1Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի. յարութեան մասին
2Աղաղակեցէ՛ք Աստծուն, բոլո՛ր երկրներ, սաղմո՛ս երգեցէք նրա անուանը եւ փա՛ռք տուէք նրա օրհնութեանը։
3Ասացէ՛ք Աստծուն. «Որքա՜ն ահեղ են քո գործերը. ի տես քո մեծ զօրութեանքո թշնամիները ստեցին քո դէմ։
4Ողջ աշխարհը պիտի երկրպագի քեզ, սաղմոս պիտի երգի քեզ ու քո անուանը սաղմոս ձօնի»։
5Եկէ՛ք եւ տեսէ՛ք գործերն Աստծու, թէ որքան ահեղ են խորհուրդներով՝ քան գործերը մարդկանց բոլոր որդիների։
6Նա էր, որ ծովը ցամաք դարձրեց, եւ մարդիկ ոտքով անցան գետի միջով։
7Ահա պիտի ցնծանք նրանով, որ յաւէտ տիրում է իր զօրութեամբ։ Նրա աչքերը նայում են հեթանոսներին, որոնք դառնացրին իրեն.
8Օրհնեցէ՛ք, հեթանոսնե՛ր, մեր Աստծուն եւ լսելի՛ դարձրէք նրա օրհնութեան ձայնը։
9Նա իմ հոգին դարձրեց կեանքին եւ թոյլ չտուեց, որ ոտքերս դողան։
10Քննեցիր մեզ, Աստուա՛ծ, ու փորձեցիր, ինչպէս արծաթն է փորձւում։
11Մեզ որոգայթի մէջ գցեցիր, նեղութիւն դրիր մեր թիկունքին,
12եւ մարդկանց անցկացրիր մեր գլխի վրայով։ Մենք անցանք հրի ու ջրի միջով, բայց դու մեզ անդորր տուիր։
13Զոհաբերութիւններով պիտի մտնեմ տունը քո եւ քեզ պիտի հատուցեմ իմ ուխտերը,
14որ խոստացան քեզ իմ շրթունքները, եւ բերանն իմ խօսեց նեղութեան մէջ։
15Պարարտ ողջակէզներ պիտի մատուցեմ քեզ՝ խոյերով ու խնկերով, քեզ պիտի մատուցեմ արջառներ ու նոխազներ։
16Եկէ՛ք ու լսեցէ՛ք ինձ, Աստծու բոլո՛ր երկիւղածներ, որ ձեզ պատմեմ, թէ ինչ արեց նա իմ անձի համար։
17Ես նրան դիմեցի իմ բերանով, եւ լեզուովս մեծարեցի նրան։
18Եթէ սրտումս մեղք տեսնէի, Տէրն ինձ չէր ունկնդրի։
19Դրա համար Աստուած լսեց ինձ եւ ուշ դարձրեց իմ խնդրանքի ձայնին։
20Օրհնեալ է Աստուած, որ չվանեց աղօթքն իմ, ոչ էլ ողորմութիւնն իր՝ ինձնից։