2 Chronicles 6NEA

1Այն ժամանակ Սողոմոնն ասաց. «Տե՛ր, դու բնակվում ես մառախուղի մեջ,

2բայց ես տուն շինեցի քո անունով՝ իբրև սրբություն քեզ, պատրաստեցի, որ այնտեղ բնակվես հավիտյան»։

3Արքան երեսը դարձրեց դեպի ժողովուրդը, օրհնեց ժողովված բոլոր իսրայելացիներին, մինչդեռ նրանք իր շուրջն էին կանգնած, և ասաց.

4«Օրհնյա՜լ է Տերը՝ Իսրայելի Աստվածը, որն ինչ որ ասել էր իր բերանով իմ հայր Դավթին, այն էլ կատարեց իր ձեռքով։

5Նա ասել էր. “Այն օրվանից, ինչ իմ ժողովրդին հանեցի Եգիպտոսի երկրից, Իսրայելի բոլոր ցեղերից ոչ մի քաղաք չընտրեցի, որ ինձ համար այնտեղ տուն շինվի, որ իմ անունն այնտեղ լինի, ոչ էլ որևէ մեկին ընտրեցի, որ Իսրայելի իմ ժողովրդի առաջնորդը լինի։

6Հիմա Երուսաղեմն ընտրեցի, որ իմ անունն այնտեղ լինի, և Դավթին ընտրեցի, որ Իսրայելի իմ ժողովրդի վրա լինի”։

7Իմ հայր Դավիթը ցանկություն ուներ Տիրոջ՝ Իսրայելի Աստծու անունով տուն շինել,

8բայց Տերն ասաց իմ հայր Դավթին. “Ցանկանում ես իմ անունով տուն կառուցել. լավ է, որ այդ բանը սրտումդ կա։

9Սակայն դու չէ, որ ինձ համար տուն պիտի շինես, այլ որդիդ, որ քեզնից է ծնվելու, նա է, որ իմ անունով տուն է շինելու”։

10Աստված իր ասած խոսքը կատարեց, և ես ահա հորս փոխարինեցի՝ նստեցի Իսրայելի աթոռին, ինչպես Տերն էր ասել, շինեցի Տիրոջ՝ Իսրայելի Աստծու անունով այս տունը և

11այնտեղ դրեցի տապանակն այն ուխտի, որ Տերը կնքեց իսրայելացիների հետ»։

12Սողոմոնը Իսրայելի բոլոր ժողովականների ներկայությամբ կանգնեց Տիրոջ զոհասեղանի առջև և տարածեց իր ձեռքերը։

13(Սողոմոնը պղնձե պատվանդան էր պատրաստել ու դրել տաճարի բակի մեջտեղում։ Նրա երկարությունը հինգ կանգուն էր, լայնությունը՝ հինգ կանգուն, իսկ բարձրությունը՝ երեք կանգուն)։ Դրա վրա կանգնելով՝ նա Իսրայելի բոլոր ժողովականների առջև ծնրադրեց և ձեռքերը դեպի երկինք տարածելով՝

14ասաց. «Տե՛ր, Իսրայելի՛ Աստված, չկա քեզ նման աստված երկնքում ու երկրի վրա. դու պահում ես ուխտն ու ողորմածությունը բոլոր նրանց հանդեպ, որոնք ամբողջ սրտով ընթանում են քո առջևից։

15Դու քո ծառային՝ իմ հայր Դավթին տված խոստումդ կատարեցիր. ինչ որ քո բերանով ասել էիր, այսօր քո ձեռքով կատարեցիր։

16Արդ, Տե՜ր, Իսրայելի՛ Աստված, կատարի՛ր այն, ինչ խոստացել էիր իմ հորը՝ քո ծառա Դավթին՝ ասելով. “Իմ առջև երբեք մարդ չի պակասելու քեզ համար, որ նստի Իսրայելի գահին, միայն թե քո որդիները չշեղեն իրենց ճանապարհները և ընթանան իմ առջևից, ինչպես դու ես ընթացել իմ առջևից”։

17Արդ, Տե՜ր, Իսրայելի՛ Աստված, Դավթին ասած խոսքդ թող հաստատվի։

18Բայց մի՞թե Աստված իրոք բնակվելու է մարդկանց հետ երկրի վրա։ Եթե երկինքն ու երկինքների երկինքը բավական չեն քեզ տեղավորելու համար, ապա ի՞նչ է իմ շինած այս տունը։

19Արդ, Տե՜ր, Աստվա՜ծ, ուշադրությո՛ւն դարձրու քո ծառայի աղոթքին ու խնդրանքին, լսի՛ր քո ծառայի՝ քո առջև այսօր արած աղաչանքներն ու աղոթքները,

20որպեսզի քո աչքն ու միտքը օր ու գիշեր լինեն այս տան վրա՝ այն տեղի վրա, որի համար ասացիր, թե քո անունն ես հաստատելու դրա մեջ, որպեսզի լսես քո ծառայի աղոթքը, որ կանի այս տեղում։

21Արդ, լսի՛ր քո ծառայի և Իսրայելի քո ժողովրդի խնդրանքը, ինչ էլ որ խնդրեն այս տեղում. լսի՛ր երկնքում՝ քո բնակության վայրում, լսի՛ր ու ողորմա՛ծ եղիր։

22Եթե մի մարդ մեղանչի իր մերձավորի հանդեպ, ու նրանից պահանջեն, որ նա երդում տա, և նա գա կանգնի քո զոհասեղանի առջև՝ այս տան մեջ,

23ապա դու երկնքում լսելով՝ կատարի՛ր քո ծառաների դատը, արժանի՛ն հատուցիր անօրենին՝ նրա գլխին թափելով իր արածը, և արդարացրո՛ւ արդարին ու ամեն մեկին հատուցի՛ր ըստ իր արդարության չափի։

24Եթե Իսրայելը՝ քո ժողովուրդը, քո դեմ մեղանչելու պատճառով թշնամիներից հալածվի, ապա դառնա ու քո անվանը փառք տա, աղոթքի կանգնի ու պաղատի քո առջև այս տան մեջ,

25դու լսի՛ր երկնքից, քավի՛ր Իսրայելի՝ քո ժողովրդի մեղքերը, վերադարձրո՛ւ նրանց այն երկիրը, որ նրանց ու նրանց հայրերին ես տվել։

26Եթե նրանք մեղանչեն քո դեմ, և այդ պատճառով երկինքը փակվի, ու անձրև չգա, բայց այս տեղում քեզ աղոթք անեն, փառաբանեն քո անունը և դարձի գան իրենց մեղքերից, քանի որ խոնարհեցրիր նրանց,

27դու լսի՛ր նրանց երկնքից, քավի՛ր քո ծառաների և Իսրայելի՝ քո ժողովրդի մեղքերը, նրանց ցո՛ւյց տուր բարի ճանապարհը, որով պետք է ընթանան, և քո ժողովրդին որպես ժառանգություն տվածդ երկրին անձրև՛ պարգևիր։

28Երբ սով կամ մահ լինի երկրի վրա, երաշտ, դեղնախտ, մորեխ կամ թրթուր, և երբ թշնամին նրանց նեղի իրենց իսկ քաղաքների շրջակայքում, եթե որևէ համաճարակ կամ հիվանդություն լինի,

29երբ որևէ մեկը կամ Իսրայելի քո ողջ ժողովուրդը աղոթք կամ պաղատանք անի և իմանալով իր բորոտությունը կամ հիվանդությունը՝ իր ձեռքերը երկարի դեպի այս տունը,

30ապա դու երկնքում՝ քո բնակության վայրում, լսի՛ր ու բժշկի՛ր և ամեն մեկին տո՛ւր ըստ իր սրտի, ինչպես որ դու ես ճանաչում նրա սիրտը, քանի որ միայն դու գիտես մարդկանց սրտերը,

31որպեսզի նրանք վախենան քեզնից ու քո ճանապարհներով ընթանան բոլոր այն օրերին, որ կապրեն իրենց հայրերին տրված երկրում։

32Երբ մի օտարական, որ Իսրայելի քո ժողովրդից չէ, բայց քո մեծ անվան, քո զորեղ ձեռքի, քո հզոր բազկի համար եկել է հեռու տեղից ու աղոթքի կանգնել այս վայրում,

33դու լսի՛ր երկնքից՝ քո բնակության վայրից, և արա՛ այն ամենը, ինչ օտարականը կխնդրի քեզնից, որպեսզի աշխարհի բոլոր ժողովուրդները ճանաչեն քո անունը, վախենան քեզնից այնպես, ինչպես Իսրայելը՝ քո ժողովուրդը, և գիտենան, որ քո անունով է կոչվել իմ շինած այս տունը։

34Երբ քո ժողովուրդը պատերազմի ելնի իր թշնամիների դեմ այն ճանապարհով, որով դու կուղարկես նրանց, և երբ նրանք աղոթեն քեզ՝ իրենց հայացքն ուղղելով դեպի քո այս ընտրած քաղաքն ու դեպի այս տունը, որ շինել եմ քո անվան համար,

35երկնքից լսի՛ր նրանց պաղատանքներն ու աղոթքները և պաշտպանի՛ր նրանց իրավունքը։

36Երբ քո դեմ մեղանչեն (քանի որ մարդ չկա, որ մեղք չգործի), և դու հարվածես նրանց ու թշնամիների ձեռքը մատնես և գերեվարվելով տարվեն թշնամիների հեռավոր կամ մոտիկ երկիրը,

37և եթե գերության տարված երկրում զղջան, դարձի գան ու քեզ աղաչեն իրենց գերության մեջ՝ ասելով. “Մեղք և անօրենություն ենք գործել”,

38իրենց ամբողջ սրտով ու հոգով դառնան դեպի քեզ իրենց գերության երկրում և մեր հայրերին տված քո երկրի, քո ընտրած քաղաքի ու քո անվան համար իմ շինած տան կողմը նայելով՝ աղոթեն,

39երկնքից՝ քո բնակության վայրից, լսի՛ր նրանց աղոթքներն ու պաղատանքները, պաշտպանի՛ր նրանց իրավունքը և ների՛ր քո դեմ մեղանչած ժողովրդին։

40Արդ, Տե՛ր, թող քո աչքերը բաց լինեն և քո ականջները՝ սուր, որ լսես այստեղ արված պաղատանքները։

41Արդ, Տե՛ր, Աստվա՛ծ, դու և քո սրբության տապանակը ելեք եկե՛ք ձեր հանգստության վայրը. քո քահանաները, Տե՛ր, Աստվա՛ծ, քո օգնությունը թող հագնեն, և քո որդիները ցնծան բարության մեջ։

42Տե՛ր, Աստվա՛ծ, երես մի՛ դարձրու քո օծյալից, քո ողորմությամբ հիշի՛ր քո ծառա Դավթին»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for 2 Chronicles 6.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.