Job 3AE1994

1Ապա Յոբը դժուարութեամբ բաց արեց բերանը, անիծեց իր ծնուած օրը,

2խօսեց ու ասաց.

3«Կորչի թող օրն այն, երբ ես ծնուեցի, ու գիշերն էլ, երբ ասացին ինձ, թէ՝արու մի զաւակ է սաղմնաւորուել։

4Խաւար թող դառնայ այն գիշերը, եւ Տէրը վերեւից չփնտռի թող այն։

5Նրա վրայ է՛լ լոյսը չծագի. թող պատեն խաւարն, ստուերները մահուան, ու մէգը իջնի թող նրա վրայ։

6Անիծեալ լինի այն օրն, գիշերն էլ. խաւարը տանի։ Չլինի թող այն՝ տարուայ օրերում, ու չթուարկուի նաեւ օրերում այն

7Այլ գիշերը այն լինի ցաւերում, եւ թող չայցելեն նրան խնդութիւն, ոչ էլ ցնծութիւն։

8Նզովի թող նա, ով պիտ անիծի օրն այն, ով ձեռքն իր գցի վիշապին։

9Խաւարեն թող այն աստղերն գիշերուայ. գիշերն սպասի, բայց լոյս չգայ թող, ու չտեսնի թող երբեք ծագելը վառ արուսեակի.

10քանզի չփակեց իմ մօր արգանդի դռները, որով գուցէ եւ վանէր ցաւերն իմ աչքից։

11Ինչո՞ւ չմեռայ ես էլ արգանդում, դուրս եկայ այսպէս եւ տեղնուտեղը չչքացայ գէթ։

12Ինչո՞ւ ծնուեցի, ինչո՞ւ ծծեցի ստինքներն իմ մօր։

13Մինչ հիմա հանգչած ես կը լինէի,

14կը ննջէի ու կը հանգչէի ես արքաների հետ, երկրի իմաստնոց, որ յոխորտում են սրերով իրենց,

15կամ իշխանների, որ բազում ոսկի ունեն եւ որոնք լցրել են իրենց տներն արծաթով,

16կամ ինչպէս վիժուածք, որ դուրս է ընկնում արգանդից իր մօր, կամ զերթ մանուկներ, որոնք որ լոյսը չտեսան երբեք։

17Այնտեղ են հիմա ամբարիշտները, որ բորբոքեցին զայրոյթը Տիրոջ։ Այնտեղ հանգչեցին մարմնով տանջուածներ,

18անցեալի մարդիկ, որ չեն լսում էլ ձայնն հարկահանի։

19Այնտեղ են փոքրն ու մեծը միասին, նոյնպէս եւ ծառան, որ չունի երբեքտիրոջից երկիւղ։

20Ինչո՞ւ է տրւում լոյսը այն անձանց, որ դառնացած են, կեանքը՝ ցաւագնած այն հոգիներին,

21որ մահ են տենչում՝ չեն հասնում դրան, փորում են, ինչպէս գանձ կը փորէին, կ՚ուրախանային, թէ մահ գտնէին։

22Մահն մարդու համար հանգիստ է,

23սակայն ճամփան դէպի այն ծածկուեց նրանից. փակեց նրա շուրջը ինքը Աստուած։

24Կերակրից առաջ՝ հեծութիւնն հասաւ. արցունքներով ու ահով եմ ընկճուած,

25քանզի ինչ բանի երկիւղն ունէի՝ հասաւ ինձ վրայ. ինչից որ վախ կար՝ հէնց ի՛նձ պատահեց։

26Չխաղաղուեցի, դադար չառայ ես, ոչ էլ հանգչեցի, քանի որ վրաս բարկութիւնն իջաւ»։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Job 3.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.