2 Chronicles 18NEA

1Հովսափատն է՛լ ավելի շատ հարստություն ու մեծ փառք ունեցավ և խնամություն արեց Աքաաբի տան հետ։

2Տարեվերջին նա գնաց Աքաաբի մոտ՝ Սամարիա, և Աքաաբը նրա ու նրա հետ եկած զորքի համար շատ ոչխար ու զվարակ մորթեց և փորձեց նրան համոզել, որ միասին հարձակվեն Գաղաադի Ռամովթ քաղաքի վրա։

3Իսրայելի արքա Աքաաբն ասաց Հուդայի արքա Հովսափատին. «Ինձ հետ Գաղաադի Ռամովթ քաղաքի վրա կհարձակվե՞ս»։ Նա ասաց. «Ես ու դու նույնն ենք. և ինչպես քո զորքն է, այդպես էլ իմ զորքը կլինի քեզ հետ պատերազմում»։

4Հովսափատն ասաց Իսրայելի արքային. «Այսօր հարցնենք Տիրոջը»։

5Իսրայելի արքան հավաքեց Իսրայելի մարգարեներին՝ չորս հարյուր մարդ, և հարցրեց նրանց. «Գաղաադի Ռամովթ քաղաքի դեմ պատերազմի գնա՞մ, թե՞ հետ կանգնեմ»։ Նրանք ասացին. «Գնա՛, և Աստված այն արքայի ձեռքը կմատնի»։

6Հովսափատն ասաց. «Այստեղ Տիրոջ ուրիշ մարգարե չկա՞, որ նրան էլ հարցնենք»։

7Իսրայելի արքան ասաց Հովսափատին. «Մի ուրիշ մարդ էլ կա, որի միջոցով կարելի է Տիրոջը հարցնել, բայց ես ատում եմ նրան, որովհետև նա ինձ համար լավ բան չի մարգարեանում, և նրա բոլոր օրերը չարությամբ են լցված։ Դա Հեմլայի որդի Միքիան է»։ Հովսափատն ասաց. «Թող արքան այդպես չխոսի»։

8Եվ Իսրայելի արքան մի ներքինի կանչեց ու ասաց. «Շտապ այստե՛ղ բեր Հեմլայի որդի Միքիային»։

9Իսրայելի արքան և Հուդայի Հովսափատ արքան, պատմուճանները հագած, ամեն մեկը նստել էր իր գահին։ Նրանք նստել էին Սամարիայի դարպասի առջև՝ մի ընդարձակ տեղ, և բոլոր մարգարեները նրանց առջև մարգարեանում էին։

10Քանանի որդի Սեդեկիան, որ երկաթե եղջյուրներ էր պատրաստել, ասաց. «Այսպես է ասում Տերը. “Սրանցով պիտի հարվածես ասորիներին, մինչև բնաջնջես նրանց”»։

11Բոլոր մարգարեները նույնն էին մարգարեանում՝ ասելով. «Հարձակվի՛ր Գաղաադի Ռամովթ քաղաքի վրա, հաջողություն կունենաս, և Տերն այն արքայի ձեռքը կհանձնի»։

12Սուրհանդակը, որ գնացել էր Միքիային կանչելու, խոսեց նրա հետ և ասաց. «Ահա մարգարեները միաբերան բարին գուշակեցին արքայի համար. դու էլ նրանց ասածի պես մի բա՛ն ասա, լավ բա՛ն գուշակիր»։

13Միքիան ասաց. «Կենդանի է Տերը. ինչ որ Աստված ինձ ասի, այն էլ կասեմ»։

14Նա եկավ արքայի մոտ, և արքան նրան ասաց. «Միքիա՛, Գաղաադի Ռամովթ քաղաքի վրա հարձակվե՞մ, թե՞ հետ կանգնեմ»։ Նա ասաց. «Հարձակվի՛ր և հաջողություն կգտնես, նրանք ձեր ձեռքը կմատնվեն»։

15Սակայն արքան նրան ասաց. «Քանի անգամ եմ քեզ երդվել տվել, որ Տիրոջ անունով ճշմարտությունից բացի ինձ այլ բան չասես»։

16Միքիան ասաց. «Տեսա, որ իսրայելացիները ցրված են լեռների վրա հովիվ չունեցող ոչխարների պես, և Տերն ասաց. “Սրանք առաջնորդ չունեն, թող ամեն մարդ իր տունը վերադառնա խաղաղությամբ”»։

17Իսրայելի արքան ասաց Հովսափատին. «Քեզ չասացի՞, որ նա ինձ համար բարի գուշակություն չի անի, այլ չար»։

18Իսկ Միքիան ասաց. «Այդպես չէ։ Լսե՛ք Տիրոջ խոսքը։ Ես տեսա Տիրոջը, որ նստած էր իր աթոռին, և երկնքի բոլոր զորքերը կանգնած էին նրա աջ ու ձախ կողմերում։

19Տերն ասաց. “Ո՞վ կխաբի Իսրայելի արքա Աքաաբին, որ վեր կենա ու հարձակվի Գաղաադի Ռամովթ քաղաքի վրա”։ Մեկն այսպես խոսեց, մյուսը՝ այնպես։

20Մի ոգի ելավ ու կանգնելով Տիրոջ առջև՝ ասաց. “Ես կխաբեմ նրան”։ Տերն ասաց. “Ինչպե՞ս”։

21Նա ասաց. “Ես կգնամ ու սուտ ոգի կլինեմ նրա բոլոր մարգարեների բերանում”։ Տերն ասաց. “Դու կխաբես նրան, դու կարող ես, ուրեմն գնա՛ և այդպե՛ս արա”։

22Ահա Տերը սուտ ոգի է դրել քո այդ մարգարեների բերանում. Տերը քեզ համար վատ բան է գուշակել»։

23Այն ժամանակ Քանանի որդի Սեդեկիան, մոտենալով Միքիային, հարվածեց նրա ծնոտին ու ասաց. «Ո՞ր ճանապարհով Տիրոջ ոգին անցավ իմ մոտով և խոսեց քեզ հետ»։

24Միքիան ասաց. «Ահա դու կտեսնես այն օրը, երբ թաքնվելու համար սենյակից սենյակ պիտի մտնես»։

25Իսրայելի արքան ասաց. «Բռնե՛ք Միքիային, հե՛տ տարեք քաղաքագլուխ Սեմերի ու արքայորդի իշխան Հովասի մոտ

26և ասացե՛ք. “Այսպես է ասում արքան. “Սրան բա՛նտ դրեք, և նա թող մի կտոր հացով ու մի կում ջրով սնվի, մինչև որ ես խաղաղությամբ վերադառնամ”»։

27Միքիան ասաց. «Եթե իրոք խաղաղությամբ վերադառնաս, ուրեմն Տերը ինձ հետ չի խոսել։ Ո՜վ ժողովուրդ, բոլորդ լսե՛ք»։

28Իսրայելի արքան ու Հուդայի արքա Հովսափատը հարձակվեցին Գաղաադի Ռամովթ քաղաքի վրա։

29Իսրայելի արքան ասաց Հովսափատին. «Ծպտի՛ր ինձ, որ այդպես մտնեմ պատերազմի մեջ, իսկ դու հագի՛ր իմ պատմուճանը»։ Իսրայելի արքան ծպտվեց և մտավ պատերազմի մեջ։

30Ասորիների արքան իր մարտակառքերի հրամանատարներին, որոնք իր հետ էին, ասաց. «Մի՛ կռվեք ո՛չ շարքայինի, ո՛չ էլ նրանց մեծավորների դեմ, այլ միայն Իսրայելի արքայի դեմ»։

31Երբ մարտակառքերի հրամանատարները տեսան Հովսափատին, ասացին. «Սա է Իսրայելի արքան», և շրջապատեցին նրան, որ կռվեն նրա դեմ։ Սակայն Հովսափատն աղաղակեց, ու Տերը փրկեց նրան։ Աստված նրանց հեռացրեց նրանից։

32Երբ մարտակառքերի հրամանատարները տեսան, որ նա Իսրայելի արքան չէ, նրան հետապնդելուց դադարեցին։

33Մի մարդ ամբողջ ուժով լարեց աղեղը և լանջապանակի միջով խոցեց Իսրայելի արքայի թոքերը։ Նա ասաց իր ներքինուն. «Կառքը հե՛տ դարձրու և ինձ հանի՛ր պատերազմի դաշտից, որովհետև վիրավոր եմ»։

34Այդ օրը պատերազմը սաստկացավ, և Իսրայելի արքան մինչև երեկո մնաց իր մարտակառքի վրա՝ ասորիների դիմաց, և արեգակի մայր մտնելու ժամանակ մեռավ։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for 2 Chronicles 18.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.