդ պարապ չթողնես, որովհետև չգիտես, թե որը հաջող կլինի՝ սա՞, թե՞ նա, կամ գուցե երկուսն էլ լավ լինեն միասին։
7Քաղցր է լույսը, և աչքի համար հաճելի է նայել արեգակին,
8որովհետև եթե մարդ բազում տարիներ ապրի և այդ բոլոր տարիներին էլ ուրախ լինի, պիտի հիշի նաև խավարի այն օրերը, որոնք խիստ շատ են լինելու, քանզի ամեն եկող բան ունայնություն է։
9Ուրախացի՛ր, երիտասա՛րդ, քո երիտասարդությամբ, սիրտդ թող զվարճացնի քեզ երիտասարդությանդ օրերին։ Գնա՛ քո սրտի անարատ ճանապարհով և քո աչքերի տեսածի համաձայն, բայց և իմացի՛ր, որ այս բոլորի համար Աստված քեզ դատաստանի պիտի ենթարկի։
10Եվ քո սրտից հեռո՛ւ վանիր տրտմությունը և չարությունը հանի՛ր քո մարմնից, որովհետև թե՛ երիտասարդությունը և թե՛ հիմարությունն ունայնություն են։