2 Samuel 7NEA

1Երբ Դավիթը բնակվեց իր տանը, և Տերը նրան ազատեց շրջապատի իր թշնամիներից,

2արքան Նաթան մարգարեին ասաց. «Ահավասիկ ես բնակվում եմ եղևնափայտից պատրաստված տան մեջ, բայց Աստծու տապանակը վրանի մեջ է դրված»։

3Նաթանն ասաց արքային. «Ամեն ինչ, որ մտքիդ կա, գնա՛ և արա՛, քանի որ Տերը քեզ հետ է»։

4Նույն գիշերը Տերը խոսեց Նաթանի հետ և ասաց.

5«Գնա՛ և ասա՛ իմ ծառա Դավթին. “Այսպես է ասում Տերը. “Դու ինձ համար բնակվելու տուն չպետք է շինես,

6որովհետև տան մեջ չեմ բնակվել այն օրից, երբ Իսրայելի որդիներին հանեցի Եգիպտոսից։ Ես շրջում եմ՝ իջևանելով վրաններում։

7Ամենուրեք, որ շրջել եմ Իսրայելի մեջ, մի՞թե երբևիցե Իսրայելի ազգատոհմերից որևէ մեկին, ում որ հրամայել եմ հովվել Իսրայելին՝ իմ ժողովրդին, ասել եմ. Ինչո՞ւ ինձ համար եղևնափայտե տուն չշինեցիք”։

8Արդ, այսպե՛ս ասա իմ ծառա Դավթին. այսպես է ասում Ամենակալ Տերը. “Ես քեզ վերցրել եմ ոչխարների փարախից, որ Իսրայելի՝ իմ ժողովրդի առաջնորդ լինես։

9Ես քեզ հետ էի ամենուրեք, ուր գնում էիր, քո առջևից քո բոլոր թշնամիներին ոչնչացրի և քեզ անվանի դարձրի երկրի վրա եղած մեծամեծների անվանը հավասար։

10Իսրայելի՝ իմ ժողովրդի համար տեղ պիտի որոշեմ ու ամրացնեմ նրան այնտեղ, որ նա առանձին բնակվի և այլևս հոգս չունենա, որպեսզի անօրեն մարդիկ առաջվա պես չնվաստացնեն նրան,

11ինչպես եղել է այն օրերից ի վեր, երբ Իսրայելի՝ իմ ժողովրդի վրա դատավորներ կարգեցի։ Քեզ պիտի ազատեմ քո բոլոր թշնամիներից։ Քեզ մեծ տուն պիտի դարձնեմ։

12Եվ երբ քո կյանքի օրերը լրանան և քո նախնիների գիրկը գնաս, քեզանից հետո քո զավակին, որ քո որովայնից է, պիտի բարձրացնեմ և քո թագավորությունը նրա համար պատրաստեմ։

13Նա է իմ անվան համար տուն շինելու, և ես նրա աթոռը կանգուն պիտի պահեմ հավիտյան։

14Հայր պիտի լինեմ նրան, և նա ինձ որդի պիտի լինի, և եթե նա անիրավություն գործի, պիտի հանդիմանեմ նրան ու խրատեմ մարդկանց գործածած գավազանով և մարդկային տանջանքներով։

15Բայց նրան ողորմություն չեմ զլանա, ինչպես զլացա նրանց, որոնց իմ առաջից վանեցի։

16Հավիտյան հաստատուն պիտի լինեն նրա անունն ու թագավորությունն իմ առաջ, նրա աթոռը հավիտյան կանգուն պիտի մնա իմ առաջ”»։

17Այս բոլոր խոսքերն ու ամբողջ տեսիլքը նույն ձևով Նաթանը հաղորդեց Դավթին։

18Դավիթ արքան գնաց ու նստելով Տիրոջ առաջ՝ ասաց. «Ո՞վ եմ ես, Տե՛ր իմ, Տե՛ր, և ի՞նչ է իմ տունը, որ ինձ այսքան սիրեցիր։

19Տե՛ր իմ, Տե՛ր, դույզն իսկ չնվաստացա քո առաջ։ Դու խոսեցիր քո ծառայի տան մասին երկար ժամանակի համար։ Մի՞թե այս է մարդկային օրենքը, Տե՛ր իմ, Տե՛ր։

20Դավիթն էլ ի՞նչ ասի քեզ, քանզի դու, Տե՛ր իմ, Տե՛ր, ճանաչում ես քո ծառային։

21Քո ծառայի համար և ըստ քո սրտի ինձ հասցրիր այս փառքին, որպեսզի քո ծառային իմացնես,

22որ ինձ պետք է բարձրացնես, Տե՛ր իմ, Տե՛ր։ Ըստ մեր ականջներով լսածի՝ քեզ նման մեկը չկա, և քեզանից բացի ուրիշ Աստված չկա։

23Եվ երկրի վրա ո՞ր ազգն է Իսրայելի՝ քո ժողովրդի պես, որին Աստված ինքը առաջնորդեց՝ փրկելու իր ժողովրդին, որպեսզի անվանի դարձնի քեզ և հռչակի քո մեծությունն ու հայտնությունը, որ Եգիպտոսից փրկված ժողովրդիդ առջևից ազգեր ու նրանց բնակավայրերը տապալեցիր։

24Քո Իսրայել ժողովրդին հավիտյան քեզ ժողովուրդ հաստատեցիր քեզ համար, և դու, ո՜վ Տեր, նրանց համար Աստված եղար։

25Արդ, Տե՜ր իմ, քո ծառայի ու նրա տան համար ասած խոսքդ հավիտյան հաստատի՛ր և ասածիդ պես արա՛, որ քո անունը հավիտյան փառավորվի։ Տե՜ր ամենակալ, ամբո՛ղջ Իսրայելի Աստված, քո ծառա Դավթի տունը թող կանգուն մնա քո առջև, որովհետև դու՝ Տերդ, Իսրայելի ամենակալ Աստվածն ես։

26Թող քո անունը հավիտյան փառավորվի,

27դու քո ծառայի ականջին հայտնեցիր և ասացիր՝ “Քեզ տուն եմ շինելու”, ուստի քո ծառան հանդգնեց քո առջև այս աղոթքը անելու։

28Եվ արդ, Տե՜ր իմ, Տե՛ր, դու ես Աստված, քո խոսքերը ճշմարիտ են, այս բոլոր օրհնությունները դու խոստացար քո ծառային։

29Եվ հիմա թող քո օրհնությունը լցնի քո ծառայի տունը, որ հավիտյան քո առջև լինի, Տե՜ր իմ, Տե՛ր, քո օրհնությամբ քո ծառայի տունը հավիտյան օրհնված թող մնա»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for 2 Samuel 7.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.