Bible

Simplify

Your Church Tech & Streamline Your Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

Deuteronomy 31

:
Armenian - NEA
1 Մովսեսը ավարտեց այս բոլոր պատգամները Իսրայելի որդիներին հաղորդելը։
2 Ապա նրանց ասաց. «Այսօր ես հարյուր քսան տարեկան եմ, այլևս չեմ կարող ելնել ու մտնել։ Որովհետև Տերն ինձ ասել է՝ “Հորդանան գետը չես անցնի”։
3 Տերը՝ քո Աստվածը, կընթանա քո առջևից, նա քո առջևից կվերացնի այդ ազգերին, և դու կտիրես նրանց։ Հեսուն պիտի առաջնորդի քեզ, ինչպես ասել է Տերը։
4 Տերը նրանց հետ պիտի վարվի այնպես, ինչպես վարվեց Սեհովնի ու Օվգի հետ՝ Հորդանան գետի այն կողմում գտնվող ամորհացի երկու թագավորների ու նրանց երկրի հետ, ինչպես որ կոտորեցինք նրանց։
5 Տերը նրանց պիտի հանձնի ձեր ձեռքը, և դուք նրանց հետ պիտի վարվեք այնպես, ինչպես պատվիրել եմ ձեզ։
6 Քա՛ջ եղիր ու զորացի՛ր, մի՛ երկնչիր ու մի՛ վախեցիր, մի՛ զարհուրիր նրանցից, քանի որ Տերը՝ քո Աստվածն ինքը, պիտի գնա ձեր առջևից, ձեր մեջ։ Նա չի լքելու ձեզ ու չի անտեսելու ձեզ»։
7 Մովսեսը կանչեց Հեսուին ու Իսրայելի բոլոր որդիների առջև նրան ասաց. «Քա՛ջ եղիր ու զորացի՛ր, որովհետև դու պիտի առաջնորդես այս ժողովրդին՝ մտնելու այն երկիրը, որ Տերը՝ ձեր հայրերի Աստվածը, երդվեց տալ նրանց, և դու պիտի այն նրանց ժառանգել տաս։
8 Տերը, որ գնալու է քո առջևից, չի լքելու և չի անտեսելու քեզ։ Մի՛ երկնչիր, մի՛ վախեցիր»։
9 Մովսեսն այս օրենքների բոլոր խոսքերը գրեց մատյանում, այն տվեց քահանաներին՝ Ղևիի որդիներին, որոնք վերցնում էին Տիրոջ Ուխտի տապանակը, և Իսրայելի որդիների ծերերին։
10 Մովսեսն այդ օրը նրանց պատվիրեց՝ ասելով. «Ամեն յոթ տարին մեկ՝ թողության տարում, Տաղավարահարաց տոնին,
11 երբ ամբողջ Իսրայելը հավաքվի, Տիրոջ՝ քո Աստծու առջև կանգնելու համար, այն վայրում, որ կընտրի Տերը, այս օրենքները կկարդաք Իսրայելի որդիներին ի լուր,
12 երբ ժողովուրդը՝ տղամարդիկ, կանայք, երեխաներն ու ձեր քաղաքներում գտնվող եկվորները, հավաքված կլինեն, որպեսզի լսեն ու սովորեն երկնչել Տիրոջից՝ մեր Աստծուց և սովորեն կատարել այս օրենքի բոլոր պատգամները։
13 Նրանց որդիները, որոնք չգիտեն, թող լսեն ու սովորեն երկնչել Տիրոջից՝ մեր Աստծուց, այն բոլոր ժամանակ, որքան որ կապրեն այն երկրում, որ դուք Հորդանան գետով անցնելով՝ պիտի ժառանգեք»։
14 Տերն ասաց Մովսեսին. «Ահա մոտեցան քո մահվան օրերը։ Կանչի՛ր Հեսուին և կանգնե՛ք Վկայության խորանի դռանը, որպեսզի պատվեր տամ նրան»։ Մովսեսն ու Հեսուն գնացին դեպի Վկայության խորանը և կանգնեցին Վկայության խորանի դռանը։
15 Տերն իջավ ամպի սյունով ու կանգնեց Վկայության խորանի դռանը. ամպի սյունը կանգնեց խորանի դռանը։
16 Տերն ասաց Մովսեսին. «Ահա դու պիտի ննջես քո հայրերի հետ, և այս ժողովուրդը պիտի ելնի ու պոռնկանա՝ հետևելով օտար աստվածներին այն երկրի, ուր պիտի մտնի։ Եվ պիտի լքեն ինձ ու խախտեն իմ ուխտը, որ կնքեցի նրանց հետ։
17 Այդ օրը սրտմտությամբ պիտի բարկանամ նրանց վրա, պիտի լքեմ նրանց, երեսս պիտի թեքեմ նրանցից, նրանք թշնամիների կեր պիտի դառնան, բազում չարիքներ ու նեղություններ պիտի գտնեն ու այդ օրը պիտի ասեն. “Այս չարիքները մեզ վրա թափվեցին, քանի որ Տերը՝ մեր Աստվածը, մեզ հետ չէ”։
18 Ես այդ օրը իմ երեսը պիտի դարձնեմ նրանցից բոլոր այն չարիքների համար, որ նրանք գործեցին, քանի որ հարեցին օտար աստվածների։
19 Ուրեմն գրե՛ք օրհներգության այս խոսքերը, դրանք սովորեցրե՛ք Իսրայելի որդիներին, դրանք դրե՛ք նրանց բերանը, և այդ օրհներգությունն Իսրայելի որդիների մեջ ինձ համար վկայություն թող լինի։
20 Արդարև, ես նրանց տանելու եմ այն բարեբեր երկիրը, որ երդվել եմ նրանց հայրերին, մի երկիր, որ կաթ ու մեղր է բխեցնում։ Թող ուտեն ու լիուլի հագենան։ Հետո նորից պիտի հարեն օտար աստվածների, պիտի պաշտեն դրանց, պիտի զայրացնեն ինձ ու դրժեն իրենց հետ կնքած իմ ուխտը։
21 Այն ժամանակ այդ օրհներգությունն իբրև վկայություն նրանց դեմ պիտի ելնի, նրանք ու նրանց հետնորդները չպիտի մոռանան դա։ Ես գիտեմ նրանց չարությունը, որ նրանք գործեցին այսօր այստեղ, նախքան ես նրանց կտանեմ այն բարեբեր երկիրը, որը խոստացա նրանց հայրերին»։
22 Այդ օրը Մովսեսը գրեց այս օրհներգությունը և այն սովորեցրեց Իսրայելի որդիներին։
23 Մովսեսը Նավեի որդի Հեսուին պատվիրեց՝ ասելով. «Քա՛ջ եղիր ու զորացի՛ր, որովհետև Իսրայելի որդիներին դու ես տանելու այն երկիրը, որ Տերը խոստացավ տալ նրանց, և նա քեզ հետ է լինելու»։
24 Երբ Մովսեսն այս օրենքների բոլոր խոսքերը մինչև վերջ գրեց մատյանի մեջ ու ավարտեց,
25 պատվիրեց ղևտացիներին, որոնք կրում էին Տիրոջ Ուխտի տապանակը, և ասաց.
26 «Օրենքների այս մատյանն առե՛ք և դրե՛ք Տիրոջ՝ մեր Աստծու Ուխտի տապանակի մի կողմում։ Դա այնտեղ ձեզ համար վկայություն թող լինի։
27 Ես գիտեմ ձեր ըմբոստությունն ու կամակորությունը. եթե այսօր, երբ ես կենդանի եմ ու ձեր մեջ, և դուք Աստծու դեմ ապստամբում եք, ապա իմ մահվանից հետո ինչե՜ր կանեք։
28 Արդ, ինձ մոտ հավաքե՛ք ձեր ցեղապետներին ու ծերերին, ձեր դատավորներին ու ատենադպիրներին, որպեսզի նրանց ասեմ բոլոր այս խոսքերը և ձեր դեմ վկա ունենամ երկինքն ու երկիրը։
29 Գիտեմ, որ իմ մահվանից հետո անպայման անօրենություններ եք անելու, շեղվելու եք այն ճանապարհից, որ ես ձեզ պատվիրեցի, և վերջին օրերին ձեզ չարիքներ պիտի պատահեն, որովհետև չար գործ եք կատարելու Տիրոջ առջև՝ ձեր ձեռնարկած գործերով բարկացնելու եք նրան»։
30 Եվ Մովսեսն ասաց Իսրայելի հավաքված բոլոր որդիներին օրհներգության այս խոսքերը, մինչև վերջ։