1Բորոտի աղօթքը, երբ նա իր անձկութեան մէջ Տիրոջ առաջ դրեց իր խնդրանքները
2Տէ՛ր, լսի՛ր իմ աղօթքը, աղաղակս թող հասնի քեզ։
3Մի՛ շրջիր երեսդ ինձնից, նեղութեանս օրը ի՛նձ մօտեցրու ականջը քո. երբ ձայն տամ քեզ՝ իսկոյն լսի՛ր ինձ։
4Ծխի պէս սպառուեցին օրերն իմ, եւ ոսկորներս չորացան ինչպէս խռիւ։
5Սիրտս խոցուեց եւ ցամաքեց խոտի պէս, հեծութեանս ձայնից հաց ուտելս մոռացայ։
6Ոսկորս մարմնիս կպաւ, եւ նմանուեցի անապատի հաւալուսնին։
7Եղայ ինչպէս բու աւերակներում, տքնեցի ու դարձայ ինչպէս մենաւոր ճնճղուկ տանիքում։
8Թշնամիներս ամէն օր նախատեցին ինձ, եւ ինձ գովողներն ինձնով երդուեցին։
9Մոխիր կերայ հացի տեղ,եւ ըմպելիքս արտասուքով խառնեցի
10քո բարկութեան ու զայրոյթի պատճառով, քանզի դու ինձ բարձրացրիր եւ վայր գցեցիր։
11Օրերս անցան ստուերի պէս, եւ ես ցամաքեցի ինչպէս խոտ։
12Դու, Տէ՛ր, յաւերժ ես, եւ սերնդից սերունդ է յիշատակը քո։
13Դու պիտի ելնես, որ գթաս Սիոնին.ժամանակն է գթալու նրան, հասել է ժամը։
14Ծառաներդ նրա քարերը հաւանեցին,ու գթացին նրա հողին։
15Հեթանոսները պիտի սոսկան քո անունից, եւ երկրի բոլոր թագաւորները՝ քո փառքից։
16Տէրը պիտի Սիոնը վերաշինի, եւ իր փառքով երեւայ այնտեղ։
17Ուշ դարձրեց նա խեղճերի աղօթքին,եւ չարհամարհեց խնդրանքը նրանց։
18Սա պիտի գրուի այլ սերնդի համար, որպէս ժառանգութիւն ստացած նրա ժողովուրդը պիտի օրհնի Տիրոջը։
19Նայեց նա իր սրբութեան բարձրութիւնից, Տէրն երկնքից երկիր նայեց՝
20բանտարկեալների հառաչանքը լսելու եւ մահապարտների որդիներին ազատ արձակելու համար,
21որ Սիոնում պատմեն անունը Տիրոջ,եւ Երուսաղէմում՝ գովքը նրա,
22որ ժողովուրդներն իրար մօտ հաւաքուեն, եւ թագաւորները Տիրոջը ծառայեն։
23Նա պատասխանեց նրան իր հզօրութեան ճանապարհին. «Ասա՛ ինձ սակաւութիւնն իմ օրերի,
24եւ ինձ մի՛ վերցրու օրերիս կէսին, քանզի յաւերժ են տարիները քո։
25Ի սկզբանէ, Տէ՛ր, երկրի հիմքերն հաստատեցիր, եւ երկինքն էլ գործն է քո ձեռքերի։
26Կ՚անցնեն դրանք, բայց դու կաս եւ կը մնաս յաւիտեան. ամէն ինչ ձորձի պէս կը մաշուի, դու վերարկուի պէս կը փոխես դրանք,
27Բայց դու նոյնը կը մնաս, եւ քո տարիները չեն անցնի։
28Քո ծառաների որդիները կը բնակուեն այնտեղ, եւ նրանց սերնդին յաւիտեան յաջողութիւնը կ՚ուղեկցի։