1 Samuel 23NEA

1Դավթին հայտնեցին՝ ասելով. «Այլազգիները պատերազմում են Կեիլայի դեմ և կողոպտում են կալերը»։

2Դավիթը Տիրոջը հարցրեց՝ ասելով. «Գնա՞մ ջարդեմ այդ այլազգիներին»։ Տերը Դավթին ասաց. «Գնա՛, ջարդի՛ր այլազգիներին ու փրկի՛ր Կեիլան»։

3Դավթի մարդիկ նրան ասացին. «Մենք այստեղ՝ Հուդայի երկրի մեջ, վախենում ենք։ Ի՞նչ կլինի մեր վիճակը, եթե գնանք Կեիլա ու այլազգիներին գերի դառնանք»։

4Դավիթը երկրորդ անգամ հարցրեց Տիրոջը, և Տերը նրան պատասխան տվեց՝ ասելով. «Վեր կաց գնա՛ Կեիլա, քանի որ ես այլազգիներին քո ձեռքն եմ մատնելու»։

5Դավիթն իր մարդկանցով գնաց Կեիլա և մարտնչեց այլազգիների դեմ, որոնք նրա առջևից փախան։ Նա մեծ հարվածներ հասցրեց նրանց, վերցրեց նրանց անասունները և փրկեց Կեիլայի բնակիչներին։

6Աքիմելեքի որդի Աբիաթարը, որ Դավթի մոտ էր փախել, Դավթի հետ իջավ Կեիլա՝ իր ձեռքին ունենալով եփուդը։

7Սավուղին հայտնեցին, թե Դավիթը եկել է Կեիլա։ Սավուղն ասաց. «Աստված նրան իմ ձեռքն է մատնել, քանի որ քաղաք մտնելով՝ փակվել է դռների ու նիգերի հետևում»։

8Սավուղն ամբողջ ժողովրդին հրամայեց գնալ Կեիլա և բռնել Դավթին ու նրա մարդկանց։

9Դավիթը Սավուղի մասին իմացավ, որ նա չարությունից չի հրաժարվել։ Դավիթը Աբիաթար քահանային ասաց. «Բե՛ր Տիրոջ եփուդը»։

10Դավիթն ասաց. «Ո՛վ Տեր՝ Աստված Իսրայելի, քո ծառան լսեց, որ Սավուղն ուզում է հարձակվել Կեիլայի վրա և իմ պատճառով կործանել քաղաքը։

11Ինչպես քո ծառան լսել է, արդյոք Սավուղը հիմա կիջնի՞ այստեղ, կպաշարի՞։ Հայտնի՛ր քո ծառային, Տե՛ր՝ Աստվա՛ծ Իսրայելի»։ Տերն ասաց. «Կպաշարի»։

12Դավիթն ասաց. «Արդյոք կեիլացիներն ինձ և իմ մարդկանց Սավուղի ձեռքը կմատնե՞ն»։ Տերն ասաց. «Կմատնեն»։

13Դավիթն ու նրա հետ եղող մարդիկ, մոտավորապես չորս հարյուր մարդ վեր կացան, ելան Կեիլայից ու գնացին, ուր կարող էին գնալ։ Երբ Սավուղին հայտնեցին, թե Դավիթը փախել է Կեիլայից, նա հրաժարվեց քաղաքի վրա հարձակվելուց։

14Դավիթը բնակվեց անապատի մեջ, Մասերեթի կիրճերում. մնում էր Զիփ անապատի միգապատ լեռան վրա, մթին երկրում։ Սավուղն անընդհատ նրան էր որոնում, սակայն Տերը նրա ձեռքը չմատնեց Դավթին։

15Երբ Դավիթը տեսավ, որ Սավուղը դուրս է եկել իրեն որոնելու, մնաց անապատում, Նորում՝ Զիփի միգապատ լեռան վրա։

16Սավուղի որդի Հովնաթանը վեր կացավ ու գնաց Նոր՝ Դավթի մոտ, և նրան ուժ տվեց Տիրոջ անունով։

17Հովնաթանը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, որովհետև իմ հայր Սավուղի ձեռքը քեզ չի գտնի, և դու կթագավորես Իսրայելի վրա, իսկ ես քո երկրորդը կլինեմ։ Իմ հայր Սավուղն էլ գիտի, որ դա այդպես է»։

18Նրանք երկուսով ուխտ արեցին Տիրոջ առջև։ Դավիթը մնաց Նորում, իսկ Հովնաթանը գնաց իր տունը։

19Զիփացիներն իրենց մռայլ երկրից ելան գնացին բլուրը՝ Սավուղի մոտ, և ասացին. «Չէ՞ որ Դավիթն ահա մեզ մոտ է թաքնված, Մասերայում, Նորի կիրճերում, Եքեղատի բլրի վրա, Հեսեմոնի աջ կողմը։

20Արդ, ո՛վ արքա, քանի որ դու շատ ես ցանկանում, անպայման արի՛ մեզ մոտ, որ նրան շրջափակենք ու քո՝ արքայիդ ձեռքը հանձնենք»։

21Սավուղը նրանց ասաց. «Օրհնյալ եք դուք Տիրոջից, քանի որ ցավակից եք ինձ։

22Արդ, գնացե՛ք, ավելի լա՛վ պատրաստվեք, դիտե՛ք ու հայտնաբերե՛ք, թե նա որտեղ ոտք կդնի։ Շո՛ւտ հասեք այն տեղը, որտեղ ասում եք, թե նա գտնվում է։ Չլինի, թե նա խորամանկություն անի։

23Քննե՛ք ու տեսե՛ք ամեն տեղ, որտեղ թաքնված է, և վերադարձե՛ք ինձ մոտ ստույգ տեղեկություններով, որ ձեզ հետ գնանք։ Եթե նա այդ երկրում է, Հուդայի հազարավոր որդիների մեջ էլ կգտնեմ նրան»։

24Եվ զիփացիները վեր կացան ու գնացին Սավուղի մոտից։ Դավիթը և նրա մարդիկ երեկոյան Մաոնի անապատում էին՝ Հեսեմոնի աջ կողմում։

25Սավուղն ու նրա մարդիկ գնացին Դավթին փնտրելու։ Երբ Դավթին իմաց տվեցին, նա իջավ Մաոնի անապատում գտնվող քարի մոտ։ Այդ լսելով՝ Սավուղը Դավթին հետապնդեց Մաոնի անապատում։

26Սավուղն ու իր մարդիկ գնում էին լեռան այս կողմով, իսկ Դավիթն իր մարդկանցով՝ լեռան այն կողմով։ Դավիթը Սավուղից թաքուն էր գնում, սակայն Սավուղն ու իր մարդիկ Դավթին ու նրա մարդկանց շրջապատեցին, որ բռնեն։

27Եվ ահա մի լրաբեր եկավ Սավուղի մոտ և ասաց. «Շտապ արի՛ այստեղ, որովհետև այլազգիները արշավել են երկրի վրա»։

28Սավուղը դադարեց Դավթին հետապնդելուց, որ գնա այլազգիների դեմ։ Այդ պատճառով այս վայրը կոչվեց Բաժանված վեմ։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for 1 Samuel 23.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.