2 Chronicles 2NEA

1Սողոմոնը որոշեց տաճար կառուցել Տիրոջ անվան համար և թագավորական պալատ՝ իր համար։

2Նա հավաքեց յոթանասուն հազար բեռնակիրներ, լեռներում աշխատող ութսուն հազար քարհատներ և նրանց վրա վերակացուներ՝ երեք հազար վեց հարյուր մարդ։

3Սողոմոնը Տյուրոսի արքա Քիրամի մոտ մարդ ուղարկեց՝ ասելով. «Դու իմ հայր Դավթին օգնել ես. մայրի փայտ ես տվել բնակության տուն շինելու համար։

4Արդ, ես ևս՝ նրա որդին, Տիրոջ՝ իմ Աստծու անունով տուն եմ շինում, որ այն նվիրաբերեմ նրան, նրա առջև խունկ ծխեմ, շարունակ Առաջավորության հաց ու ողջակեզներ մատուցեմ ամեն առավոտ ու երեկո, ամեն շաբաթ օրերին, ամսամուտներին և մեր Աստծու տոներին. սա պետք է հավիտյան կատարվի Իսրայելում։

5Այն տունը, որ կառուցելու եմ, մեծ է լինելու, քանզի Տերը՝ մեր Աստվածը, ավելի մեծ է, քան բոլոր աստվածները։

6Բայց ո՞վ կարող է նրա համար տուն կառուցել, որովհետև երկինքն ու երկինքների երկինքն անգամ անկարող են պարփակել նրա փառքը։ Ես ո՞վ եմ, որ նրա համար տուն կառուցեմ, այլ միայն մի տեղ, որտեղ խունկ կծխեն նրա առաջ։

7Արդ, ինձ մոտ ճարտար մա՛րդ ուղարկիր, որ գիտենա մշակել իմ հայր Դավթի հավաքած ոսկին, արծաթը, պղինձը, երկաթը, հմուտ լինի ծիրանի, կարմիր, կապուտակ կտորներ ու բեհեզ գործածելու մեջ և քանդակել իմանա, որպեսզի միանա Հուդայի երկրում ու Երուսաղեմում գտնվող իմ վարպետներին։

8Ինձ Լիբանանից մայրու, սարդենու և թեղենու փա՛յտ ուղարկիր, որովհետև գիտեմ, որ ոչ ոք քո ծառաների նման Լիբանանից փայտ կտրել չգիտի։ Արդ, քո ծառաները թող գնան իմ ծառաների հետ,

9որ ինձ համար մեծ քանակությամբ փայտ պատրաստեն, որովհետև այն տունը, որ կառուցելու եմ, մեծ ու փառավոր է լինելու։

10Քո ծառաներին՝ փայտ կտրող գործավորներին, իբրև ռոճիկ կտամ քսան հազար քոռ ցորեն, քսան հազար քոռ գարի, քսան հազար չափ գինի և քսան հազար չափ ձեթ»։

11Տյուրոսի Քիրամ արքան պատասխանեց նամակով և ուղարկեց Սողոմոնին. «Քանի որ Տերը սիրեց իր ժողովրդին, դրա համար քեզ նրանց վրա թագավոր կարգեց»։

12Քիրամը նաև ասում էր. «Օրհնյալ է Տերը՝ Իսրայելի Աստվածը, որն ստեղծել է երկինքն ու երկիրը և Դավիթ արքային տվել է խելամտությամբ ու իմացությամբ օժտված իմաստուն որդի, որ տուն կառուցի Տիրոջ համար և թագավորական պալատ՝ իր համար։

13Ահա քեզ մոտ եմ ուղարկում մի խելոք ու հմուտ մարդու՝ իմ ծառա Քիրամին,

14որի մայրը Դանի դուստրերից է, իսկ նրա հայրը տյուրոսցի է։ Նա գիտի մշակել ոսկին, արծաթը, պղինձը, երկաթը, քարերն ու փայտերը, հյուսել ծիրանի ու կապուտակ, բեհեզ ու կարմիր կտորներ և քանդակներ անել։ Նա, աշխատելով քո վարպետների ու քո հոր՝ իմ Տեր Դավթի վարպետների հետ, կկարողանա անել այն բոլոր գործերը, որ կհանձնարարես իրեն։

15Արդ, ցորենը, գարին, ձեթն ու գինին, որ հիշատակել է իմ Տերը, թող ուղարկի իր ծառաներին,

16իսկ մենք Լիբանանից փայտ կկտրենք ըստ քո կարիքների և ծովի վրայով լաստերով կբերենք Հոպպե, և դու կկուտակես Երուսաղեմում»։

17Սողոմոնը հավաքեց Երուսաղեմում գտնվող բոլոր պանդուխտներին՝ ըստ իր հայր Դավթի կատարած մարդահամարի։ Նրանք հարյուր հիսուներեք հազար վեց հարյուր հոգի էին։

18Նա նրանցից յոթանասուն հազարին բեռնակիրներ կարգեց, ութսուն հազարին՝ քարհատներ, իսկ երեք հազար վեց հարյուրին նրանց վրա գործավարներ նշանակեց։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for 2 Chronicles 2.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.