Bible

Connect

With Your Congregation Like Never Before

Try RisenMedia.io Today!

Click Here

Deuteronomy 32

:
Armenian - NEA
1 «Նայի՛ր, երկի՛նք, խոսելու եմ, և երկիրը թող լսի իմ բերանի պատգամները։
2 Իմ խոսքը թող ընդունվի անձրևի նման, և պատգամները թող իջնեն իբրև ցող, իբրև սեզի վրա տեղացող անձրև ու խոտի վրա տեղացող տեղատարափ,
3 որովհետև կանչել եմ Տիրոջ անունը։ Օրհնությո՛ւն առաքեք Տիրոջը՝ մեր Աստծուն,
4 Աստված, որի գործերը ճշմարիտ են, ու նրա ուղիները՝ օրինավոր։ Աստված հավատարիմ է, և նրա մեջ անիրավություն չկա, Տերն արդար է ու անարատ։
5 Մեղք գործեցին, այլևս նրա որդիները չեն այս արատավորները, սա թյուր ու մոլորված մի ազգ է։
6 Ինչո՞ւ եք Տիրոջը այդպես հատուցում, հիմար ու անմի՛տ ժողովուրդ, Մի՞թե նա այն հայրը չէ, որ քեզ ձեռք բերեց, քեզ արարեց ու մեծացրեց քեզ։
7 Հիշի՛ր անցած օրերը, մտաբերի՛ր անցած սերունդների տարիները, հարցրո՛ւ քո հայրերին, և նրանք քեզ կպատմեն, քո ծերերին, և նրանք քեզ կասեն։
8 Երբ Բարձրյալն իրարից բաժանեց բոլոր ազգերին, երբ սփռեց Ադամի որդիներին, ազգերի սահմանները սահմանեց ըստ Աստծու հրեշտակների թվի։
9 Տիրոջ բաժինը եղավ իր ժողովուրդը՝ Հակոբը, իսկ իր ժառանգության վիճակը՝ Իսրայելը։
10 Նա հոգաց նրա պետքերն անապատում, ջրից զուրկ վայրում, ծարավեցնող տոթից պաշտպանեց նրան, խրատեց ու աչքի բիբի պես պահեց նրան։
11 Իր բույնն ու իր ձագերին թևի տակ առնող արծվի նման գթաց, տարածեց իր թևերն ու ընդունեց նրան, և իր մեջքին դրած բարձրացրեց նրան։
12 Միայն Տերն էր առաջնորդում նրանց, և նրանց հետ օտար աստված չկար։
13 Նրանց հաստատեց երկրի բարձրաբերձ վայրերում, նրանց կերակրեց դաշտերի բերքով, ժայռից ծորող մեղրով ու ապառաժ քարից հոսող յուղով կերակրեց նրանց։
14 Նրանց տվեց կովերի կարագ ու մաքիների կաթ, գառների, խոյերի, ցուլերի ու նոխազների ճարպ, և ընտիր ցորենի ալյուր, որ նման է ճարպոտ երիկամների, և ըմպեցին խաղողի արյուն՝ գինի։
15 Հակոբը կերավ ու հագեցավ, ճարպակալեց ու գոռոզացավ այդ սիրելի մարդը։ Գիրացավ, հաստացավ ու լայնացավ, լքեց Տիրոջը՝ Աստծուն՝ իր Արարչին, և ապստամբեց Աստծու՝ իր Փրկչի դեմ։
16 Ինձ բարկացրին օտար աստվածներով և իրենց գարշելի պաշտամունքով դառնացրին ինձ։
17 Զոհ մատուցեցին դևերին և ոչ թե Աստծուն, կուռքերին, որոնց չէին ճանաչում, որոնք նոր էին ու ժամանակավոր, և որոնց չէին ճանաչում ձեր հայրերը։
18 Դու լքեցիր Աստծուն, որը ծնեց քեզ, մոռացար Աստծուն՝ քեզ կերակրողին։
19 Տերը տեսավ ու վրդովվեց, սրտմտեց իր տղաների ու աղջիկների բարկացնող արարքների համար։
20 Եվ ասաց. Իմ երեսը կթեքեմ նրանցից և նրանց ցույց կտամ, թե ի՛նչ կլինի նրանց վախճանը, որովհետև սրանք մոլորված ազգ են, հավատ չունեցող որդիներ։
21 Նրանք իմ նախանձը շարժեցին՝ պաշտելով չաստվածների, ինձ բարկացրին իրենց կուռքերով, ուրեմն ես էլ նրանց նախանձը կգրգռեմ ազգ չեղող մարդկանցով, նրանց կբարկացնեմ անմիտ ժողովրդով։
22 Իմ բարկությունից հուր է բորբոքվել։ Դա կայրի մինչև դժոխքի խորքերը, կլափի հողն ու նրա բերքը, կբորբոքի լեռների հիմքերը։
23 Նրանց վրա չարիք պիտի կուտակեմ ու իմ նետերն սպառեմ նրանց վրա։
24 Նրանք պիտի հյուծվեն սովից ու թռչունների չափաբաժին ուտելուց։ Անբուժելի հիվանդություններ և գազանների ժանիքներ և երկրի երեսին բարկությամբ սողացողների պիտի ուղարկեմ նրանց վրա։
25 Դրսից սուրը թող նրանց անզավակ դարձնի, իսկ ներսից երկյուղը սպանի երիտասարդներին ու կույս աղջիկներին, մանուկներին ու ալևոր ծերերին։
26 Նրանց կցրեի, մարդկանց միջից կվերացնեի նրանց հիշատակը,
27 եթե չլիներ թշնամիների զայրույթը. չլինի թե հակառակորդները երկար ապրեն ու ասեն. “Ոչ թե Տերն արեց այս ամենը, այլ մեր բարձր ձեռքերը”։
28 Սրանք անխոհեմ ազգ են, ու նրանց մեջ իմաստություն չկա։
29 Նրանք չխորհեցին մտքում ունենալ այս. արդ, կստանան ապագայում։
30 Մի մարդ ինչպե՞ս կարող է հալածել հազարին, և երկուսը՝ հետապնդել տասը հազարին, եթե Աստված նրանց չլքի, եթե Տերը նրանց կորստյան չմատնի։
31 Նրանց աստվածները մեր Աստծու նման չեն, իսկ մեր թշնամիներն անխոհեմ են։
32 Սոդոմի որթատունկից է նրանց որթատունկը, իսկ նրանց վազը՝ Գոմորից։ Նրանց խաղողը լեղի է, նրանց ողկույզը՝ դառն։
33 Նրանց գինին վիշապների ժահր է և իժերի մահառիթ թույն։
34 Մի՞թե այս ամենն ինձ մոտ չի հավաքված և կնքված չի պահվում իմ գանձարանում։
35 Կհատուցեմ վրեժխնդրության օրը, այն ժամանակ, երբ նրանք կշեղեն իրենց ուղին, որովհետև մոտ է նրանց կորստյան օրը, և ձեր դատաստանը պատրաստ է։
36 Տերը դատելու է իր ժողովրդին և մխիթարվելու է իր ծառաներով, որովհետև տեսել է, որ նրանք հյուծված են, լքված ու գերության մատնված։
37 Եվ Տերը պիտի ասի. Որտե՞ղ են նրանց աստվածները, որոնց ապավինում էին,
38 որոնց զոհերի ճարպն էիք ուտում, նրանց նվիրաբերումների գինին խմում։ Թող վեր կենան, օգնեն, պաշտպան կանգնեն ձեզ։
39 Տեսե՛ք, տեսե՛ք, որ ես եմ միայն, և ինձանից բացի ուրիշը չկա։ Ես եմ սպանում և ես եմ փրկում, ես եմ հարվածում և ես եմ բժշկում։ Չկա մեկը, որ կարողանա փրկել իմ ձեռքից։
40 Ձեռքս երկինք բարձրացնելով՝ երդվում եմ իմ աջով ու ասում. Կենդանի եմ ես հավիտյան,
41 որովհետև իմ սուսերը սրելու եմ կայծակի նման, իմ ձեռքն է կայացնելու դատաստանի վճիռը, և իմ թշնամիներից ես պիտի վրեժ լուծեմ։ Հատուցելու եմ նաև ինձ ատելի մարդկանց։
42 Իմ նետերն արյամբ պիտի հագենան, իսկ իմ սուրը պիտի ուտի միսը և արյունը վիրավորների և գերիների և գլուխները ինձ թշնամի իշխանների։
43 Երկի՛նք, ուրախացի՛ր Նրա հետ, Նրան թող երկրպագեն Աստծու բոլոր որդիները։ Ազգե՛ր, ուրախացե՛ք Նրա ժողովրդի հետ, նրան թող զորացնեն Աստծու բոլոր հրեշտակները, որովհետև նրա որդիների արյան վրեժն է պահանջվում. թշնամիների վրեժն է պահանջվելու, և դատաստան է արվելու։ Թող ատելի մարդկանց հատուցի, և Տերը թող սրբագործի իր ժողովրդի երկիրը»։
44 Մովսեսն այս օրհներգությունները գրեց այդ օրը և այն սովորեցրեց Իսրայելի որդիներին։ Մովսեսը մտավ ժողովրդի մեջ, և ինքն ու Նավեի որդի Հեսուն օրենքի բոլոր խոսքերը լսելի դարձրին ժողովրդի ականջին։
45 Մովսեսն այս խոսքերը Իսրայելի բոլոր որդիներին հաղորդելուց հետո
46 նրանց ասաց. «Ձեր սրտում պահե՛ք բոլոր այն խոսքերը, որոնք ես այսօր վկայություն եմ դնում ձեր առջև։ Դրանք պատվիրե՛ք ձեր որդիներին, որպեսզի պահեն ու կատարեն օրենքի բոլոր խոսքերը։
47 Սա ոչ թե դատարկ խոսք է, այլ ձեր կյանքն է։ Դրանով դուք երկար կապրեք այն երկրում, որ դուք, անցնելով Հորդանան գետը, պիտի ժառանգեք»։
48 Տերը, նույն օրը խոսելով Մովսեսի հետ, ասաց.
49 «Բարձրացի՛ր Աբարիմ լեռնաշղթայի Նաբավ լեռը, որը գտնվում է Մովաբի երկրում՝ Երիքովի դիմաց, և դիտի՛ր այն երկիրը, որ տալու եմ Իսրայելի որդիներին իբրև ժառանգություն։
50 Եվ վախճանվի՛ր այն լեռան վրա, որ պիտի ելնես, ու միացի՛ր քո ժողովրդին, ինչպես որ Հովր լեռան վրա մեռավ քո եղբայր Ահարոնն ու միացավ իր ժողովրդին։
51 Քանի որ անտեսեցիք իմ խոսքերը և Իսրայելի որդիների աչքում չսրբացրիք ինձ, երբ գտնվում էիք Հակառակության ջրերի [𝕸 Մե-Մերիվա ] մոտ, Կադեսում՝ Սին անապատում,
52 դիմացի՛ց պիտի տեսնես այդ երկիրը, բայց այնտեղ չպիտի մտնես»։