1 Samuel 21NEA

1Դավիթը վեր կացավ ու գնաց, իսկ Հովնաթանը մտավ քաղաք։

2Դավիթը եկավ Նոմբա՝ Աքիմելեք քահանայի մոտ։ Նրան տեսնելով՝ Աքիմելեքը զարհուրեց ու ասաց. «Ինչո՞ւ ես մենակ, ինչո՞ւ ոչ ոք չկա քեզ հետ»։

3Դավիթը Աքիմելեք քահանային ասաց. «Արքան այսօր ինձ մի գործ է հանձնարարել և ասել է ինձ. “Ոչ ոք չիմանա, թե ինչո՛ւ եմ քեզ ուղարկում և թե ի՛նչ եմ պատվիրել քեզ”։ Ես իմ ծառաներին հանձնարարել եմ մնալ այն տեղում, որ կոչվում է Փելմոնի Ելմոնի, այսինքն՝ Աստծու հավատարմություն։

4Արդ, եթե հինգ նկանակ ունես քո ձեռքի տակ, տո՛ւր ինձ, կամ էլ ինչքան որ կա»։

5Պատասխան տալով՝ Աստծու քահանան Դավթին ասաց. «Ես անմաքուր հաց չունեմ, ունեմ սուրբ հաց։ Եթե քո ծառաները կանանց չեն մերձեցել, թող ուտեն»։

6Դավիթը պատասխանեց քահանային՝ ասելով. «Կանանցից հեռու ենք մնացել երեկվանից ու նախորդ օրվանից։ Ճանապարհ ընկնելու ժամանակ իմ ծառաները մաքրվել են, բայց այս ճանապարհը պիղծ է, այդ պատճառով այսօր դա պիտի մաքրվի իմ գործով»։

7Աքիմելեք քահանան նրան տվեց Առաջավորության հացից, քանի որ այնտեղ սովորական հաց չկար, այլ միայն Առաջավորության հաց, որ վերցրել էին Տիրոջ առաջից՝ այդ օրը դրանց փոխարեն տաք հաց դնելու համար։

8Այն օրն այդտեղ էր գտնվում Սավուղի ծառաներից մեկը, որը Տիրոջ առջև բռնված էր։ Նրա անունն էր Դովեկ Ասորի։ Նա Սավուղի ջորիներն էր արածեցնում։

9Դավիթն ասաց Աքիմելեքին. «Այստեղ ձեռքիդ տակ գեղարդ կամ սուր կա՞։ Իմ սուրը և զենքն ու զրահը հետս չեմ վերցրել, քանի որ արքայի գործը շտապ էր»։

10Քահանան ասաց. «Ահա այլազգի փղշտացի Գողիաթի սուրը, որին սպանեցիր Ելա հովտում։ Դա շորով փաթաթված ու դրված է վակասի հետևում։ Եթե ուզում ես, վերցրո՛ւ, քանի որ, բացի դրանից, այստեղ ոչինչ չկա»։ Դավիթն ասաց. «Դրա նմանը չկա, տո՛ւր ինձ այն»։

11Եվ նա դա տվեց նրան։ Դավիթն այդ օրը ելավ ու փախավ Սավուղի առաջից։

12Դավիթը եկավ Գեթի արքա Անքուսի մոտ։ Անքուսի ծառաները նրան ասացին. «Սա Դավիթը չէ՞, այն երկրի թագավորը։ Սրա համար չէ՞, որ պար բռնող կանայք երգում էին ու ասում. “Սավուղը հազար սպանեց, իսկ Դավիթը՝ բյուր”»։

13Դավիթն այս խոսքերը պահեց իր սրտում և սաստիկ վախեցավ Գեթի արքա Անքուսից։

14Նա իր դեմքն այլակերպեց, այդ օրը նրանց առջև խելագար ձևացավ։ Նա նվագում, պարում էր քաղաքի դռների մոտ, լորձունքը ծորում էր մորուքի վրա, գլուխկոնծի էր տալիս։

15Անքուսն ասաց իր ծառաներին. «Դուք տեսնում եք, որ այս մարդը դիվահար է։ Ինչո՞ւ եք նրան ինձ մոտ բերել։

16Մի՞թե ես դիվահարներին կարոտ եմ, որ նրան բերել եք ինձ մոտ, որպեսզի դիվահարություն անի։ Նա թող իմ տուն չմտնի»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for 1 Samuel 21.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.