1Գոհութի՛ւն մատուցեցէք Տիրոջը, քանզի բարի է նա, քանզի յաւերժ է ողորմութիւնը նրա։
2Տունն Իսրայէլի թող ասի, որ բարի է նա, որ յաւերժ է ողորմութիւնը նրա։
3Տունն Ահարոնի թող ասի, որ բարի է նա, որ յաւերժ է ողորմութիւնը նրա։
4Տիրոջից երկիւղ կրողները թող ասեն, որ բարի է նա,որ յաւերժ է ողորմութիւնը նրա։
5Նեղութեան ժամանակ ես Տիրոջը կանչեցի, նա լսեց ինձ եւ հանդարտութեան առաջնորդեց։
6Տէրն օգնականն է իմ, եւ ես չեմ երկնչի. մարդն ինձ ի՞նչ կարող է անել։
7Տէրն օգնականն է իմ, եւ ես կը տեսնեմ վախճանն իմ թշնամիների։
8Լաւ է յոյսը դնել Տիրոջ վրայ, քան յոյսը դնել մարդկանց վրայ։
9Լաւ է յոյսը դնել Տիրոջ վրայ, քան յոյսը դնել իշխանների վրայ։
10Բոլոր ազգերը շրջապատեցին ինձ, բայց Տիրոջ անուամբ յաղթեցի նրանց։
11Շուրջբոլորս բռնեցին, միահամուռ պաշարեցին ինձ, բայց Տիրոջ անուամբ վանեցի նրանց։
12Մեղուների պէս շուրջս լցուեցին, վառուեցին բորբոքուեցին ինչպէս հրաճարակ փուշ, բայց Տիրոջ անուամբ վանեցի նրանց։
13Երբ ինձ հրեցին, ես սասանուեցի եւ մօտ էի գլորուելու, բայց Տէրը բռնեց ինձ։
14Իմ զօրութիւնն ու օգնութիւնն է Տէրը, նա իմ փրկութիւնը եղաւ։
15Ցնծութեան եւ փրկութեան ձայն կայ արդարների սրահներում։
16Տիրոջ աջը զօրութիւն գործեց, Տիրոջ աջը բարձրացրեց ինձ,եւ Տիրոջ աջը զօրութիւն գործեց։
17Չպիտի մեռնեմ, այլ պիտի ապրեմեւ Տիրոջ գործերը պիտի պատմեմ։
18Տէրն ինձ խրատելով պատժեց, բայց չմատնեց մահուան։
19Բացէ՛ք արդարութեան դռներն իմ առաջ, որ մտնեմ ներս ու Տիրոջը գոհութիւն մատուցեմ։
20Տիրոջ դուռն է սա, եւ արդարները այս դռնո՛վ պիտի մտնեն։
21Գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր, քանզի լսեցիր ինձ,եւ ինձ համար փրկութիւն եղար։
22Քարն այն, որ շինարարներն արհամարհեցին,ա՛յն դարձաւ անկիւնաքար։
23Տիրոջից եղաւ այս բանը, եւ սքանչելի է մեր աչքերին։
24Սա է օրն այն, որ Տէրն ստեղծեց.եկէ՛ք ցնծանք եւ ուրախանանք այսօր։
25Ո՛վ Տէր, փրկի՛ր, ո՛վ Տէր, առաջնորդի՛ր։
26Օրհնեալ ես դու, որ պիտի գաս Տիրոջ անունով, մենք օրհնեցինք քեզ Տիրոջ տնից։
27Մե՛ր Տէր Աստուածը երեւաց մեզ, կատարեցէ՛ք տօնն ուրախութեան մատղաշ ճիւղերով՝մուտքից մինչեւ անկիւնները սեղանի։
28Դու իմ Աստուածն ես, պիտի գոհութիւն մատուցեմ քեզ, դու իմ Աստուածն ես, պիտի մեծարեմ քեզ։ Գոհութիւն պիտի մատուցեմ քեզ,
29Գոհութիւն մատուցենք Տիրոջը, քանզի բարի է նա, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը նրա։