Bible

Upgrade

Your Church Presentations in Minutes

Try RisenMedia.io Today!

Click Here

Acts 28

:
Armenian - NEA
1 Արդեն փրկված՝ իմացանք, թե այն կղզու անունը Մալթա էր։
2 Տեղացիները մեր հանդեպ բավական մարդասիրություն ցույց տվեցին. խարույկ վառեցին և մեզ բոլորիս ընդունեցին, քանի որ անձրև էր ու ցուրտ։
3 Եվ երբ Պողոսը շատ չոր ճյուղեր հավաքեց և խարույկի վրա դրեց, մի իժ, կրակի տաքության պատճառով դուրս գալով, կախվեց նրա ձեռքից։
4 Երբ տեղացիները սողունին նրա ձեռքից կախված տեսան, միմյանց ասացին. «Ուրեմն մարդասպան է այս մարդը, որը թեպետ ծովից փրկվեց, բայց Արդարությունը նրան թույլ չտվեց, որ ապրի»։
5 Պողոսը սողունին կրակի մեջ թափ տվեց, իսկ իրեն ոչ մի վատ բան չպատահեց։
6 Տեղացիները սպասում էին, որ նա կուռչի կամ կընկնի ու հանկարծակի կմեռնի։ Շատ սպասելուց հետո, երբ տեսան, որ նրան որևէ վնաս չպատահեց, նորից խոսքը դարձրին և ասում էին. «Սա մի աստված է»։
7 Այդ տեղի շրջակայքում էին գտնվում կղզու գլխավորի ագարակները. նրա անունը Պոպլիոս էր։ Նա երեք օրով մեզ իր մոտ ընդունեց և սիրով հյուրընկալեց։
8 Եվ պատահեց, որ Պոպլիոսի հայրը, ջերմով և արյունալուծից հիվանդացած, անկողին ընկավ։ Պողոսը նրա մոտ մտավ և աղոթելով ձեռքը նրա վրա դրեց ու բժշկեց։
9 Երբ այս ամենը պատահեց, կղզում ապրող ուրիշ հիվանդներ էլ գալիս էին ու բժշկվում։
10 Նրանք մեծ շուքով պատվեցին մեզ, և երբ գնում էինք, ինչ որ պետք էր, տվեցին։
11 Եվ երեք ամիս հետո բարձրացանք դիոսկուրյանների նշանը կրող Ալեքսանդրիայի մի նավ, որը ձմեռել էր կղզում։
12 Սիրակուսա իջնելով՝ երեք օր մնացինք։
13 Այնտեղից գնալով՝ հասանք Ռեգիոն, և երբ մեկ օր հետո հարավի քամին փչեց, երկու օրում հասանք Պոտիոլուս,
14 որտեղ և գտանք եղբայրների, որոնք աղաչեցին, որ յոթ օր մնանք իրենց մոտ։ Եվ ապա գնացինք Հռոմ։
15 Եվ այնտեղից, մեր մասին լսած լինելով, եղբայրները մեզ ընդառաջ եկան մինչև Ապփիոսի հրապարակը և Երեք կրպակները։ Պողոսը, նրանց տեսնելով, գոհություն տվեց Աստծուն ու քաջալերվեց։
16 Եվ երբ Հռոմ մտանք, Պողոսին հրամայվեց, որ իր պահապան զինվորի հետ միասին առանձին բնակվի։
17 Երեք օր հետո նա հրավիրեց հրեաների գլխավորներին։ Երբ նրանք եկան, Պողոսը նրանց ասաց. «Եղբայրնե՛ր, ժողովրդին կամ հայրենի ավանդույթներին հակառակ ոչինչ գործած չլինելով, Երուսաղեմում կալանավորվեցի և մատնվեցի հռոմեացիների ձեռքը։
18 Նրանք, երբ ինձ դատեցին, կամեցան ազատ արձակել, որովհետև իմ մեջ մահվան արժանի ոչ մի հանցանք չգտան։
19 Բայց երբ հրեաները հակառակվեցին, հարկ եղավ կայսրին բողոքելու, բայց ոչ թե նրա համար, որ իմ ազգի դեմ չարախոսելու բան ունեի։
20 Այս պատճառով խնդրեցի ձեզ՝ տեսնելու և խոսելու, քանի որ Իսրայելի հույսի համար եմ այս շղթաների մեջ գտնվում»։
21 Եվ նրանք ասացին նրան. «Մենք քո մասին Հրեաստանից ոչ մի նամակ չենք ստացել, մեր եղբայրներից էլ ոչ ոք չի եկել ու վատ բան չի պատմել կամ խոսել քո մասին։
22 Բայց խնդրում ենք քեզնից լսել, թե ի՛նչ ես խորհում, քանի որ այդ հերձվածի մասին մեզ արդեն հայտնի է, որ ամենուրեք նրա դեմ հակառակություն կա»։
23 Որոշակի օրվա համար Պողոսի հետ ժամադրվելուց հետո, նրա բնակարանը եկան բազում մարդիկ, որոնց, առավոտից մինչև երեկո վկայելով, պատմում էր Աստծու արքայությունից և նրանց համոզում Հիսուսի մասին՝ ըստ Մովսեսի օրենքի և մարգարեների։
24 Ոմանք հավանում էին նրա խոսքերը, ուրիշներ էլ չէին հավատում։
25 Եվ իրար մեջ անհամաձայն լինելով՝ արդեն թողնում հեռանում էին, երբ Պողոսն այս խոսքն էլ ասաց. «Սուրբ Հոգին Եսայի մարգարեի բերանով լավ խոսեց մեր հայրերին՝
26 ասելով. “Գնա՛ այդ ժողովրդի մոտ ու ասա՛. “Ինչքան էլ լսեք, չեք հասկանա, ինչքան էլ տեսնեք, չեք ընկալի։
27 Քանի որ այդ ժողովրդի սիրտը թանձրացել է, ծանր են լսում իրենց ականջներով, իրենց աչքերը փակել են. այդ պատճառով աչքերով չեն տեսնում, ականջներով չեն լսում, սրտով չեն հասկանում, որով և դարձի չեն գա, որ նրանց բժշկեմ” ։
28 Արդ, թող հայտնի լինի ձեզ, որ Աստծու այս փրկությունն ուղարկվեց հեթանոսներին, ուրեմն նրանք էլ կլսեն»։
29 Եվ երբ այս ասաց, նրա մոտից դուրս գնացին հրեաները, որոնք իրենց մեջ շատ տարաձայնություններ ունեին։
30 Ամբողջ երկու տարի Պողոսն ապրեց իր ծախսով՝ ընդունելով բոլոր իր մոտ եկողներին։
31 Քարոզում էր Աստծու արքայությունը և անխափան ամենայն համարձակությամբ ուսուցանում էր Տեր Հիսուս Քրիստոսի մասին։