1Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի.
2այն ժամանակ, երբ նրա մօտ եկաւ Նաթան մարգարէն, երբ ինքը մերձեցել էր Բերսաբէին
3Ողորմի՛ր ինձ, Աստուա՛ծ, քո մեծ ողորմութեամբ եւ քո գթառատութեամբ ջնջի՛ր իմ յանցանքները։
4Առաւել եւս լուա՛ ինձ իմ անօրէնութիւնից եւ իմ մեղքերից մաքրի՛ր ինձ։
5Իմ անօրէնութիւններն ես ինքս գիտեմ, եւ մեղքերն իմ միշտ առջեւս են։
6Քո դէմ միայն մեղանչեցի, Տէ՛ր, եւ չարիք գործեցի քո առջեւ, որպէսզի արդար լինես քո խօսքերում, եւ յաղթող՝ քո դատաստանի
7Անօրէնութեամբ յղիացաւ եւ մեղքերի մէջ ծնեց ինձ մայրն իմ։
8Դու, Տէ՛ր, ճշմարտութիւնը սիրեցիր եւ քո իմաստութեան անյայտն ու ծածուկն ինձ յայտնեցիր։
9Ցօղի՛ր ինձ սպունգով՝ եւ ես կը մաքրուեմ, լուա՛՝ ու ձիւնից ճերմակ կը լինեմ։
10Ինձ ցնծութիւն եւ ուրախութիւն լսել տո՛ւր, եւ թող տառապեալ ոսկորներս ցնծան։
11Երեսդ շո՛ւռ տուր իմ մեղքերից եւ իմ բոլոր յանցանքները ջնջի՛ր ինձնից։
12Իմ մէջ մաքուր սիրտ հաստատի՛ր, Աստուա՛ծ, եւ արդար հոգի նորոգի՛ր իմ որովայնում։
13Մի՛ գցիր ինձ, Տէ՛ր, քո երեսից եւ սուրբ Հոգիդ մի՛ հանիր ինձնից։
14Ինձ փրկութեան ցնծութի՛ւն տուր, եւ քո տիրական Հոգով հաստատի՛ր ինձ։
15Անօրէններին կը սովորեցնեմ քո ճանապարհը, եւ ամբարիշտները քո կողմը կը դառնան։
16Փրկի՛ր ինձ արիւնից, Աստուա՛ծ, իմ փրկութեա՛ն Աստուած. լեզուս թող ցնծայ քո արդարութեամբ։
17Տէ՛ր, եթէ շրթներս բացես, բերանն իմ կ՚երգի օրհնութիւնը քո։
18Եթէ ուզէիր՝ պատարագ կը մատուցէինք, բայց դու ողջակէզներ չես սիրում։
19Խոնարհ հոգին է պատարագն Աստծու, մաքուր սիրտն ու խոնարհ հոգին Աստուած չի արհամարհում։
20Քո բարեհաճութեամբ բարի՛ք գործիր Սիոնին, Տէ՛ր, եւ Երուսաղէմի պարիսպները թող կառուցուեն։
21Այնժամ դու կը հաւանես արդարութեան պատարագները, եւ, իբրեւ ուխտի զոհեր, քո սեղանին հորթեր կը մատուցեն։