1«Փորձութիւն չէ՞ միթէ երկրի վրայ կեանքն մարդու. վարձկանի օրական վարձը չէ՞ կեանքը իր։
2Ինչպէս որ ծառան է վախենում տիրոջից ու պահւում ստուերում, կամ ինչպէս վարձկանն է սպասում իր վարձին, -
3այնպէս էլ ես զուր եմ սպասել ամիսներ։ Ցաւագին գիշերներ են բաժին ընկել ինձ.
4թէ քնեմ՝ ասում եմ. «Ե՞րբ պիտի բացուի լոյս», արթնանամ՝ դարձեալ թէ՝ «Ե՞րբ կը լինի երեկոյ»։ Ցաւով եմ լեցուն ես
5Ծածկուած է մարմինս զազրելի որդերով. խեցեր եմ մաշել ես թարախոտ վէրքերն իմ քերելու։
6Եւ կեանքս խօսքից էլ թեթեւ է. կորել է նա ունայն յոյսերում։
7Յիշի՛ր, որ քամի է կեանքը իմ. աչքերս է՛լ չեն տեսնի բարի բան.
8չեն նայի այլեւս ինձ աչքերն տեսնողի։ Աչքերդ ինձ վրայ ես յառում. այլեւս չեմ լինի՝ երկնքից ջնջուած ամպի պէս։
9Զի եթէ իջնի մարդ գերեզման,
10չի ելնի այլեւս, չի դառնայ՝ իր տունը. իր տեղն էլ նրան չի ճանաչի։
11Այսուհետ չպիտի զսպեմ ես բերանս. պիտ խօսեմ, քանի դեռ վիշտ ունեմ, տագնապով պիտ բացեմ դառնութիւնն իմ հոգու։
12Ծո՞վ եմ ես, թէ՞ կէտ ձուկ, որ շուրջս պահակ ես դու կարգել։
13Ասացի՝ ամոքեն պիտի ինձ մահիճներս. եւ ինքս պիտ քննեմ անկողնում իմ բոլոր գործերը։
14Երազով վախեցնում, տեսիլքով հարուածում ես դու ինձ։
15Իմ հոգին հանում ես դու ինձնից, մարմնիցս՝ շունչը իմ, մահուանից՝ կեանքը իմ։
16Քանի որ յաւիտեան չեմ ապրի, թող որ ես համբերող միշտ լինեմ։ Հեռո՛ւ կաց դու ինձնից, քանի որ իզուր է կեանքը իմ։
17Եւ ի՞նչ է մարդը, որ դու այդքան մեծարել ես նրան, կամ էլ՝ որ միտքդ ես սեւեռում իր վրայ,
18կամ էլ՝ որ քննում ես նրան մինչ առաւօտ, հանգստի ժամերին, փորձում միշտ։
19Մինչեւ ե՞րբ դու ինձ չես թողնելու, արձակելու չես ինձ, մինչեւ որ ցաւերով կուլ տամ ես լորձունքս։
20Թէ ես մեղք գործեցի՝ ի՞նչ կարող եմ անել քեզ, որ միտքն ես մարդկանց քննում միշտ։ Ինչո՞ւ ես ինձ դարձրել քեզ ոսոխ, որ
21Ինչո՞ւ չես ներել դու յանցանքներս, չես թողել մեղքերն իմ։ Եւ ահա երկիր եմ դառնում ես շատ կանուխ. այլեւս չեմ լինի»։