2 Samuel 18NEA

1Դավիթն իր հետ եղած զորքի հաշվառում անցկացրեց և նրանց վրա հազարապետներ ու հարյուրապետներ կարգեց։

2Դավիթը զորքի մեկ երրորդ մասը հանձնեց Հովաբի, մեկ երրորդ մասը Շարուհիի որդու՝ Հովաբի եղբայր Աբեսսայի և մեկ երրորդ մասն էլ՝ գեթացի Եթթիի հրամանատարությանը։ Դավիթն ասաց զորքին. «Ես էլ պետք է ձեզ հետ դուրս գամ»։

3Նրանք ասացին. «Դու չպետք է դուրս գաս, որովհետև եթե փախչենք, նրանք մեզ կարևորություն չեն տա։ Կարևորություն չեն տա, եթե անգամ մեր կեսն էլ կոտորվի։ Դու մեր տասը հազար մարդու արժեքն ունես։ Արդ, լավ է, որ դու քաղաքում մնաս և մեզ օգնության հասնես»։

4Արքան նրանց ասաց. «Ինչ որ ձեզ համար հաճելի է, ես այն կանեմ»։ Եվ արքան մնաց դարպասի մոտ, իսկ ամբողջ ժողովուրդը հարյուրներով ու հազարներով դուրս էր գալիս քաղաքից։

5Արքան պատվեր տվեց Հովաբին, Աբեսսային ու Եթթիին՝ ասելով. «Խնայե՛ք իմ պատանյակ Աբեսաղոմին»։ Եվ ամբողջ զորքը լսեց, որ արքան Աբեսաղոմի համար բոլոր զորավարներին պատվեր էր տալիս։

6Ամբողջ զորքը դուրս եկավ անտառ, Իսրայելի դեմ, և կռիվ եղավ Եփրեմի անտառում։

7Իսրայելի զորքը պարտվեց Դավթի ծառաներից. այդ օրը մեծ կոտորած եղավ. քսան հազար հոգի ընկավ։

8Պատերազմն այստեղից տարածվեց ամբողջ երկրի վրա։ Այդ օրն անտառն ավելի շատ զինվոր կլանեց, քան սուրը կոտորեց։

9Աբեսաղոմը Դավթի ծառաների դեմ դուրս եկավ։ Աբեսաղոմն իր ջորին էր հեծել, և ջորին մի մեծ կաղնու թավ ճյուղերի տակը մտավ։ Նրա գլուխը կաղնու ճյուղերի մեջ խճճվեց, ու ինքը կախ ընկավ երկնքի ու երկրի միջև, իսկ ջորին նրա տակից անցավ գնաց։

10Մի մարդ տեսավ ու պատմեց Հովաբին՝ «Ահա տեսա Աբեսաղոմին՝ կաղնու ծառից կախված»։

11Հովաբն իրեն լուր տվող մարդուն ասաց. «Տեսել ես, բայց ինչո՞ւ նրան գետնին չտապալեցիր։ Ես այսօր քեզ հիսուն սիկղ արծաթ և մի սուր կտայի»։

12Մարդն ասաց Հովաբին. «Եթե քո ձեռքից նույնիսկ հազար սիկղ արծաթ ստանայի, իմ ձեռքն արքայի որդու վրա չէի բարձրացնի, որովհետև լսեցինք, որ արքան քեզ, Աբեսսային ու Եթթիին պատվիրեց՝ ասելով. “Խնայե՛ք Աբեսաղոմ պատանյակին,

13նրան ոչ մի վնաս թող չհասնի”։ Արքայի համար ոչ մի բան թաքուն չէր մնա, և դու ինքդ հեռու կմնայիր»։

14Հովաբն ասաց. «Քեզ հետ կորցնելու ժամանակ չունեմ»։ Եվ Հովաբը երեք նետ վերցրեց և դրանցով խոցեց Աբեսաղոմի սիրտը, մինչ նա կենդանի էր կաղնու վրա։

15Հովաբի զինակիրներից տասը երիտասարդներ շրջապատեցին և խփեցին Աբեսաղոմին և սպանեցին նրան։

16Հովաբը եղջերափող հնչեցրեց, և զորքը նրա հետ վերադարձավ, որպեսզի չհետապնդեն Իսրայելին, որովհետև Հովաբը խնայում էր զորքին։

17Հովաբը վերցրեց Աբեսաղոմի դիակն ու այն նետեց անտառում մի մեծ, շատ խորունկ վիհի մեջ։ Ողջ Իսրայելը փախավ՝ ամեն մեկն իր բնակավայրը։

18Աբեսաղոմը կենդանի եղած ժամանակ իր համար կոթող էր կանգնեցրել։ Նա կոթող էր կանգնեցրել նաև Հաբինում՝ Թագավորների հովտում։ Նա ասում էր, թե ինքը որդի չունի, որ պահի իր հիշատակը։ Եվ նա կոթողը կոչել էր իր անվամբ, ու այն մինչև օրս կոչվում է Աբեսաղոմի ձեռակերտ։

19Սադովկի որդի Աքիմաասն ասաց. «Գնամ, ավետիս տանեմ արքային, քանզի Տերն արդար գործ արեց՝ նրան ազատելով իր թշնամիների ձեռքից»։

20Հովաբն ասաց նրան. «Դու այսօր ավետիս տանող մարդ չես, մի ուրիշ օր ավետիս կտանես։ Այսօր պետք չէ ավետիս տանել, քանի որ արքայի որդին մեռավ»։

21Նա ասաց Քուսիին. «Գնա հայտնի՛ր արքային, ինչ որ տեսար»։ Քուսին խոնարհ գլուխ տվեց Հովաբին ու դուրս եկավ։

22Սադովկի որդի Աքիմաասը դարձյալ ասաց Հովաբին. «Ի՞նչ կլինի, եթե ես էլ վազեմ Քուսիի հետևից»։ Հովաբն ասաց. «Դու ինչո՞ւ պետք է վազես, որդյա՛կ իմ, այստե՛ղ արի։ Դա այնպիսի ավետիս չէ, որ օգուտ բերի»։

23Աքիմաասն ասաց. «Ի՞նչ կլինի, եթե վազեմ»։ Հովաբն ասաց նրան. «Վազի՛ր»։ Աքիմաասը վազեց Կեքարի ճանապարհով և Քուսիից առաջ անցավ։

24Դավիթը նստել էր երկու դարպասների միջև։ Պահակակետի դիտորդը դարպասի տանիքի վրայով գնաց դեպի պարիսպը և իր հայացքը բարձրացնելով՝ տեսավ, որ մի մարդ մենակ վազում է իր կողմը։

25Նա աղաղակելով այդ մասին հայտնեց արքային։ Արքան ասաց. «Եթե մենակ է, ավետիս է բերում»։ Նա գալիս, մոտենում էր։

26Դիտորդը վազող մի ուրիշ մարդ էլ տեսավ և դարպասի կողմն աղաղակելով՝ ասաց. «Ահա մի մարդ ևս մենակ վազում է»։ Արքան ասաց. «Նա էլ ավետաբեր է»։

27Դիտորդն ասաց. «Տեսնում եմ, որ առաջինի վազքը նման է Սադովկի որդի Աքիմաասի վազքին»։ Արքան ասաց. «Նա բարի մարդ է և բարի լուրով կգա»։

28Աքիմաասն աղաղակելով ու երեսնիվայր գետնին ընկնելով՝ ասաց արքային. «Ողջո՛ւյն։ Օրհնյալ է Տերը՝ քո Աստվածը, որ ոչնչացրեց քեզ ատելի մարդկանց, որոնք իրենց ձեռքը մեր տեր արքայի վրա էին բարձրացրել»։

29Արքան ասաց. «Ո՞ղջ է իմ երիտասարդ Աբեսաղոմը»։ Աքիմաասն ասաց. «Ո՜վ արքա, երբ քո ծառա Հովաբն ինձ՝ քո ծառային, ուղարկում էր, ես միայն մեծ բազմություն տեսա։ Ես չիմացա, թե ի՛նչ կար այնտեղ»։

30Արքան ասաց. «Մի կո՛ղմ քաշվիր»։ Նա մի կողմ քաշվեց ու կանգնեց։

31Հասավ Քուսին և ասաց արքային. «Իմ տե՛ր արքա, ավետիս եմ բերել, Տերն այսօր քեզ պաշտպանեց քեզ վրա բոլոր ձեռք բարձրացնողներից»։

32Արքան հարցրեց Քուսիին. «Ո՞ղջ է իմ երիտասարդ Աբեսաղոմը»։ Քուսին ասաց. «Այդ երիտասարդի նման դառնան իմ արքայի թշնամիները և չար նպատակով քո դեմ բոլոր ելնողները»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for 2 Samuel 18.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.