1 Samuel 24NEA

1Այնտեղից գնալով՝ Դավիթը բնակվեց Գադդայի կիրճերում։

2Երբ Սավուղը վերադարձավ այլազգիներին հետապնդելուց, նրան լուր բերեցին՝ ասելով. «Ահավասիկ Դավիթը Գադդայի անապատում է»։

3Իր հետ վերցնելով ողջ Իսրայելից հավաքված երեք հազար ընտիր մարդկանց՝ Սավուղը գնաց փնտրելու Դավթին ու նրա մարդկանց եղջերուների որսատեղիի Ելիմ կոչվող վայրի դիմաց։

4Նա ոչխարների փարախների հանդիպեց ճանապարհին։ Այնտեղ մի քարայր կար։ Սավուղը մտավ այնտեղ հանգստանալու։ Դավիթն ու նրա մարդիկ քարայրի ներսի մասում էին։

5Դավթի մարդիկ նրան ասացին. «Ահա սա այն օրն է, որի համար Տերը քեզ ասել է. “Քո թշնամիներին քո ձեռքը պիտի մատնեմ”։ Նրա հետ վարվի՛ր այնպես, ինչպես հաճելի է քո աչքին»։ Դավիթը ելավ ու Սավուղի թիկնոցի մի ծայրը զգուշությամբ կտրեց։

6Դրանից հետո Դավիթը խղճի խայթ զգաց, որ նրա թիկնոցի մի ծայրը կտրել է։

7Դավիթն իր մարդկանց ասաց. «Երդվում եմ Տիրոջ անունով, որ այդ բանը չեմ անի իմ տիրոջ՝ Տիրոջ կողմից օծյալ մարդու նկատմամբ, իմ ձեռքը չեմ բարձրացնի նրա վրա, որովհետև նա Տիրոջ օծյալն է»։

8Դավիթն այս խոսքերով համոզեց իր մարդկանց ու թույլ չտվեց, որ Սավուղի վրա հարձակվեն ու սպանեն։ Սավուղը դուրս եկավ այդ քարայրից ու գնաց իր ճանապարհով։

9Դավիթը նրանից հետո վեր կացավ, դուրս եկավ քարայրից և աղաղակեց նրա հետևից՝ ասելով. «Իմ տե՛ր արքա»։ Սավուղը հետ նայեց. Դավիթը երեսնիվայր գետնին ընկավ ու երկրպագեց։

10Դավիթը Սավուղին ասաց. «Ինչո՞ւ ես մարդկանց խոսքին հավատում, որ ասում են, թե՝ “Դավիթն ուզում է սպանել քեզ”։

11Ահա այսօր քո աչքերը տեսան, որ այս քարայրի մեջ Տերն ինչպե՛ս էր քեզ իմ ձեռքը մատնել, բայց ես չուզեցի քեզ սպանել, խնայեցի քեզ՝ ասելով. “Իմ ձեռքը իմ տիրոջ վրա չեմ բարձրացնի, որովհետև նա Տիրոջ օծյալն է”։

12Տե՛ս, հա՛յր իմ, ահա քո թիկնոցի մի ծայրն իմ ձեռքին է. ես կտրեցի քո հանդերձի ծայրը, բայց չսպանեցի քեզ։ Իմացի՛ր ու տե՛ս այսօր, որ իմ վարմունքի մեջ չարություն, անօրենություն ու ամբարշտություն չկա, քո դեմ ոչ մի հանցանք չեմ գործել, իսկ դու ուզում ես հետապնդելով իմ կյանքը խլել։

13Թող Տերը դատ անի իմ ու քո միջև և իմ վրեժը քեզնից առնի, բայց իմ ձեռքը քեզ վրա չի բարձրանա։

14Ինչպես հին առակն է ասում՝ “Անօրեն ձեռքից է գալիս վնասը”, բայց իմ ձեռքը քեզ վրա չի բարձրանա։

15Արդ, ո՞ւմ հետևից ես ընկել, ո՜վ Իսրայելի արքա, և ո՞ւմ ես հալածում. սատկած շան կամ մի լուի հետևի՞ց ես ընկել։

16Թող Տերը դատավոր ու իրավարար լինի իմ և քո միջև։ Թող Տերը տեսնի ու դատի և ինձ արդարություն անի»։

17Երբ Դավիթն ավարտեց Սավուղին ուղղված այս խոսքերը, Սավուղն ասաց. «Այդ քո՞ ձայնն է, որդյա՛կ իմ Դավիթ»։ Եվ Սավուղը, իր ձայնը բարձրացնելով, լաց եղավ։

18Սավուղը Դավթին ասաց. «Դու ավելի արդար մարդ ես, քան ես, քանի որ դու ինձ բարիք հատուցեցիր, իսկ ես քեզ չարիք հատուցեցի։

19Դու այսօր ինձ պատմեցիր, որ բարիք ես արել, թե ինչպես Տերն այսօր ինձ քո ձեռքն էր մատնել, իսկ դու ինձ չսպանեցիր։

20Եթե մեկն իր թշնամուն նեղության մեջ բռնելով՝ նրան ազատ է արձակում, որ բարով գնա իր ճանապարհը, ինչպես դու արեցիր այսօր իմ նկատմամբ, ապա Տերը նրան բարությամբ է հատուցում։

21Արդ, ես գիտեմ, որ դու անպայման կթագավորես, և Իսրայելի թագավորությունը քո ձեռքում հաստատ կմնա։

22Ուրեմն, երդվի՛ր ինձ Տիրոջ անունով, որ ինձնից հետո իմ սերունդը չես ոչնչացնի և իմ անունը չես վերացնի իմ հոր տնից»։

23Եվ Դավիթը երդվեց Սավուղին։ Սավուղը գնաց իր տեղը, իսկ Դավիթն ու իր մարդիկ եկան Մասարայի կիրճերը։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for 1 Samuel 24.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.