1Արդ, կանչի՛ր, եթէ մէկը քեզ ձայն է տալու, կամ եթէ տեսնելու ես սուրբ հրեշտակներից որեւէ մէկին։
2Յիրաւի, բարկութիւնն անզգամին սպանում է,մոլորեալին մեռցնում։
3Ես տեսել եմ ահա անզգամներին արմատ գցելիս, բայց իսկոյն խորտակուել են տները նրանց։
4Հեռու լինեն թող նրանց զաւակները փրկութիւնից, եւ խղճուկ քարշ գան թող վատթարների դռներին. բայց ոչ ոք չի գտնուելու, որ
5Ինչ որ նրանք ժողովել են՝ արդարներն են ուտելու, իսկ իրենք չեն ազատուելու պատուհասներից. քամուելու է զօրութիւնը
6Արդարեւ, հողից չէ որ ելնում է տառապանքը, ոչ էլ լեռներից են բուսնում ցաւերը։
7Այլ մարդը տանջանքով է ծնւում. արծիւների ձագերը բարձունքներում են ճախրում։
8Սակայն ես Տիրոջից եմ խնդրելու, Տիրոջը՝ բոլորի իշխանին եմ ձայն տալու,
9որ կատարում է մեծ ու անքննելի, փառաւոր ու հրաշակերտ գործեր, որոնք թիւ ու համար չունեն,
10որ տալիս է անձրեւ՝ երկրի վրայ, ուղարկում ջրեր՝ երկնքի ներքոյ,
11որ բարձրացնում է խոնարհներին եւ ոտքի է կանգնեցնում կորուսեալներին,
12որ փոխում է մտադրութիւնները խորամանկների, որոնց ձեռքերը ճշմարիտ գործեր չեն կատարում,
13որ վրայ է հասնում իմաստուններին՝ հանճարով, ջախջախում մտադրութիւնները բազմադաւների։
14Ցերեկը խաւարն է նրանց վրայ հասնելու, իսկ կէսօրին խարխափելու են ինչպէս գիշեր ժամանակ։
15Պատերազմով են ոչնչանալու, եւ աղքատն ազատուելու է հզօրի ձեռքից։
16Յոյս է ունենալու տկարը, եւ փակուելու է անիրաւի բերանը։
17Երանելի է այն մարդը, որին Տէրն ուղղում է երկրի վրայ. ուստի, Յո՛բ, չհրաժարուես Ամենակալի խրատից։
18Տէրն է, որ ցաւ է պատճառում, բայց յետոյ նորից ամոքում, խփում է, բայց նրա ձեռքն է բժշկում։
19Վեց անգամ փրկելու է քեզ վշտերից, իսկ եօթներորդին չարը քեզ չի մօտենալու։
20Սովի ժամանակ քեզ մահից է փրկելու, պատերազմի ժամանակ կապանքներից է ազատելու քեզ։
21Պահելու է քեզ լեզուի հասցրած տառապանքներից, ու չես սարսափելու քեզ վրայ եկած չարիքներից։
22Արհամարհելու ես անիրաւներին ու անօրէններին եւ երկիւղ չես կրելու վայրի գազաններից,
23որովհետեւ դաշտի քարերի հետ ես դաշինք կնքելու, վայրի գազանների հետ խաղաղութեան մէջ ես լինելու։
24Ապա իմանալու ես, որ խաղաղութիւն կայ քո տան մէջ, եւ քո յարկի տակ բան չի պակասելու։
25Իմանալու ես, որ բազում են քո սերունդները, եւ քո որդիները դաշտի խոտի պէս են լինելու։
26Գերեզման ես իջնելու ժամանակին հնձուած հասուն ցորենի պէս, կամ ինչպէս ժամանակին մէկտեղուած կալի շեղջը։
27Ահա սա այսպէս քննեցինք, սա է, ինչ որ լսեցինք. բայց դու ինքդ իմացիր, թէ ի՛նչ ես արել»։