1Սոփար Մինեցին ասաց.
2«Ով շատ է խօսում, պարտաւոր է նոյն ձեւով էլ լսել. խօսողը կարո՞ղ է խօսքերով արդարանալ։
3Օրհնեալ է սակաւակեաց կանանց ծնունդը։ Շատ էլ մի՛ շաղակրատիր, որովհետեւ մէկը չկայ, որ քեզ պատասխան տայ։
4Մի՛ ասա՝ «Գործերովս մաքուր ու անարատ եմ Տիրոջ առաջ»։
5Այլ մտածի՛ր, թէ ինչպէ՛ս է Տէրը շրթունքները բաց անելու եւ հետդ խօսելու։
6Քեզ կը հասկացնի իմաստութեան զօրութիւնը, որ կը լինի կրկնակի, քան քոնը։ Ապա կ՚իմանաս, թէ ինչ որ գլխիդ բերել է Տէրը՝
7Կը գտնե՞ս Տիրոջ ճանապարհը, կամ վերահասու կը լինե՞ս այն դէպքերին, որ սահմանել է քեզ համար Ամենակալը։
8Բարձր է երկինքը. ի՞նչ կարող ես անել։ Խորն է դժոխքը. ի՞նչ կ՚իմանաս։
9Երկար են երկրի չափերը. լայն է ծովը։
10Եւ եթէ Աստուած կործանի այդ բոլորը, ո՞վ կ՚ասի նրան՝ այդ ի՞նչ արեցիր։
11Ինքը գիտէ անօրէնների գործերը. անարժան բաներ տեսնելով՝ անտես չի առնի։
12Դատարկաբան մարդը խօսքերի մէջ է թաքնւում։ Կնոջից ծնուած մարդը նման է անապատի վայրի էշի։
13Իսկ եթէ դու մաքուր ես պահել քո սիրտը՝ ձեռքդ մեկնի՛ր դէպի Աստուած։
14Եւ եթէ քո մէջ անօրէնութիւն կայ՝ հեռո՛ւ վանիր այն քեզանից, եւ անօրէնութիւնը քո յարկի տակ թող չիջեւանի։
15Եւ ահա քո դէմքը կը փայլի վճիտ ջրի պէս, կը մերկանաս աղտեղութիւնից ու երկիւղ չես կրի,
16կը մոռանաս նեղութիւններդ, ինչպէս անցած ալիքը, ու չես զարհուրի։
17Աղօթքդ քեզ համար արուսեակի պէս կը լինի. կէսօրին կը ծագի կեանքը քո, ու վստահ կը լինես, որ յոյս ունես. հոգսերի ու
18Անդորր կը գտնես, եւ ոչ ոք չի պատերազմի քեզ հետ։
19Շատերը շուռ կը գան ու քո հաճութիւնը կը փնտռեն. փրկութիւնը կը վրիպի նրանցից,
20որովհետեւ նրանց յոյսն իրենց իսկ կորուստն է։ Ամբարիշտների տեսողութիւնը կը սպառուի»։