1Շարուհիի որդի Հովաբն իմացել էր, որ արքայի սիրտը վերստին տաքացել է Աբեսաղոմի հանդեպ։
2Հովաբը մարդ ուղարկեց Թեկուե և այնտեղից մի ճարպիկ կին բերեց ու նրան ասաց. «Սգավո՛ր ձևացիր՝ սգո հագուստներ հագի՛ր, յուղով մի՛ օծվիր և դարձի՛ր այնպիսի մի կին, որ երկար ժամանակ մեռյալի վրա է սգում։
3Կգաս արքայի մոտ և նրա հետ այսպես կխոսես»։ Եվ Հովաբը նրան հայտնեց այն, ինչ պետք է ասեր։
4Թեկուացի կինը մտավ արքայի մոտ, երեսնիվայր գետնին խոնարհվեց և ասաց. «Փրկի՛ր ինձ, արքա՛, փրկի՛ր»։
5Արքան ասաց նրան. «Ի՞նչ է եղել քեզ»։ Նա ասաց. «Ես մեծ տագնապի մեջ եմ։ Մի այրի կին եմ ես, ամուսինս մահացել է։
6Քո աղախինը երկու որդի ուներ։ Երկուսը դաշտում կռվեցին, ու ոչ ոք չբաժանեց նրանց, և եղբայրներից մեկը մյուսին խփեց ու սպանեց։
7Ամբողջ ազգատոհմը վեր է կացել քո աղախնի դեմ՝ ասելով. “Իր եղբորը սպանողին հանձնի՛ր, որ նրան սպանենք իր եղբոր արյան փոխարեն և քո ժառանգորդին վերացնենք”։ Նրանք ուզում են հանգցնել իմ հույսի մնացած կայծը՝ իմ մարդու համար չթողնելով ո՛չ հետնորդ, ո՛չ էլ անուն երկրի երեսին»։
8Արքան ասաց. «Ողջությամբ գնա՛ քո տունը, և ես կկարգադրեմ քո հարցը»։
9Թեկուացի կինն ասաց. «Թող ինձ վրա, արքա՛, և իմ տան վրա լինի մեղքը, իսկ արքան ու նրա աթոռն անպարտ թող լինեն»։
10Արքան ասաց. «Ո՞վ է քեզ հետ խոսելու։ Նրան ինձ մո՛տ բեր, և նա այլևս քեզ չի մոտենա»։
11Կինն ասաց. «Թող արքան հիշի Տիրոջը՝ իր Աստծուն, որ չշատանան վրեժի համար արյուն թափողները և իմ որդուն չսպանեն»։ Դավիթն ասաց. «Կենդանի է Տերը. քո որդու գլխից մի մազ անգամ գետնին չի ընկնի»։
12Կինն ասաց. «Թո՛ւյլ տուր, որ քո աղախինը մի խոսք ասի իր տեր արքային»։ Արքան ասաց. «Խոսի՛ր»։
13Կինն ասաց. «Ինչո՞ւ այդպիսի բան ես մտածում Աստծու ժողովրդի մասին, կամ թե արքայի՞ բերանից ելավ այն վնասաբեր խոսքը, որ արքան չվերադարձնի իրենից հեռացվածին,
14որ նա մեռնի և, ինչպես գետնին թափված ջուրը, այլևս չհավաքվի, Աստված նրա հոգին չառնի, և որևէ մեկը չմտածի իրենից հեռացնել հեռացվածին։
15Արդ, եկել եմ իմ տեր արքային ասելու այս խոսքերը, որպեսզի, երբ ժողովուրդն ինձ տեսնի, ասի. “Քո աղախինը խոսել է արքայի հետ, թերևս արքան իր աղախնի խոսքը կատարի”։
16Քանզի արքան պետք է լսի ու ինձ փրկի այն մարդու ձեռքից, որն ուզում է ինձ ու իմ որդուն Աստծու ժառանգությունից զրկել»։
17Եվ կինն ասաց. «Թող իմ տեր արքայի խոսքը բարով կատարվի, քանի որ իմ տեր արքան նման է Աստծու հրեշտակի, որը պատրաստ է լսելու բարին ու չարը, և թող Տերը՝ քո Աստվածը, քեզ հետ լինի»։
18Արքան պատասխանեց և ասաց կնոջը. «Ինձանից մի՛ թաքցրու այն, ինչ քեզանից հարցնելու եմ»։ Կինն ասաց. «Ասա՛, տե՛ր իմ արքա»։
19Արքան ասաց. «Քո ասած այս բոլոր խոսքերի մեջ արդյո՞ք Հովաբի մատը չկա»։ Կինն ասաց արքային. «Երդվում եմ քո անձով, տե՛ր իմ արքա, որ ոչ ոք աջ կամ ձախ չի խոտորվի այն ամենից, որ ասաց իմ տեր արքան. քո ծառա Հովաբն ինքն է ինձ պատվիրել և նա է քո աղախնի բերանը դրել այս խոսքերը, որ ասում եմ։
20Այս խոսքի ձևը փոխելու նպատակով է քո ծառա Հովաբն արել այս բանը։ Իմ տեր արքան իմաստուն է Աստծու հրեշտակի պես և գիտի երկրի վրա եղած ամեն բան»։
21Արքան գնաց և ասաց Հովաբին. «Ահավասիկ անում եմ ըստ քո ասածի. գնա հե՛տ դարձրու, բե՛ր պատանի Աբեսաղոմին»։
22Հովաբը երեսնիվայր գետնին ընկնելով՝ երկրպագեց արքային, օրհնեց նրան։ Հովաբն ասաց. «Այսօր քո ծառան իմացավ, որ շնորհ է գտել քո աչքում, տե՛ր իմ արքա, քանի որ իմ տեր արքան իր ծառայի ասածը կատարեց»։
23Հովաբը ելավ գնաց Գեսուր և Աբեսաղոմին բերեց Երուսաղեմ։
24Արքան ասաց. «Թող իր տուն վերադառնա և իմ երեսը չտեսնի»։ Աբեսաղոմն իր տուն վերադարձավ և արքայի աչքին չերևաց։
25Ամբողջ Իսրայելի մեջ Աբեսաղոմի պես գեղեցիկ ու գովելի տղամարդ չկար։ Ոտքի ծայրից մինչև գլուխը նա ոչ մի արատ չուներ։
26Երբ իր գլխի մազերը կտրում էր,- իսկ նա ամեն տարվա սկզբին էր կտրում, քանի որ մազերը խիստ ծանրանում էին նրա վրա,- այդ կտրած մազերը կշռում էին երկու հարյուր սիկղ՝ ըստ արքունական կշռի։
27Աբեսաղոմն ունեցավ երեք տղա և մեկ աղջիկ, որի անունը Թամար դրեց։ Նա տեսքով շատ գեղեցիկ կին էր և դառնալով Սողոմոնի որդի Ռոբովամի կինը՝ նրա համար ծնեց Աբիային։
28Աբեսաղոմը երկու ամիս [𝕸 և Ο΄ տարի ] մնաց Երուսաղեմում, բայց արքայի աչքին չերևաց։
29Աբեսաղոմը մարդ ուղարկեց Հովաբի մոտ, որ նրան արքայի մոտ ուղարկի, բայց Հովաբը չուզեց նրա մոտ գնալ։ Երկրորդ անգամ Աբեսաղոմը լուր ուղարկեց, և նա դարձյալ չուզեց գնալ։
30Աբեսաղոմն իր ծառաներին ասաց. «Տեսե՛ք, իմ արտի մոտ գտնվող Հովաբի արտը լի է գարիով, գնացե՛ք և հրկիզե՛ք այն»։ Աբեսաղոմի ծառաներն այրեցին Հովաբի արտը։ Հովաբի ծառաները եկան նրա մոտ պատառոտված հագուստներով և ասացին. «Աբեսաղոմի ծառաները քո արտն այրեցին»։
31Հովաբը ելավ եկավ Աբեսաղոմի տունը և ասաց նրան. «Ինչո՞ւ են քո ծառաները հրկիզել իմ արտը»։
32Աբեսաղոմն ասաց Հովաբին. «Ես քեզ մոտ մարդ էի ուղարկել, թե՝ “Ե՛կ այստեղ, որ քեզ ուղարկեմ արքայի մոտ՝ ասելու համար, թե ես ինչո՞ւ եկա Գեսուրից, քանի որ ավելի լավ էր, որ դեռ այնտեղ մնայի, քան թե արքայի երեսը չտեսնեի։ Եթե որևէ հանցանք ունեմ, սպանի՛ր ինձ”»։
33Հովաբը մտավ արքայի մոտ և նրան հաղորդեց նրա ասածը։ Արքան կանչեց Աբեսաղոմին, որը մտավ արքայի մոտ, երեսնիվայր գետնին ընկավ արքայի առաջ ու երկրպագեց նրան, և արքան համբուրեց Աբեսաղոմին։