Amos 7NEA

1Այսպես ցույց տվեց ինձ Տեր Տերը. «Ահա մորեխի պարս էր գալիս առավոտյան, և ահա մի ջորյակ՝ Գովգ արքան։

2Եվ կլինի, որ կվերջացնի երկրի խոտն ուտելը, և կասեմ. «Տե՛ր, Տե՛ր, խնայի՛ր, որովհետև ո՞վ կլինի, որ ոտքի կկանգնեցնի Հակոբին, քանի որ սակավաթիվ է։

3Զղջա՛, Տե՛ր, դրա համար»։ «Դա այլևս չի լինի»,- ասում է Տերը»։

4Այսպես ցույց տվեց ինձ Տեր Տերը. «Ահա կրակով դատաստան հրավիրեց Տեր Տերը, և լափեց բազում անդունդներ ու կերավ մի մասը։

5Եվ կասեմ. «Տե՛ր, Տե՛ր, դադարեցրո՛ւ դա, որովհետև ո՞վ է, որ ոտքի կկանգնեցնի Հակոբին, քանի որ սակավաթիվ է։

6Զղջա՛, Տե՛ր, դրա համար»։ «Դա այլևս չի լինի»,- ասում է Տերը»։

7Այսպես ցույց տվեց ինձ Տեր Տերը. «Ահա մի մարդ կար ադամանդե պարսպի վրա, և նրա ձեռքին՝ ադամանդ։

8Եվ Տերն ինձ ասաց. «Ի՞նչ ես տեսնում, Ամո՛վս»։ Ասացի՝ ադամանդ։ Եվ Տերն ինձ ասաց. «Ահա ես ադամանդ կդնեմ Իսրայելի իմ ժողովրդի մեջ և այլևս չեմ շարունակի շրջանցել նրանց։

9Կկործանվեն ծաղրական բագինները, և Իսրայելի մեհյանները կավերվեն, և սրով կելնեմ Հերոբովամի տան վրա»։

10Եվ Բեթելի քուրմ Ամասիան մարդ ուղարկեց Իսրայելի արքա Հերոբովամի մոտ և ասաց. «Ամովսը քո դեմ դավադրություններ է նյութում Իսրայելի տան մեջ, և մեր երկիրը չի կարողանում տանել նրա բոլոր խոսքերը,

11քանի որ այսպես է ասում Ամովսը. «Հերոբովամը սրով կվախճանվի, և Իսրայելն ամբողջությամբ կգերեվարվի իր երկրից»։

12Եվ Ամասիան ասաց Ամովսին. «Ո՛վ դու, տեսանո՛ղ, տեղի՛ տուր, գնա՛ Հուդայի երկիրը, այնտեղ ապրի՛ր և այնտեղ մարգարեացի՛ր։

13Բեթելում այլևս չշարունակես մարգարեանալ, որովհետև թագավորի սրբարանն ու թագավորության տունն է»։

14Պատասխան տվեց Ամովսը և ասաց Ամասիային. «Ես ո՛չ մարգարե էի, ո՛չ էլ մարգարեի որդի, այլ հովիվ էի և թութ էի քաղում.

15Տերն ինձ վերցրեց ժողովուրդների միջից, և ասաց ինձ Տերը. «Դու գնա՛ և մարգարեացի՛ր Իսրայելի իմ ժողովրդի համար»։

16Արդ, լսի՛ր Տիրոջ պատգամները. դու ասում ես. «Մի՛ մարգարեացիր Իսրայելի համար, և ամբոխ մի՛ հավաքիր Հակոբի տան դեմ»։

17Դրա համար այսպես է ասում Տեր Տերը. «Քո կինն այդ քաղաքում կպոռնկանա, և քո որդիներն ու քո դուստրերը սրով կընկնեն, քո երկիրը լարերով կբաժանվի, դու պիղծ երկրում կվախճանվես, և Իսրայելն ամբողջությամբ կգերեվարվի իր երկրից»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Amos 7.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.