1Երանի նրանց, ովքեր անբիծ ուղի են բռնել,եւ ընթանում են Տիրոջ օրէնքով։
2Երանի նրանց, ովքեր հետեւում են նրա պատուիրաններին, իրենց ամբողջ սրտով փնտռում են նրան։
3Անօրէնութիւն գործողները չեն, որ պիտի ընթանան նրա ճանապարհներով։
4Դու հրամայեցիր, որ քո պատուիրանները խստօրէն պահեմ։
5Իմ ճանապարհները յաջող կը լինեն, եթէ քո պատուիրանները պահեմ։
6Այն ժամանակ ես չէի ամաչում՝երբ զգոյշ էի քո պատուիրանների հանդէպ։
7Ես գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր, ուղիղ սրտով, սովորելով քո արդար դատաստանները։
8Պահեցի ես քո օրէնքները, իսպառ մի՛ լքիր ինձ։
9Երիտասարդն ի՞նչ միջոցով ուղղի ճանապարհն իր,եթէ ոչ քո խօսքերը պահելով։
10Իմ ամբողջ սրտով քեզ փնտռեցի, մի՛ զրկիր ինձ քո պատուիրաններից։
11Քո խօսքերը սրտումս թաքցրի, որ չմեղանչեմ քո դէմ։
12Օրհնեալ ես դու, Տէ՛ր, սովորեցրո՛ւ ինձ քո օրէնքները,
13որ շրթունքներով իմ պատմեմ բերանիդ բոլոր դատաստանները։
14Քո պատուիրանների ճանապարհին եմ գտնում ես իմ ուրախութիւնը,աւելի քան ամէն տեսակ հարստութեան մէջ։
15Քո պատուիրանների մասին խորհեցի, հետեւեցի քո ճանապարհներին։
16Քո օրէնքները կատարեցի եւ չմոռացայ խօսքերը քո։
17Հատուցի՛ր քո ծառային, որ ապրեմ ու պահեմ խօսքերը քո։
18Բա՛ց իմ աչքերը, որ տեսնեմ քո օրէնքի հրաշալիքները։
19Պանդուխտ եմ ես երկրի երեսին, պատուիրաններդ մի՛ թաքցրու ինձնից։
20Ես փափագեցի ամէն ժամ ցանկանալ քո դատաստանները։
21Դու սաստեցիր ամբարտաւաններին. անիծեալ են նրանք, ովքեր խոտորուեցին քո պատուիրաններից։
22Հեռացրո՛ւ ինձնից նախատինքն ու արհամարհանքը, քանզի ես նախանձախնդիր եղայ քո վկայութիւններին։
23Թէեւ իշխանները նստած չարախօսում էին իմ մասին, բայց քո ծառան խորհում էր քո օրէնքների մասին։
24Քո վկայութիւններն իմ խօսքերն էին, եւ քո արդարութիւնն՝ իմ խորհուրդը։
25Հոգիս մերձեցաւ հողին. Տէ՛ր, ըստ քո խոստման՝ փրկի՛ր ինձ։
26Իմ ճանապարհների մասին պատմեցի քեզ, ու դու ինձ լսեցիր.դատաստաններդ սովորեցրո՛ւ ինձ։
27Ինձ ճանաչե՛լ տուր քո արդարութիւնների ճանապարհը, որ խորհեմ քո հրաշագործութիւնների մասին։
28Հոգիս անքուն մնաց ձանձրոյթից, ըստ քո խոստման՝ ամրապնդի՛ր ինձ։
29Մեղքի ճանապարհները հեռացրո՛ւ ինձնից,եւ քո օրէնքով ողորմի՛ր ինձ։
30Քո ճշմարտութեան ճանապարհն ընտրեցի,եւ քո օրէնքները ես չմոռացայ։
31Մերձեցայ քո պատուիրաններին. Տէ՛ր, մի՛ ամաչեցրու ինձ։
32Քո պատուիրանների ճանապարհով ընթացայ, քանզի անդորրութիւն տուիր իմ սրտին։
33Տէ՛ր, իրաւունքիդ ճանապարհի օրէնսգէտն ի՛նձ դարձրու, որ ամէն ժամ հետեւեմ դրան։
34Իմաստո՛ւն դարձրու ինձ, որ քննեմ քո օրէնքը եւ ամբողջ սրտովս պահպանեմ այն։
35Առաջնորդի՛ր ինձ քո պատուիրանների շաւիղներով, քանզի հաճելի են դրանք ինձ։
36Սիրտս հակի՛ր դէպի քո պատուիրանները, եւ ոչ թէ դէպի ագահութիւն։
37Շրջի՛ր աչքերս, որ ունայնութիւն չտեսնեմ, ինձ պահպանի՛ր քո ճանապարհին։
38Քո ծառայի համար հաստատի՛ր քո խօսքը,որ քո երկիւղի մէջ մնամ։
39Ազատի՛ր ինձ նախատինքներից, որոնցից կասկածում էի, քանզի քաղցր են դատաստանները քո։
40Ահա ցանկացայ քո պատուիրանները, քո արդարութեամբ պահպանի՛ր ինձ։
41Ողորմութիւնդ ինձ վրայ թող գայ, Տէ՛ր, եւ փրկութիւնդ՝ ըստ քո խոստման։
42Ես խօսքով պատասխան կը տամ ինձ նախատողներին, քանզի յոյսս դրի քո խօսքերի վրայ։
43Ճշմարտութեան խօսքը բնաւ մի՛ հեռացրու իմ բերանից, քանզի յոյսս դրի քո դատաստանների վրայ։
44Քո օրէնքը պահեցի ամէն ժամ, յաւիտեան եւ յաւիտեանս յաւիտենից։
45Ես ընթացայ անդորրութեան մէջ, քանզի քո պատուիրանները փնտռեցի։
46Թագաւորների առաջ խօսեցի քո պատուիրանների մասին ու չամաչեցի։
47Խորհեցի քո պատուիրանների մասին, որոնք սիրեցի։
48Ձեռքս պարզեցի դէպի պատուիրանները քո, որոնք սիրեցի, եւ խորհեցի քո արդարութեան մասին։
49Յիշի՛ր քո ծառային տրուած խօսքը, որի վրայ էլ դրիր իմ յոյսը։
50Դա է թշուառութեանս մէջ ինձ մխիթարողը, քանզի քո խօսքն ինձ պահպանեց։
51Ամբարտաւանները շատ անիրաւութիւն գործեցին իմ դէմ, բայց ես քո օրէնքից չխոտորուեցի։
52Քո յաւերժական օրէնքները յիշեցի, Տէ՛ր, ու մխիթարուեցի։
53Տրտմութիւն իջաւ ինձ վրայ մեղաւորների ու քո օրէնքը լքողների երեսից։
54Պատուիրաններդ գովասանքի արժանի են ինձ համար իմ պանդխտավայրում։
55Գիշերն յիշեցի քո անունը, Տէ՛ր, եւ քո օրէնքը պահեցի։
56Դա՛ եղաւ կեանքիս ուղին, քանզի քո արդարութիւնը փնտռեցի։
57Բաժինս դո՛ւ ես, Տէ՛ր, ասացի որ օրէնքիդ պիտի հետեւեմ։
58Ամբողջ սրտովս աղօթեցի քո դիմաց, ողորմի՛ր ինձ ըստ քո խոստման։
59Իմ ճանապարհի մասին խորհեցի,եւ քայլերս դէպի քո պատուիրանները շրջեցի։
60Պատրաստուեցի եւ չվախեցայ պահել քո պատուիրանները։
61Մեղքի ցանցերը պատեցին ինձ, բայց քո օրէնքը ես չմոռացայ։
62Կէսգիշերին ելնում էի գոհութիւն մատուցելու քեզ քո արդար դատաստանների համար։
63Հաղորդակցւում էի քեզնից երկիւղ կրող բոլոր մարդկանց հետ, ովքեր պահում են պատուիրանները քո։
64Երկիրը լցուել է Տիրոջ ողորմութեամբ, սովորեցրո՛ւ ինձ արդարադատութիւնը քո։
65Քաղցրութեամբ վարուեցիր ծառայիդ հետ, Տէ՛ր, քո խօսքի համաձայն։
66Քաղցրութիւն, խրատ եւ գիտութիւն սովորեցրո՛ւ ինձ, քանզի հաւատացի քո պատուիրաններին։
67Քանի դեռ չէի խեղճացել՝ մեղանչում էի, դրա համար խստօրէն հետեւեցի քո խօսքերին։
68Քաղցր ես դու, Տէ՛ր, եւ քո քաղցրութեամբ քո արդարադատութիւնը սովորեցրո՛ւ ինձ։
69Ամբարտաւանների անիրաւութիւններն իմ դէմ շատացան, բայց ես ամբողջ սրտովս քո պատուիրանները քննեցի։
70Կաթի պէս թանձրացաւ սիրտը նրանց, բայց ես քո օրէնքներով խօսեցի։
71Լաւ է, որ դու խոնարհ դարձրիր ինձ, որպէսզի քո արդարադատութիւնը սովորեմ։
72Քո բերանից ելած օրէնքն ինձ համար աւելին է, քան հազարներով արծաթ ու ոսկի։
73Քո ձեռքերն արարեցին ու ստեղծեցին ինձ, ինձ իմաստո՛ւն դարձրու, որ սովորեմ պատուիրանները քո։
74Քեզնից երկիւղ կրողները պիտի տեսնեն ինձ եւ ուրախանան, քանզի յոյսս դրի քո խօսքերի վրայ։
75Հասկացայ, Տէ՛ր, որ քո դատաստանն արդար է, եւ իրաւացիօրէն խոնարհ դարձրիր ինձ։
76Ողորմութիւնդ թող ինձ մխիթարութիւն լինի՝ ծառայիդ տրուած խօսքիդ համաձայն։
77Գթութիւններդ թող ինձ վրայ գան, որպէսզի փրկուեմ, քանզի քո օրէնքներն են իմ խօսքերը։
78Ամբարտաւանները պիտի ամաչեն, որ իզուր անիրաւութիւն գործեցին իմ դէմ, իսկ ես քո պատուիրանների մասին պիտի խորհեմ։
79Թող ինձ խրատեն քեզնից երկիւղ կրողները եւ քո վկայութիւնները ճանաչողները։
80Թող սիրտս անբիծ լինի քո արդարութեան մէջ, որպէսզի չամաչեմ։
81Հոգիս կարօտեց քո փրկութեանը, քանզի յոյսս դրի քո խօսքի վրայ։
82Աչքերս սպասեցին քո խօսքին, ասացի՝ «Ե՞րբ պիտի մխիթարես ինձ»։
83Եղայ ես ինչպէս տիկը սառնամանիքում, քանի որ քո արդարադատութիւնը չմոռացայ։
84Որքա՞ն են քո ծառայի օրերը, ե՞րբ պիտի տեսնես դատաստանն ինձ հալածողների։
85Անօրէններն ինձ խորհուրդներ տուին, բայց ոչ քո օրէնքի համեմատ։
86Քո բոլոր պատուիրանները ճշմարիտ են, իզուր ինձ հալածեցին, օգնի՛ր ինձ։
87Մի փոքր եւս՝ եւ նրանք կորստեան կը մատնէին ինձ երկրի երեսին, բայց ես չլքեցի քո պատուիրանները։
88Քո ողորմութեամբ կեանք տուր ինձ, եւ ես կը պահպանեմ քո բերանի վկայութիւնները։
89Քո խօսքը, Տէ՛ր, յաւիտեան երկնքում է։
90Սերնդից սերունդ մնում է քո ճշմարտութիւնը, դու հաստատեցիր երկիրը, որ կայ։
91Քո հրամանին է սպասում ցերեկը, քանզի բոլորը քո ծառաներն են։
92Եթէ քո օրէնքն իմ խօսքը չլինէր, վաղուց ես կործանուած կը լինէի իմ թշուառութեան մէջ։
93Յաւիտեան չպիտի մոռանամ քո արդարութիւնները, քանզի դրանցո՛վ ինձ պահպանեցիր։
94Քոնն եմ ես՝ փրկի՛ր ինձ, քանզի արդարադատութիւնդ փնտռեցի։
95Մեղաւորները հետամտեցին, որ կործանեն ինձ, քանզի մտքումս քո վկայութիւնները դրի։
96Ամէն կատարելութեան վախճանը տեսայ, քո պատուիրանները խիստ ընդարձակ էին ինձ համար։
97Որքա՜ն սիրեցի օրէնքները քո, նրանք գիշեր-ցերեկ իմ խոհերն էին։
98Թշնամիներիցս աւելի խելացի դարձրիր ինձ քո պատուիրաններով, քանզի նրանք իմն էին միշտ։
99Բոլոր ուսուցիչներիցս աւելի իմաստուն եղայ, քանզի քո վկայութիւններն իմ խոհերն էին։
100Ծերունիներից աւելի իմաստուն դարձայ, քանզի քո պատուիրանները քննեցի։
101Ոտքերս ետ պահեցի չարիքի բոլոր ճանապարհներից, որպէսզի պահեմ քո խօսքերը։
102Քո իրաւունքից չխոտորուեցի, քանզի դու ինձ օրէնսգէտ դարձրիր։
103Որքա՜ն քաղցր են քո խօսքերն իմ քիմքին՝ աւելի քաղցր, քան մեղրն իմ բերանին։
104Քո պատուիրաններով իմաստնանալով՝ ատեցի չարիքի բոլոր ճանապարհները, քանզի դու ինձ օրէնսգէտ դարձրիր։
105Քո խօսքը ճրագ է իմ ոտքերի համար, եւ լուսաւորում է իմ շաւիղները։
106Երդուեցի ու որոշեցի, որ պիտի պահեմ քո բոլոր արդար դատաստանները։
107Սաստիկ թշուառ եղայ. Տէ՛ր, կեա՛նք տուր ինձ ըստ քո խոստման։
108Բարեհաճի՛ր ընդունել ընծան իմ բերանի, Տէ՛ր, եւ քո իրաւունքն ինձ սովորեցրո՛ւ։
109Հոգիս ամէն ժամ քո ձեռքում է, եւ ես քո օրէնքը չմոռացայ։
110Մեղաւորները որոգայթ լարեցին իմ դէմ, ես քո պատուիրաններից չխոտորուեցի։
111Յաւիտեան ժառանգեցի քո վկայութիւնները, քանզի նրանք իմ սրտի ցնծութիւնն են։
112Սիրտս առյաւէտ խոնարհեցրի, որ հատուցման համար քո օրէնքները կատարեմ։
113Ատեցի անօրէններին,եւ քո օրէնքը սիրեցի։
114Օգնականն ու փրկիչն իմ դու ես, եւ ես յոյսս դրի քո խօսքի վրայ։
115Հեռացէ՛ք ինձնից, չարագործնե՛ր, որ ես իմ Աստծու պատուիրանները քննեմ։
116Օգնի՛ր ինձ ըստ քո խօսքի ու պահպանի՛ր ինձ, եւ իմ յոյսի մէջ ինձ մի՛ ամաչեցրու։
117Օգնի՛ր ու փրկի՛իր ինձ, որ շարունակ քո դատաստանի մասին մտածեմ։
118Անարգեցիր բոլոր նրանց, ովքեր ընդվզեցին քո արդարադատութեան դէմ, քանզի անիրաւ էին նրանց խորհուրդները։
119Յանցաւոր համարեցի աշխարհի բոլոր մեղսագործներին, դրա համար սիրեցի պատուիրանները քո։
120Մարմինն իմ գամի՛ր քո երկիւղին, քանզի սաստիկ վախեցայ քո դատաստաններից։
121Դատաստան եւ արդարութիւն գործեցի, ինձ մի՛ մատնիր ինձ նեղողների ձեռքը։
122Ծառայիդ բարութեա՛մբ ընդունիր, որ ամբարտաւանները չչարչարեն ինձ։
123Աչքերն իմ սպասեցին քո շնորհելիք փրկութեանը, Տէ՛ր,եւ քո արդարութեան խօսքին։
124Ծառայիդ հետ վարուի՛ր քո ողորմութեան համեմատ, քո արդարադատութիւնն ինձ սովորեցրո՛ւ։
125Ես քո ծառան եմ, ինձ իմաստո՛ւն դարձրու, որ ճանաչեմ քո վկայութիւնները։
126Ժամն է, որ Տէրը վեր կենայ,քանզի խափանեցին քո օրէնքը։
127Յիրաւի, սիրեցի քո պատուիրաններըոսկուց ու տպազիոնից աւելի։
128Քո բոլոր պատուիրաններն ինձ յաջողութիւն բերին, քանզի ատեցի ճանապարհը չարիքի։
129Սքանչելի են քո վկայութիւնները, դրա համար հոգիս սիրեց դրանք։
130Քո խօսքերի յայտնութիւնը լուսաւորում եւ իմաստնացնում է պարզամիտներին։
131Բերանս բացեցի ու շունչ առայ, հոգիս փափագեց պատուիրանները քո։
132Նայիր ի՛նձ եւ ողորմի՛ր ինձ քո անունը սիրողների իրաւունքի համեմատ։
133Ճանապարհն իմ ուղղի՛ր քո խօսքի համաձայն, որ զանազան մեղքեր չտիրեն ինձ։
134Փրկի՛ր ինձ մարդկանց զրպարտութիւնից, եւ ես քո պատուիրանները կը պահեմ։
135Երեսդ ցո՛յց տուր քո ծառային,եւ քո արդարադատութիւնը սովորեցրո՛ւ ինձ։
136Ջրերի վտակներ իջան իմ աչքերից, քանզի մարդիկ չհետեւեցին քո օրէնքներին։
137Արդար ես դու, Տէ՛ր, եւ շիտակ են քո դատաստանները։
138Դու պատուիրեցիր քո վկայութիւնները, որոնք արդարեւ շատ ճշմարիտ են։
139Նախանձախնդրութիւնը քո հանդէպ մաշեց ինձ, քանզի թշնամիներն իմ մոռացան խօսքերը քո։
140Խիստ ընտիր են խօսքերը քո, եւ քո ծառան սիրեց դրանք։
141Մանուկ եմ ես եւ արհամարհուած, բայց քո արդարութիւնը չմոռացայ։
142Քո արդարութիւնը յաւերժական արդարութիւն է, եւ քո օրէնքը՝ ճշմարիտ։
143Նեղութիւնն ու վիշտն ինձ պատեցին, բայց քո պատուիրաններն իմ խօսքերն եղան։
144Քո վկայութիւններն արդար են յաւիտեան, իմաստո՛ւն դարձրու եւ պահպանի՛ր ինձ։
145Ամբողջ սրտովս քեզ ձայն տուի, լսի՛ր ինձ, Տէ՛ր, քանզի քո արդարութիւնը փնտռեցի։
146Աղաղակեցի քո առջեւ՝ փրկի՛ր ինձ, եւ ես քո վկայութիւնները կը պահեմ։
147Ես վաղ առաւօտեան արթնացայ ու աղաղակեցիեւ իմ յոյսը դրի քո խօսքերի վրայ։
148Առաւօտից շուտ բացուեցին աչքերն իմ, որ քո խօսքերն արտասանեմ։
149Լսի՛ր իմ ձայնը, Տէ՛ր, ըստ քո ողորմութեան. Տէ՛ր, քո դատաստանով փրկի՛ր ինձ։
150Հալածիչներս անօրէնութիւնը մօտեցրին ինձ, քանզի նրանք հեռու եղան քո օրէնքից։
151Մօտ ես դու, Տէ՛ր, եւ քո բոլոր պատուիրանները ճշմարիտ են։
152Սկզբից եւեթ ճանաչեցի քո վկայութիւնները, որոնք դու յաւիտեա՛ն հաստատեցիր։
153Տե՛ս իմ թշուառութիւնը եւ փրկի՛ր ինձ, քանզի քո օրէնքը ես չմոռացայ։
154Տե՛ս իմ դատաստանը եւ ազատի՛ր ինձ,ու քո խօսքի համաձայն պահպանի՛ր ինձ։
155Փրկութիւնը հեռու է մեղաւորներից, քանզի նրանք քո օրէնքները չպահեցին։
156Քո գթութիւնները շատ են, Տէ՛ր, եւ քո դատաստանի համաձայն պահպանի՛ր ինձ։
157Բազմաթիւ եղան իմ հալածիչներն ու ինձ նեղողները, բայց քո վկայութիւններից ես չխոտորուեցի։
158Մաշւում էի նայելով անողորմներին, քանզի քո պատուիրանները չպահեցին նրանք։
159Տե՛ս, թէ որքա՜ն սիրեցի քո պատուիրանները.Տէ՛ր, քո ողորմութեամբ կեա՛նք տուր ինձ։
160Քո խօսքի սկիզբը ճշմարտութիւնն է, յաւերժ են քո բոլոր արդար դատաստանները։
161Իշխաններն իզուր հալածեցին ինձ.սիրտս միայն քո խօսքերից սարսափեց։
162Ես ցնծացի քո խօսքերով ինչպէս մէկը, որ մեծ աւար է գտնում։
163Ատեցի ու արհամարհեցի մեղքը, եւ քո օրէնքը սիրեցի։
164Օրուայ մէջ եօթն անգամ քեզ պիտի օրհնեմ քո արդար դատաստանի համար։
165Քո օրէնքը սիրողները մեծ խաղաղութեան մէջ են, եւ նրանց համար չկայ գայթակղութիւն։
166Սպասեցի քո փրկութեանը, Տէ՛ր, եւ քո պատուիրանները սիրեցի։
167Հոգիս պահեց քո վկայութիւնները, եւ ես շատ սիրեցի դրանք։
168Հետեւեցի քո պատուիրաններին եւ վկայութիւններին, քանզի իմ բոլոր ուղիներն առջեւդ են։
169Իմ խնդրանքները թող մօտենան քեզ, Տէ՛ր, քո խօսքի համաձայն իմաստո՛ւն դարձրու ինձ։
170Իմ աղօթքը թող հասնի քեզ, Տէ՛ր, եւ քո խօսքով փրկի՛ր ինձ։
171Իմ շրթունքները քեզ օրհնութիւն կը բխեցնեն, երբ ինձ սովորեցնես քո արդարադատութիւնը։
172Իմ լեզուն քո խօսքերը կ՚արտասանի, քանզի քո բոլոր պատուիրաններն արդար են։
173Քո ձեռքն իմ պահապանը թող լինի, քանզի քո պատուիրաններն ընտրեցի։
174Քո շնորհելիք փրկութիւնը ցանկացայ, Տէ՛ր, եւ քո օրէնքներն իմ խօսքերն եղան։
175Թող ես ապրեմ,որ օրհնեմ քեզ, եւ քո արդարադատութիւնն ինձ թող օգնի։
176Մոլորուեցի կորուսեալ ոչխարի պէս, փնտռի՛ր ծառայիդ, քանզի պատուիրաններդ չեմ մոռացել։