2 Chronicles 1NEA

1Դավթի որդի Սողոմոնը հզորացավ իր թագավորության մեջ, Տերը՝ իր Աստվածը, նրա հետ էր ու նրան շատ բարձրացրեց։

2Սողոմոնը հրավիրեց իսրայելացիների բոլոր հազարապետներին, հարյուրապետներին, դատավորներին ու տոհմերի բոլոր իշխաններին

3և նրանց հետ գնաց Գաբավոնի բարձրավանդակը, որտեղ դրված էր Աստծու Վկայության խորանը, որ անապատում պատրաստել էր Տիրոջ ծառա Մովսեսը։

4Բայց Դավիթը Տիրոջ տապանակը հանել էր Կարիաթ-Յարիմ քաղաքից և դրա համար վրան էր պատրաստել Երուսաղեմում։

5Պղնձե զոհասեղանը, որ պատրաստել էր Հովրի որդի Ուրիի որդի Բեսելիելը, այնտեղ էր՝ Տիրոջ խորանի առջև։ Սողոմոնն ու նրա ուղեկիցները խոնարհվեցին դրա առջև։

6Ապա Սողոմոնը խորանի առջևում գտնվող պղնձե զոհասեղանի վրա Տիրոջ առջև զոհեր հանեց և այնտեղ հազար ողջակեզ մատուցեց։

7Այն գիշեր Տերը, երևալով Սողոմոնին, ասաց նրան. «Խնդրի՛ր, ի՞նչ տամ քեզ»։

8Սողոմոնն ասաց Աստծուն. «Դու իմ հորը մեծ ողորմածություն ես արել և ինձ գահ ես բարձրացրել նրա փոխարեն։

9Արդ, Տե՛ր, Աստվա՛ծ, քո անունը թող հաստատուն մնա իմ հայր Դավթի տան վրա, քանզի ինձ գահ ես բարձրացրել բազմամարդ մի ժողովրդի վրա, որը երկրի հողի չափ շատ է։

10Ինձ իմաստնություն ու իմացությո՛ւն տուր, որ կարողանամ ղեկավարել քո այս ժողովրդին, այլապես ո՞վ պիտի ղեկավարի քո այս մեծ ժողովրդին»։

11Աստված ասաց Սողոմոնին. «Քանի որ դա է քո սրտում, չխնդրեցիր ո՛չ մեծ հարստություն, ո՛չ փառք, ո՛չ քո հակառակորդների մահը, ո՛չ էլ երկար կյանք, այլ իմաստնություն ու իմացություն խնդրեցիր, որ կարողանաս ղեկավարել իմ ժողովրդին, որի թագավորն եմ դարձրել քեզ,

12քեզ կտամ իմաստնություն և իմացություն, ինչպես նաև հարստություն, գանձեր ու փառք, որպիսին քեզանից առաջ եղած ոչ մի թագավոր չի ունեցել, և ոչ էլ քեզանից հետո եկողներն են ունենալու»։

13Սողոմոնը Գաբավոնի բարձրավանդակից, Վկայության խորանի առջևից եկավ Երուսաղեմ և թագավորեց Իսրայելի վրա։

14Սողոմոնը մարտակառքեր ու հեծյալներ հավաքեց. նա հազար չորս հարյուր մարտակառք ու տասներկու հազար հեծյալ ունեցավ։ Նա դրանք թողեց հեծյալների համար սահմանված քաղաքներում, իսկ ժողովուրդը արքայի հետ մնաց Երուսաղեմում։

15Արքան ոսկին ու արծաթը քարի պես առատ դարձրեց Երուսաղեմում, իսկ մայրիները դաշտում աճող մոլաթզենիների չափ շատացրեց Հուդայի երկրում։

16Սողոմոնի ձիերը Եգիպտոսից էին բերվում։ Արքային վաճառականների սահմանած գինն այս էր.

17Եգիպտոսից բերված մեկ մարտակառքը վաճառում էին վեց հարյուր արծաթով, իսկ ձին՝ հարյուր հիսուն։ Այդ ձևով նրանք բերում էին նաև բոլոր քետացի թագավորների և ասորի թագավորների համար։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for 2 Chronicles 1.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.