1Եղիփազ Թեմնացին նորից խօսեց ու ասաց.
2«Չէ՞ որ Տէրն է, որ ուսուցանում է իմաստութիւն եւ գիտութիւն։
3Արդ, Տիրոջն ի՞նչ փոյթ, թէ դու անարատ ես քո գործերով, կամ ի՞նչ օգուտ, որ դու ուղղես վարքդ։
4Կամ բանի տեղ դնելով՝ կը յանդիմանի՞ քեզ, քեզ հետ դատաստանի՞ կը նստի։
5Չէ՞ որ քո չար արարքները բազմաթիւ են, մեղքերդ՝ անթիւ։
6Առանց պատճառի քո եղբայրներին գրաւ ես վերցրել, մերկերի զգեստները յափշտակել։
7Ծարաւածներին ջուր չես խմեցրել, նաեւ քաղցածների հացը կտրել։
8Ոմանց աչքի տակ ես առել ու նրանց բնակեցրել երկրի վրայ։
9Այրիներին ձեռնունայն ես արձակել եւ որբերին չարչարել։
10Հիմա քո շուրջը որոգայթներ են դրուած, եւ սաստիկ պատերազմն է քեզ տագնապի մէջ գցել։
11Լոյսդ քեզ խաւար թուաց. քնի մէջ քեզ ջրերը ծածկեցին։
12Միթէ Նա, ով բարձունքում է ու նայում է՝ չի՞ տեսնելու. նա չէ՞ր, որ ահա ամբարտաւանութեամբ զգեստաւորուածներին
13Եւ ասացիր. «Ի՞նչ գիտէ Հզօրը», կամ թէ՝ «Ամպի մէ՞ջ է դատ անելու»։
14Ամպն է նրա ծածկոյթը, ու երբ շրջում է նա երկնի ծիրի մէջ, ոչինչ տեսանելի չէ։
15Չե՞ս պահելու այն յաւիտենական շաւիղները, որոնց վրայ կոխեցին տարաժամ յափշտակուած արդար այրերը։
16Նրանց հիմքերը յորդաբուխ գետ են։
17Նրանք ասում էին. «Տէրը մեզ ի՞նչ կ՚անի», կամ՝ «Ամենակալն ի՞նչ կը թափի մեր գլխին»։
18Նա սրանց տները բարիքներով լցրեց։ Բայց ամբարիշտների մտադրութիւնը հեռու է նրանից։
19Արդարները տեսան ամբարիշտների կործանումը ու ծիծաղեցին. անարատն էլ տեսաւ ու արհամարհեց՝ ասելով.
20«Արդարեւ, նա չքանդե՞ց դրանց նեցուկը։ Դրանց ունեցուածքների մնացորդները հուրն է ճարակելու»։
21Բայց եկ խստակեա՛ց եղիր, թէ կարող ես համբերել. եւ քո պտուղը կը փարթամանայ։
22Ուսմո՛ւնք ընդունիր նրա բերանից, նրա խօսքերը սրտիդ մէ՛ջ վերցրու։
23Եւ եթէ դարձի գաս ու քո անձը խոնարհեցնես Տիրոջ առաջ, անիրաւութիւնը հեռացրած կը լինես քո յարկից։
24Կը բազմես ամուր վէմի վրայ, ինչպէս Սոփերի ձորի ժայռի վրայ։
25Եւ Ամենակալը քեզ օգնական կը լինի թշնամիներիդ դէմ ու յայտնապէս կը վարձատրի քեզ, ինչպէս զտած արծաթ։
26Ապա համարձակ կը կանգնես Տիրոջ առաջ ու զուարթ կը նայես դէպի երկինք։
27Երբ նրան աղերսես՝ կը լսի քեզ ու կատարել կը տայ քեզ՝ քո ուխտը։
28Քեզ կը վերադարձնի արդար բնակարանդ։ Քո ճանապարհներին լոյս կը լինի,
29որովհետեւ ինքդ քեզ խոնարհ պահած կը լինես ու կ՚ասես, թէ ամբարտաւանութիւն ես արել։
30Կ՚ապրեցնի նրանց, ում աչքերը խոնարհ են. կը փրկի անարատին։ Քո մաքուր ձեռքերով կ՚ազատես քեզ»։